Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Քիշնեւում կայացած Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:
Որպես Եվրանեսթ ԽՎ համանախագահ՝ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել հանձնաժողովների նիստերին ընդառաջ տեղի ունեցած բացման արարողությանը:
«Հարգարժա՛ն խոսնակ պարոն Գրոսու,
Հարգարժա՛ն համանախագահ պարոն Լագոդինսկի,
Կարդացեք նաև
Մոլդովայի պատվիրակության հարգարժա՛ն ղեկավար պարոն Բալուտել,
Ուկրաինայի պատվիրակության հարգարժա՛ն ղեկավար պարոն Կրուլկո,
Եվրոպական խորհրդարանի եւ Արեւելյան գործընկերության երկրների ազգային խորհրդարանների հարգարժա՛ն անդամներ,
Սիրելի՛ գործընկերներ,
Ինձ համար մեծ պատիվ եւ ուրախություն է ելույթ ունենալ այսօր Քիշնեւում որպես Եվրանեսթ ԽՎ համանախագահ: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Մոլդովային եւ մեր մոլդովացի գործընկերներին՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը հյուրընկալելու համար:
Մոլդովայի ձեռքբերումներն արժանի են գնահատանքի: Նրա ժողովրդի ընտրությունը՝ առաջ շարժվել եվրոպական ինտեգրման ճանապարհով, հստակ արտահայտվել եւ ժողովրդավարական ճանապարհով պաշտպանվել է նախագահ Սանդուի ղեկավարությամբ: Մոլդովայի ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ նվիրվածությունն օրինակելի է:
Ուկրաինան արդեն հինգերորդ տարին դիմադրում է պատերազմին? Ուկրաինայի տոկունությունը շարունակում է տպավորել բոլորիս, եւ մենք հույս ունենք խաղաղության հաստատման՝ միջազգային իրավունքի եւ ինքնիշխանության հարգման հիման վրա:
Այսօր մեր հանձնաժողովները կկենտրոնանան չորս զեկույցների թեմաների վրա, որոնցից յուրաքանչյուրը կանդրադառնա մեր համագործակցության հիմնական չափումներից մեկին:
Քաղաքական հանձնաժողովում հարգարժան գործընկերներ պարոն Բալուտելը եւ պարոն Շենկն իրենց առաջիկա զեկույցում կկենտրոնանան Արեւելյան գործընկերության անվտանգության ճարտարապետության ձեւավորման թեմայի վրա: Մեր մարտահրավերները կարող են ընդգրկել զինված ագրեսիայից մինչեւ հիբրիդային հարձակումներ: Մինչ մենք հակազդում ենք դրանց, մենք պետք է պահպանենք օրենքի գերակայությունը, պաշտպանենք ընտրությունների ինստիտուտը միջամտություններից եւ ամրապնդենք մեր հաստատությունների ու հասարակությունների դիմացկունությունը:
Տնտեսական հանձնաժողովում գործընկերներ պարոն Մաժիլիսը եւ տիկին Գասպարյանը կանդրադառնան տարածաշրջանային փոխկապակցվածությանը եւ դրա կապին անվտանգության ու բարեկեցության հետ:
Էներգետիկայի հանձնաժողովում գործընկերներ պարոն Ռոս Սեմպերեն եւ տիկին Ֆեդինան կխոսեն ջրածնի ու վերականգնվող էներգիայի զարգացման մասին՝ որպես եվրոպական անվտանգության մեջ ռազմավարական ներդրում:
Վերջապես, սոցիալական հարցերի հանձնաժողովի համար մեր առաջիկա զեկույցում ես եւ հարգարժան պարոն Շտեֆանուտան կկենտրոնանանք մեդիագրագիտության, թվային դիմադրողականության ու սոցիալ-տնտեսական խոցելիությունների հաղթահարման կարեւորության վրա՝ որպես արտաքին միջամտության եւ ընտրական մանիպուլյացիաների դեմ պայքարի հիմնական գործիքներ:
Հարգելի՛ գործընկերներ,
Քանի որ Հարավային Կովկասի երկրները կարող են տարբեր ուղիների եւ տեմպերի մեջ հայտնվել Եվրոպական միության հետ իրենց երկկողմ հարաբերություններում, մեզ համար հատկապես կարեւոր է նաեւ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ կարող ենք անել միասին՝ անկախ դրանից: Այս առումով, ես էներգետիկան եւ կապը համարում եմ տարածաշրջանի երկրների եւ Եվրամիության միջեւ ամենափոքր ու անվիճելի ընդհանուր հայտարարը: Սեւծովյան էներգետիկ մալուխը եւ Անդրկասպյան էներգետիկ միջանցքը կարող են ընդլայնվել ու օգտագործել Հարավային Կովկասի ամբողջ ներուժը՝ որպես Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տարանցիկ հանգույց:
