Նիկոլ Փաշինյանը մարզեր կատարած այցերի ժամանակ թեեւ հայտարարում է, որ չի կարող նախընտրական այս փուլում խոստումներ տալ, բայց այդուհանդերձ արձանագրվում են դեպքեր, երբ կոնկրետ խոստումներ են տրվում մարդկանց։ Քաղաքացիները տարբեր հարցերով են դիմում Նիկոլ Փաշինյանին, որոշ դեպքերում նա խոստանում է լուծում տալ այս կամ այն հացին, հանձնարարականներ է տալիս իր ենթակա պաշտոնյաներին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր վերջին ասուլիսներից մեկում հրապարակել է ձայնագրություններ, որոնք, պատգամավորի խոսքով, ապացուցում են, թե ոնց է Նիկոլ Փաշինյանը, օրենքը խախտելով, մտել ընտրական գործընթացների մեջ։
Մասնավորապես, ձայնագրությունում կան դրվագներ, երբ Փաշինյանը հանձնարարական է տալիս՝ այս կամ այն քաղաքացու խնդիրը լուծելու համար։
«Ինձ լսիր, պարոն մարզպետ, Արման Սարգսյանին աշխատանք եք առաջարկում՝ նորմալ պայմաններով»,- մի դրվագում ասում է Փաշինյանը։ «Առաքելյան Հովհաննեսը հարց է բարձրացնում, խնդրում եմ, մի հատ զբաղվեք, ով որ նայում է տեսչական մարմնից»։ Մեկ այլ դրվագում Փաշինյանին դիմած քաղաքացին ասում է, որ դեղ է խնդրել, բայց մերժել են տրամադրել։ «Կուսակցության գրասենյակի միջոցով՝ Մանավազյանի միջոցով կփոխանցեք ինձ ձեր բողոքը»,- հորդորում է Փաշինյանը։ Նա նաեւ հայտարարում է․ «Պարոն Պետրոսյանի հետ խոսել եմ, ոնց որ գինը իջեցնելու են, 40 տոկոսով իջեցնում ենք գները»։
Կարդացեք նաև
«Էս մարդը վարչական ռեսուրսը չարաշահելով, փորձում է տոտալ վախի մթնոլորտ ստեղծել երկրում, այս մեխանիզմներով փորձում է վերարտադրվել»,- ասում է Գառնիկ Դանիելյանը։
«Առավոտը» «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպության անդամ Վարդինե Գրիգորյանին հարցրեց՝ հետեւո՞ւմ են կուսակցությունների գործունեությանն այս փուլում եւ մասնավորապես ինչպե՞ս են գնահատում իշխող ուժի ղեկավարի այս գործելաոճը։ Նա նշեց, որ այս փուլում քաղաքական ուժերն ազատ են քարոզչություն իրականացնելու հարցում։
«Այ, երբ որ պաշտոնական քարոզարշավը մեկնարկի, այդ ժամանակ ավելի խիստ են կարգավորումները։ Օրինակ՝ վարչական ռեսուրսի չարաշահման արգելքը գործում է հենց պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածում։ Բայց մենք ամեն դեպքում կարծում ենք, որ այս փուլում էլ չպետք է լինեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են ընկալվել որպես բարեգործություն կամ ինչ-որ ձեւով պաշտոնեական դիրքի չարաշահում։ Ամեն դեպքում, փաստացի քարոզչությունը չի արգելվում, բայց այդ ընթացքում պետք է պահպանեն այն, որ կուսակցության համար ու օգտին չեն կարող օգտագործվել պետական ռեսուրսներ, «Կուսակցությունների մասին» օրենքը եւս այդ արգելքն ունի։ Չնայած պետք է նշեմ, որ փաստացի այդ մասով սանկցիաներ չկան Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»,- ասաց Վարդինե Գրիգորյանը։
Մեր հարցին՝ ստացվում է անհավասար պայմաններ են՝ մյուս կուսակցությունների վերաբերյալ հնարավոր բարեգործության արգելքի դրվագներով կարող են քրեական գործեր հարուցվել, իսկ իշխող կուսակցության ղեկավարը կարող է մարդանց տարբեր խոստումներ տալ կամ որոշումներ ընդունել այս փուլում ու մնալ անպատիժ, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց․ «Խիստ օրենքը կարող է բոլորի համար գործել, եթե վերաբերում է բարեգործության արգելքին։ Մենք ունենք կարգավորումներ, եթե կուսակցության անունից է կամ կուսակցության անդամի կողմից է իրականացվում դա, տարբերակված չպետք է լինի։ Բայց եթե ինքն ի պաշտոնե է հանդես գալիս ու ինչ-որ հանձնարարություններ տալիս, այստեղ ստացվում է, որ, այո, տարբերակված մոտեցում է։
Մենք բավականին առաջարկություններ ենք ներկայացրել բյուջետային հատկացումների հետ կապված, որ կանխատեսելիություն պետք է լինի։ Օրինակ՝ ընտրությունների նշանակման պահից կամ ընտրություններից 3 ամիս առաջ ժամանակահատվածից պետք է արգելվեն բյուջետային այնպիսի փոփոխությունները, որոնք սոցիալական աջակցությանն են վերաբերում։ Այսինքն՝ չարվեն փոփոխություններ, որոնք կարող են ընկալվել կամ դիտարկվել որպես ընտրակաշառք կամ բարեգործություն։ Պետք է հասկանանք, թե ինչպես այդ փոփոխություններն առաջ տանենք այս ընտրություններից հետո, որովհետեւ ակնհայտ է, որ մինչեւ ընտրությունները չի ստացվելու այդ փոփոխություններն անել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջերից



















































