Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական պետական պատվիրակությանը պարզապես ամոթ է ընդունել առանց գերիներին ազատ արձակելու»

Մայիս 01,2026 17:00 Share

Արտակ Բեգլարյանն ասաց, որ տվյալներ չունեն Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների նոր պահման պայմանների մասին։ Միայն կարող ենք ենթադրություններ անել. «Կարող է հենց հոգեբանական ճնշման, անորոշությունը մեծացնելու, կարող է իրենց մեկուսացումը մեծացնելու համար»։

-Հնարավոր համարո՞ւմ եք միջազգային ճնշման ներքո հայ պատանդների ազատ արձակում, թեեւ շատ փորձագետներ կարծում են, որ եթե ԵՄ-ՀՀ գագաթաժողովին ընդառաջ Բաքվում պահվող հայ պատանդներից ազատ արձակվեն, ամենայն հավանականությամբ, նրանց թվում չեն լինի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։

-Կարծում եմ, որ եւ’ ԵՄ քաղաքական համագործակցության հետ կապված, եւ’ նախընտրական շրջանում հաշվի առնելով գերիների թեմայի՝ օրակարգային լինելը քաղաքական առումով եւ Ադրբեջանի իշխանությունների հետաքրքրությունները ազդելու ընտրությունների արդյունքների վրա, հավանականություն կա, որ որոշ գերիներ կարող են վերադարձվել։ Իհարկե, ամենաքիչ հավանականն է ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը։ Մնացած պարագայում կամ բոլորի կամ մի մասի վերադարձն ավելի հավանական է։ Աստված տա, որ ճնշումն այնքան մեծ լինի, որ բոլորը վերադարձվեն։ Իսկ մնացածն, ովքեր չվերադարձվեն, ավելի հավանական է, որ կօգտագործվեն հետագա քաղաքական ճնշման համար ՀՀ-ի վրա՝ այդ թվում պոտենցիալ սահմանադրական փոփոխությունների համար եւ համաձայնագրի վերջնական ստորագրման ու վավերացման համար։ Ամեն դեպքում, մի բան ակնհայտ է, որ նրանք պետական պատանդներ են, ալիեւյան ռեժիմի համար իրենք ուղղակի գործիքներ են հնարավորինս բարձր գնով վերադարձվելու, իսկ այդ գինը՝ քաղաքական կամ տնտեսական բնույթի, արդեն պետք է այսպես ասեմ՝ վճարվի կամ մեր, կամ միջնորդների կողմից։ Դրա համար որքան ճնշումը մեծանա Ալիեւի իշխանության վրա, մենք ավելի ցածր գին կվճարենք։ Այսինքն՝ Ալիեւը ստիպված կլինի այդ ճնշումը թոթափելու համար գերիներին վերադարձնել։

-Տեղեկություն տարածվեց, որ Ռուբեն Վարդանյանի եւ մի քանի այլ գերիների պահման պայմանները փոփոխվել են։ Որեւէ տեղեկություն կա՞ նոր պահման պայմանների մասին, քանի որ նախկինում ԿԽՄԿ ժնեւյան գրասենյակն այցելել էր այն վայր, որտեղ պահվում էին հայ գերիները, սակայն նոր պահման պայմանների մասին տեղեկություններ չկան։

-Որեւէ տեղեկություն չունեմ։ Միայն ընտանիքներից տեղյակ եմ, որ տեղափոխվել են, դրանից ավելին չգիտեմ, թե համեմատության մեջ ինչ պահման պայմաններ են, նույնիսկ պատճառն էլ չգիտեմ, թե ինչու են տեղափոխվել։ Կարող ենք ինչ-որ բաներ ենթադրել, բայց բավարար տվյալ չունենք, որպեսզի հիմնավոր ենթադրություններ անենք։

-Ի՞նչ կարելի է ենթադրել, բացի այն, որ մտահոգիչ փաստ է տեղափոխումը, քանի որ անորոշությունն ավելի է մեծացել։

-Կարող է հենց հոգեբանական ճնշման համար, անորոշությունը մեծացնելու, կարող է իրենց մեկուսացումը մեծացնելու համար, կարող է միջազգային մոնիտորինգային այց է նախատեսվում նախորդ բանտ, այս նոր բանտ չեն նախատեսում, կարող է ուղղակի պարզ լոգիստիկ խնդիրներ են. օրինակ՝ նախորդ բանտում վերանորոգման աշխատանքներ են նախատեսում եւ այլն։ Այնքան վարկածեր կան, որ տվյալների բացակայության պայմաններում ողջամիտ չէ ենթադրություն անել։ Դրա համար հնարավորինս ավելի շատ տվյալ պետք է ստանանք։ Բայց հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների վարքն ու վարքային օրինաչափությունները՝ առաջնահերթորեն ամենավատ տարբերակներն ենք մտածում, որոնք ուղղակիորեն կապված կարող են լինել գերիներին վնաս տալու հետ։

-Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել ՀՀ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ։ Ի՞նչ եք կարծում՝ գերիների ազատ արձակման հարցը օրակարգային կդարձնե՞ն։

-Գործող իշխանություններից անկեղծ հույս չունեմ, որ իրենք իրենց կամքով օրակարգային կդարձնեն գերիների հարցը, դրա համար պետք է հանրային ճնշումը մեծ լինի, որ իրենք ստիպված դա անեն։ Իսկ ադրբեջանական պետական պատվիրակությանը պարզապես ամոթ է ընդունել առանց գերիներին ազատ արձակելու։ Իրենք շատ հստակ նախապայման պետք է դնեին, որ Մուստաֆաեւը պետք է գա Երեւան բոլոր գերիների հետ միասին։ Այդ դեպքում կարող էին նույնիսկ զուռնա-դհոլով ընդունել Մուստաֆաեւին։ Իսկ այս պայմաններում կարծես թե կյանքը շարունակվում է այնպես, կարծես ոչ մի բան չկա, ոչ մի խնդիր չի եղել, էլ չեմ ասում մնացած խնդիրները՝ Արցախի ժողովրդի վերադարձ, մշակութային ժառանգության եւ մեր սեփականության պաշտպանություն եւ այլն։ Ավելի ծանր թեմաները չեմ ասում. գերիներն այն նվազագույն անելիքն է, որ պետք է այս իշխանությունները շատ արագ լուծած լինեին վաղուց եւ Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր հարաբերություններից եւ գործարքներից առաջ որպես նախապայման՝ պետք է լիներ գերիների վերադարձը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031