Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան. Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը արժանվույն կգնահատի այն մարդուն, որը բազմելով իշխանության գահին՝ փորձում է կոտրել մեր ժողովրդի ոգին, ողնաշարը, պայքարի ուժը

Ապրիլ 24,2026 14:05 Share

«Այսօր մեզ հետ, ցավոք, ցեղասպանությունը շարունակվում է բռնազավթված եւ հայաթափված Արցախի, Արցախում տեղի ունեցող մշակութային ոճրագործությունների, մշակութային ցեղասպանության տեսքով։ Ուստի այսօր պետք է մենք բոլորս շարունակենք մեր պայքարը, որպեսզի կարողանանք ունենալ ուժեղ, հարատեւ պետություն, որը կկանխարգելի հետագա ցեղասպանությունները մեր ժողովրդի նկատմամբ։

Նույն հրեշավոր ձեռքը, որը ցեղասպանել է մեր ժողովրդին 1915 թվականին, հիմա էլ չի հանդարտվել։ Մենք պետք է կարողանանք դառնալ միասնական ազգ, այդ ձեռքը բռնենք եւ ապագայում նաեւ այդ ձեռքը կոտրենք։ Դրա համար պետք է մեր ներսից դուրս մղենք այդ հրեշավոր թշնամական ձեռքի բոլոր ներքին կամակատարներին, բոլոր նրանց, որոնք մեզ փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, որ մենք պետք է համակերպվենք այդ թշնամական պարտադրանքի հետ։ Այդ թշնամական պարտադրանքի հետ մենք չենք համակերպվելու։ Դառնալու ենք ուժեղ եւ հարատեւ պետություն եւ թշնամուն դուրս ենք մղելու մեր հայրենիքից։

Իսկ այսօր մենք ոգեկոչում ենք մեր բազմահազար զոհերի հիշատակը, հիշում ենք, որ նրանք զոհվեցին, որպեսզի մենք այսօր ապրենք, որպեսզի այսօր հիշենք, որպեսզի այսօր մեզ զգանք որպես միասնական ազգ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում։

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի կոչերի մասին հարցին, թե անընդունելի են արդարության վերականգնման կոչերը, որոնք պատերազմի կարող են տանել,՝ Ավետիք Չալաբյանն ասաց. « Ես կարծում եմ՝ անընդունելի է Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ էությամբ, անընդունելի է ցանկացած խոսք, որ նրանից հնչում է, անընդունելի է մեր ժողովրդի կամքը կոտրելու՝ նրա ցանկացած դրսեւորում։ Եվ ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը արժանվույն կգնահատի այն մարդուն, որը բազմելով իշխանության գահին՝ փորձում է կոտրել մեր ժողովրդի ոգին, ողնաշարը, պայքարի ուժը։ Մենք այդպիսի ղեկավարից պետք է ազատվենք հնարավորինս շուտ: Առջեւում ընտրություններն են եւ դա լավագույն հնարավորություն է բոլորիս համար։

Անդրադառնալով Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելու հետ կապված Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ի հնչեցրած քննադատությանը, Ավետիք Չալաբյանն ասաց. «Կարծում եմ՝ դա եւս մեր ժողովրդի պայքարի ոգին թուլացնող գործողություն է։ Մենք ունենք թշնամու կամակատար՝ բազմած Հանրապետության հրապարակում, որն ինչպես ասացի, փորձում է կոտրել մեր ժողովրդի պայքարի ոգին։ Դա նրան չի հաջողվելու։ Վկան եւ Ջահերով երթն է եւ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների լուռ ուխտագնացությունը, որն իր մեջ հատուցման պահանջ է կրում։ Բնականաբար, այս ամեն ինչը չի դադարելու, բնականաբար, մենք հասնելու ենք հատուցման։ Իսկ Փաշինյանն ու նրա պես կամակատարները չեն կարող մեզ խանգարել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930