Շիրակցիներն ու Լոռու մարզի բնակիչները, ինչպես միշտ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին Հերհերի կամ որ նույնն է՝ Ջարդի ձոր գնալով ու ծաղիկներ խոնարհելով։
Ջաջուռի մոտ գտնվող այս ձորում, ըստ պատմական տվյալների, 1915-1918թթ.-ին դաժանորեն սպանվել են Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները: Կանանց ու երեխաներին ժայռերից գլորել են ձորը, տղամարդկանց էլ գլխատելով են ցած նետել։ Պատմում են, որ ահասարսուռ տեսարաններից հետո մարդիկ երկար ժամանակ խուսափել են անցնել Հերհերի կողքով, քանի ձորն արձագանքել է սպանված մարդկանց ճիչը:
Կարդացեք նաև
Պաշտոնյաներից բացի, թե՛ Շիրակի և թե՛ Լոռու մարզի տարբեր տեղանքներից այստեղ էին շտապել բազմաթիվ մարդիկ, այդ թվում տարեց, որոնք մի կերպ են քայլում և որոնց նախնինները դարձել են Ցեղասպանության զոհեր։ Շատերը հենց Հերհերի ձորն են դիտարկում՝ որպես իրենց հարազատների գերեզմանոց, որտեղ ավելի քան 12 հազար անմեղ մարդու կյանք է խլվել։
Այսօր Հերհերի ձորում ծաղիկներ խոնարհեցին ինչպես Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Շիրակի մարզպետի գլխավորությամբ, այնպես էլ Գյումրու քաղաքային իշխանավորները՝ Ավետիս Առաքելյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, ԱԺ պատգամավորներ, ուժային կառույցների, ռուսական հյուպատոսարանի ու ռազմաբազայի ներկայացուցիչներ, բուհերի ղեկավարներ ու ուսանողներ։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ողբերգական էջը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից ու մեր պատմությունից, այն մեր ինքնության անբաժանելի մասն է, բայց, ըստ նրա, ամենակարևորը դասեր քաղելն է, հասկանալը, թե ինչ պետք է անել, որպեսզի նման ցեղասպանությունները այլևս երբեք չկրկնվեն։
«Ինձ համար բանաձևը մեկն է՝ ապրել և ապրեցնել Հայաստանի Հանրապետությունը, պահպանել նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու խաղաղությունը։
Այսօր մեր սերնդի պարտքն է պահպանել և ամրապնդել այդ մեծ զոհողությունների գնով վաստակած խաղաղությունն ու պետականությունը»,-ասաց Դավիթ Առուշանյանը։
Ջարդի ձորում ծաղկեպսակ խոնարհվեց նաև կալանավորված Վարդան Ղուկասյանի անունից։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել էին առանձին՝ չմիանալով մարզային իշխանավորներին ու Շիրակի մարզի մյուս համայնքների պաշտոնյաներին։
Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը իր խոսքում կարևորեց ազգի միասնականությունն ու պահանջատիրական դիրքերից հանդես գալը։ Ըստ նրա, օրերից մի օր պատմական արդարությունը պարտադիր հաղթելու է։
«Մեր ուղերձը մեկն է՝ հիշում ենք և պահանջում արդարության վերականգնում։ Այս բարբարոսությունը, որն իրականացվեց մեր ազգի հանդեպ, մեր ինքնության ու քրիստոնեական հավատքի հետևանքով էր։ Թող լույսերի մեջ հանգչեն մեր անմեղ նահատակները»,-ասաց նա։
Նշենք, որ Գյումրու քաղաքային ու մարզային իշխանավորները մինչ Հերհերի ձոր գնալը, ծաղիկներ խոնարհեցին նաև Գյումրու Բագրատունյաց պուրակում Ֆրիդ Սողոյանի քանդակած «Վերածնունդ» հուշարձանին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



























































