Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդդիմություն չէ, իշխանություն չէ։ Եկեղեցին ազգի հոգևոր ողնաշարն է և հավատքի անսասան պահապանը»

Ապրիլ 21,2026 22:44 Share

Վերջին շրջանում հաճախակի դարձած պնդումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականացվածության» վերաբերյալ բացարձակապես չեն արտացոլում իրականությունը և նպատակ ունեն խեղաթյուրելու Նրա դարավոր առաքելությունը։

Եկեղեցին երբեք չի եղել և չէ քաղաքական պայքարի կողմ։ Նրա հոգեփրկչական առաքելությունը չի առնչվում աշխարհիկ իշխանության ձեռքբերմանը, այլ ուղղված է ժողովրդի հոգևոր առաջնորդությանը, ազգային արժեքների անաղարտությանը և ինքնության պաշտպանությանը։ Սակայն, երբ վտանգվում են պետականության հիմքերը՝ հայրենի սահմանները, հայ ընտանիքի նկարագիրը, կրթական արժեհամակարգն ու ազգային միասնությունը, Եկեղեցին չի կարող լռել։ Այդ ձայնը ոչ թե քաղաքական միջամտություն է, այլ հովվական պարտականություն և սրբազան ուխտ՝ բխող մեր հայրերի հավատքից։
Այսօր ակնհայտ է դառնում մեկ այլ վտանգավոր միտում. «բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը՝ թուլացնելով Նրա ձայնը և մեկուսացնելով հասարակական կյանքից։ Այն, ինչ ներկայացվում է որպես առաջընթաց, իրականում սպառնալիք է մեր ինքնությանը։

Ավելին, նկատելի է տրամաբանական խոր հակասություն․ մի կողմից հնչում են Եկեղեցին և պետությունը տարանջատելու կոչեր, մյուս կողմից՝ նույն շրջանակները փորձում են Եկեղեցին արհեստականորեն ներքաշել քաղաքական գործընթացների մեջ՝ Նրան վերագրելով քաղաքական դերակատարի կարգավիճակ։ Սա միտումնավոր ապատեղեկատվություն է, որի նպատակն է նսեմացնել Եկեղեցու հեղինակությունը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդդիմություն չէ, իշխանություն չէ։ Եկեղեցին ազգի հոգևոր ողնաշարն է և հավատքի անսասան պահապանը։ Նրա խոսքը պայքար չէ ընդդեմ, այլ վկայություն է հանուն Ճշմարտության, հանուն հաստատուն պետականության և ժողովրդի լուսավոր ապագայի։
Չնայած առաքելությունը խաթարելու բոլոր փորձերին՝ Հայ Եկեղեցին շարունակելու է իր ընթացքը՝ կանգնած իր հավատավոր զավակների կողքին, զորացնելով նրանց փորձությունների մեջ և անխաթար պահելով մեր ազգային-հոգևոր էությունը։

Ի Փառս Աստուծո

Սարկավագ Արթուր Գևորգյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930