Armenia TV-ի «Ընտրության ժամը» հաղորդաշարի հարցին ի պատասխան, որ իշխանությունն ասում է, որ սահմանադրական արգելք կա որպես վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի առաջադրման հետ կապված, հետևաբար, արդյո՞ք իրենց քաղաքական ուժը չի դիտարկել իր թեկնածության հարցը որպես արդեն ճանաչելի դարձած գործիչ և ՀՀ քաղաքացի, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Մենք հենց առաջին օրվանից նախանշել ենք, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Հայաստանի լավագույն սահմանադրագետներն են խոսել, թե ինչ ճանապարհով առաջին մի քանի օրվա, մի քանի շաբաթվա ընթացքում Սամվել Կարապետյանը կդառնա երկրի վարչապետ։
Սամվել Կարապետյանն է այս պահին պետք մեր երկրին, որովհետև տնտեսական առումներով մենք ունենք մեծ մարտահրավերներ։ Մեր երկրին բարեկեցություն բերելու առումով, իր կապերով, իր հնարավորություններով միայն նա կարող է այդ մեծ փոփոխությունը ապահովել։ Մասշտաբ է պետք այստեղ։ Կապեր, մասշտաբ, մեծ հնարավորություններ, որը նա կարող է բերել։ Եվ նա պատրաստ է։ Վերջապես գտնվել է հայ, որը պատրաստ է այս ամենն իր վրա վերցնել, իրապես որևէ անձնական շահ չհետապնդել և այդ ամբողջ բեռը իր վրա տանել։ Անգամ անցնել կալանքի միջով, բայց տանել այս բեռը, որովհետև մենք արդեն հոգնել ենք թույլ երկրի քաղաքացի լինելուց։ Փոփոխություն է պետք երկրում՝ մեծ շրջադարձ կատարելու համար։ Եվ այդ փոփոխությունը բերողը հայկական ամենամեծ կառուցի փորձն ունեցող մարդը կարող է լինել։ Ճակատագիրը բերել է այնպես, որ նա պատրաստ է։ Մնում է, որ մեր ժողովուրդը գա այդ մտքին, որ մեծ փոփոխությունը հնարավոր է»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































