«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ «նա 2026 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 00:18-ին,«Facebook.com» սոցիալական հարթակի այլ օգտատերերին հասանելի հրապարակային եղանակով քննչական մարմնի ղեկավարի և քննիչների օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ հրապարակել է նրանց մասին արատավորող տեղեկություններ»:
Խոսքը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի լուսանկարին կից փետրվարի 1-ին կատարված հետեւյալ գրառման մասին է. «Այս անսկզբունք ծաղրածուն դեռ 2025 թվականի հունիսի 30-ին հրապարակայնորեն ապացուցեց, որ ծառայում է ոչ թե օրենքին ու ժողովրդին, այլ մոլագար նեռի քմահաճույքներին։
Նրա գլխավորած կառույցն այժմ գործի է անցել և, ստացված հրահանգով, ամեն գնով փորձում է խոչընդոտել առաջիկա եպիսկոպոսաց ժողովը, մինչդեռ քննչականի տղերքը զբաղված են տուն պահելով ու խուսափում են լուրջ քայլերից, որպեսզի կարիերան վտանգի տակ չդնեն՝ առաջնորդվելով «մենք ո՞վ ենք, որ ինչ-որ բան փոխենք» մտածելակերպով։
Կարևորը բարձր գոռացեք, որ պետություն ունենք»:
Կարդացեք նաև
Մհեր Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի (քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը, նրանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ) հատկանիշներով։
Այս արարքը նախատեսում է պատիժ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

















































