Ադրբեջանի իշխանություններն անողոքաբար ճնշում են այլախոհության բոլոր ձևերը, հարյուրավոր անձինք բանտարկված են անհիմն և քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ ապրիլի 21-ին հրապարակված տարեկան զեկույցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Փաստաթղթում դատապարտվում են ադրբեջանական բանտերում պահման պայմանները։ Ասվում է, որ բանտարկյալները երկար ժամանակ պահվում են մենախցում, սպառնում են սեռական բռնությամբ և համակարգված կերպով զրկվում են բժշկական օգնությունից։
Զեկույցում ներկայացվում են նաև Բաքվի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։ Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել ապահովել պատասխանատվության ենթարկումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց պաշտպանությունը։
Թարգմանությունը՝ Factor.am-ի


















































