Անհետ կորածների ծնողները ԱԺ-ի դիմաց կրկին բողոքի ցույց են անում, նրանք պահանջում են ԱԺ լսումներ իրականացնել ԱԺ մեծ դահլիճում։ «Խաբված հայ ազգի կողմից՝ ընտրված այս փոքր խմբակին շատ պահանջներ ունենք, բայց սպասումներ չունենք… Մինչեւ այս կեղտոտ զանգվածը չմաքրվի, ոչ մի հարց չի լուծվի, բայց ես չեմ կարող տանը նստել, որ իրենք ինչ ուզեն՝ անեն: Այս իշխանություններն ամեն հրահանգ ստանում են Թուրքիայից, ու նշանակություն չունի, որ հայերեն են խոսում»,-ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը:
«Մենք մայրերով կարող ենք իրենց հախից գալ, իրենք դա շատ լավ գիտեն, դրա համար էլ վախենում են իրենց գործած հանցագործություններից ու դավաճանությունից»,-ասաց մեկ ուրիշ ծնող:
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ծնողները պետք է որոշեն՝ ինչպես վարվել, լսումներն իրենք են նախաձեռնել, իսկ ես միջանկյալ օղակ եմ այս պատմության մեջ: Ես որպես ԱԺ պատգամավոր դիմել եմ ԱԺ գլխավոր քարտուղարին, ղեկավարությանը, որպեսզի դահլիճ տրամադրեն: Իրենք այսօր տրամադրել են 334 փոքր սրահը, որտեղ ծնողները չեն կարող տեղավորվել: Այսինքն` դա նաեւ արժանապատվության հարց է, եթե ներկայացնում ես 190 հոգանոց ցուցակ, քեզ տրամադրում են 50-60 հոգանոց դահլիճ: Ո՞նց պետք է տեղավորվենք, իրար գլխի՞ նստենք:
Կարդացեք նաև
Դրանք գումարած, ըստ էության, կա քաղաքական որոշում, որ պիտի որեւէ մեկը չմասնակցի, որովհետեւ իրենք պատրաստ չեն բաց քննարկումների: Մինչեւ հիմա ծնողների հետ խոսել են դռնփակ ձեւաչափով, հետո հրաժարվել իրենց խոսացածից, 6 տարի այս մարդկանց խաբել են: Հիմա, երբ մարդիկ ուզեցին հրապարակային բաց քննարկում, իշխանությունը հրաժարվում է բաց քննարկումից: Ես կարծում եմ, որ հիմա, ինչ տեղի է ունենում այստեղ, ուղիղ պատասխանատուն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եւ գլխավոր քարտուղարը, որոնք խոչընդոտեցին ծնողների խոսքի եւ լսված լինելու իրավունքը»,-ասաց ԱԺ պատգամավորը:
«Մենք մեր նպատակից չենք հրաժարվելու, փորձելու ենք օրենքի սահմաններում կատարված գործողություններով հասնել մեր նպատակին: Ինչքան նամակ ուզեցին, ուղարկեցին, արդյունքը ստացանք սա: Իրենցից այլեւս սպասելիքներ չունենք, ուղղակի սա ինձ իրավունք տվեց անուն-ազգանուններով հրապարակել հրավիրվածների ու չներկայացածների ցանկը: Իսկ հետագայում թող իրենք պարզաբանում տան՝ ինչու չեն եկել»,-ասաց ցույցին մասնակցող հարազատներից մի տղամարդ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































