Ականատեսի օրագիր N6
Դիտորդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է իր երկարաժամկետ դիտորդների նկատմամբ դրսևորված ագրեսիվ վարքագծի և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձի մասին։
Իրականացվող դաշտային աշխատանքների և քաղաքական ուժերի նախընտրական գրասենյակների դիտարկման շրջանակներում առաքելության դիտորդներ այցելել են Աշտարակ քաղաքի Սիսակյան 1 հասցեում գտնվող «Հայաստան» դաշինքի գրասենյակ։ Տեղում գրասենյակի աշխատակիցը, ով ներկայացել է որպես Կարեն Շահազիզյան, դրսևորել է ոչ կոռեկտ և ագրեսիվ վարքագիծ։
Հատկանշական է, որ այցը և հանդիպումը գրասենյակի ներկայացուցիչների հետ նախապես պայմանավորված են եղել։ Սակայն, երբ դիտորդները մտել են գրասենյակ, ընդունելությունը կրել է ընդգծված թշնամական բնույթ։ Գրասենյակի աշխատակիցը, դիտորդներից պահանջել է փակել դուռը, որից հետո անմիջապես սկսել է բարձր ձայնով բղավել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ և թիրախավորել ինչպես ներկա դիտորդներին, այնպես էլ առհասարակ դիտորդական առաքելությունների գործունեությունը։
🔴Նման վարքագիծն ուղղակիորեն խոչընդոտում է դիտորդական առաքելության իրականացմանը և հակասում է քաղաքական գործընթացներում ընդունված էթիկական նորմերին ու փոխադարձ հարգանքի սկզբունքներին։
Կարդացեք նաև
📌Արձանագրենք, որ միջազգային չափանիշների համաձայն, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Տեղական դիտորդների ձեռնարկի համաձայն[1]՝ դիտորդները պետք է ակտիվորեն համագործակցեն քաղաքական կուսակցությունների և թեկնածուների հետ՝ հանդիպելով նրանց, տեղեկություններ հավաքելով քարոզարշավի շրջանակում իրականացվող գործունեության մասին և գնահատելով նախընտրական միջավայրը։
📌Այն շեշտում է, որ դիտորդները պետք է շփվեն հնարավորինս լայն շրջանակի քաղաքական դերակատարների հետ՝ առանց կողմնակալության, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի ներգրավմամբ, և պետք է պատրաստ լինեն լսելու նրանց մտահոգությունները ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական փուլերում։ Այս չափանիշները վերահաստատում են, որ կուսակցությունների գործունեության դիտարկումն ու նրանց հետ շփումը հանդիսանում են ընտրությունների դիտորդության իրականացման կարևոր մեթոդաբանական բաղադրիչ։
🔎«Ականատեսը» դատապարտում է դիտորդների նկատմամբ ցանկացած տեսակի ճնշում կամ անհարգալից վերաբերմունք։ Հիշեցնում ենք, որ դիտորդական առաքելությունն իրականացնում է իր մանդատը՝ ընտրական գործընթացների թափանցիկությունը գնահատելու նպատակով, և բոլոր քաղաքական ուժերից ու նրանց ներկայացուցիչներից ակնկալվում է ապահովել համագործակցային և հարգալից աշխատանքային միջավայր դիտորդական գործունեության իրականացման համար։
Առաքելությունը կոչ է անում քաղաքական ուժերին հորդորել իրենց գրասենյակների աշխատակիցներին պահպանել կոռեկտ վարքագիծ և զերծ մնալ դիտորդական առաքելությունների և դիտորդների նկատմամբ ցանկացած թիրախավորող կամ անհարգալից գործողությունից։
«Ականատես» դիտորդական առաքելություն


















































