Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատավարության 100-րդ հոդվածի իմաստով լրագրողի աուդիո ձայնագրությունն արգելող սահմանափակում ամրագրված չէ․ փաստաբան

Ապրիլ 21,2026 19:35 Share

Վարչական դատարանում Արմեն Ներսիսյանի նախագահությամբ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ ՀՀ գրողների միություն ՀԿ «Սևան» ստեղծագործական տան 1993 թվականի փետրվարի 26-ի կադաստրում պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին դատական նիստը չկայացավ դատախազության և կադաստրի ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։

Երրորդ անձի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանը նշեց, որ հաշվի առնելով, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դատարանը ապացույցներ էր պահանջել իրենցից և, եթե չի սխալվում, նաև դատախազությունից, իրենց դիրքորոշման հետ կապված դատախազության ներկայացուցչի դիրքորոշումը նշանակություն ունի, ինչպես նաև դատախազությունը պետք է նոր ապացույցներ ներկայացնի։ Եվ այդ համատեքստում գտնում է, որ այս պահի դրությամբ քննությանը խոչընդոտ կա։

Դատարանը, հաշվի առնելով կողմի դիրքորոշումը, հնարավոր չգտավ շարունակել գործի քննությունը առանց գլխավոր դատախազության ներկայության։

Ամեն բան ընթանում էր սովորական հունով, սակայն դատավորը Aravot.am-ի լրագրողից ճշտելով, որ նա աուդիո ձայնագրություն է իրականացնում, բավականին անբարյացակամ տոնով ասաց․ «Հեռախոսի ձայնագրությունը միացվա՞ծ է։ Բա, ձեզ ո՞վ է թույլ տվել, հարցրե՞լ եք դատարանին։ Ապահովեք, որ անջատվի, թե չէ դուրս եք գալու դահլիճից»։ Լրագրողը տեղեկացրեց, որ ինքը դռնբաց նիստում իրականացնում է աուդիո ձայնագրություն, ինչը օրենքով արգելված չէ, և դրա համար դատարանից հատուկ թույլտվություն ստանալու պարտադրանք չկա։

«Ես նման բաներ չեմ սիրում։ Հարցրեք՝ թույլ կտա՞մ՝ կձայնագրեք։ Դա մեկ։ Երկրորդը, ասենք թե ձայնագրեցիք, դրանից ի՞նչ է փոխվում»։ Դրանից հետո կարճատև լարված երկխոսություն տեղի ունեցավ դատավորի և Aravot.am-ի ու Հ2 հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի միջև, որից հետո չորրորդ իշխանության ներկայացուցիչները նպատակահարմար գտան լքել դատական նիստի դահլիճը։

Նիստից հետո լրագրողները փաստաբան Լարիսա Բաղդասարյանից ճշտեցին, թե արդյո՞ք ԶԼՄ-ները իրավունք չունեն դռնբաց դատական նիստում առանց լրացուցիչ թույլտվության աուդիո ձայնագրություն իրականացնել։ Փաստաբանը ևս մեկ անգամ աչքի անցկացրեց ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, որի 100-րդ հոդվածի իմաստով միջնորդություն անհրաժեշտ է ներկայացնել բացառապես այն դեպքերում, երբ պետք է իրականացվի տեսաձայնագրություն։ Իսկ աուդիո ձայնագրության մասով նման արգելող կարգավորում ամրագրված չէ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930