Այս առումով, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցության լիակատար ապաշրջափակումը կարող է հիմնովին վերափոխել մեր տարածաշրջանը: Այն կստեղծի կապերի լայն ցանց, որը կկապի Եվրոպական միությունը, Սեւ ծովը, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Կասպից ծովը եւ Կենտրոնական Ասիան:
Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը հատուկ նշանակություն ունի, քանի որ այն նաեւ Հայաստանի սահմանն է Եվրոպական միության մաքսային միության հետ:
Նման զարգացումները կստեղծեն փոխկախվածությունների ցանց Հարավային Կովկասում՝ ամրապնդելով ոչ միայն համագործակցությունն ու վստահությունը, այլեւ մեր պետությունների ինքնիշխանությունը: Ամենակարեւորը, արեւմուտք-արեւելք կապերի բազմազանությունը կնվազեցնի խոցելիությունները՝ ապահովելով, որ ոչ մի առանձին երթուղի չօգտագործվի որպես հարկադրանքի գործիք:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը մտնում է ժողովրդավարական ,թարմացմանե նոր շրջափուլ, եւ ես կրկին շնորհակալություն եմ հայտնում խոսնակ Գրոսուին Հայաստանի ժողովրդավարությանը ցուցաբերած աջակցության համար: Չնայած պաշտոնական քարոզարշավը սկսվում է միայն մայիսի 8-ին՝ մեր հասարակությունն արդեն խորապես ներգրավված է մեր անկախությունից ի վեր ամենակարեւոր հանրային քննարկման մեջ:
Մենք ականատես ենք լինում տարածաշրջանային նոր իրականության առաջին շոշափելի արդյունքներին: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված եւ հրապարակված խաղաղության պայմանագիրը, համաձայնությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի եւ մեր տարածքներով բոլոր ներպետական, միջպետական ու միջազգային հաղորդակցություններն արգելափակելուց ազատելու շուրջ տալիս են առաջին կոնկրետ արդյունքները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ երրորդ երկրների հետ առեւտրի մեկնարկ, մեր սահմաններին լիակատար հանգստություն: Այս ֆոնին, Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին կորոշի, թե ինչպես է ուզում առաջ շարժվել որպես ժողովուրդ:
Քաղաքական մեծամասնության տեսլականը հստակ է: Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության, Հարավային Կովկասը ներառող տարածաշրջանային քաղաքականության եւ տնտեսության դիվերսիֆիկացման հետ մեկտեղ Հայաստանը կշարունակի իրականացնել Եվրոպական միության անդամ երկրի չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումները: Այս չափանիշներին հասնելն ինքնին ռազմավարական նպատակ է, որը կամրապնդի մեր ժողովրդավարությունը, ինստիտուտները եւ տնտեսությունը:
Վերջում ցանկանում եմ ընդգծել մեր մայրցամաքում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարեւորությունը: Այս համատեքստում մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երեւանում, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին՝ մայիսի 5-ին: Մենք պատրաստ ենք ակտիվ մասնակցության եւ բովանդակային ներգրավվածության՝ մեր ընդհանուր եվրոպական օրակարգն առաջ տանելու համար:
Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային օր եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»,- ամփոփել է ելույթը Մարիա Կարապետյանը:
ԱԺ


















































