Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեկնածուի բարեվարքության գնահատում իրականացնել՝ վերհանելու հնարավոր ռիսկերը և համապատասխանությունը Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի պաշտոնին»

Մայիս 05,2026 17:08 Share

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի ընտրության շուրջ

ՀՀ դատական դեպարտամենտը 2026 թվականի ապրիլի 6-ին հայտարարել է մրցույթ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով։

Ապրիլի 23-ին տարածված հաղորդագրության համաձայն՝ մրցութային հանձնաժողովը, 2026 թվականի ապրիլի 21-ի նիստում ամփոփելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով Որոշման Հավելված 2-ի 12-րդ, 15-րդ, 18-րդ կետերով, Հավելված 3-ի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով, որոշել է Դատավորների ընդհանուր ժողովին որպես հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներկայացնել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից առաջադրված Մարգարիտ Ամյանի թեկնածությունը:

Չունենալով Թեկնածուի և նրան ներկայացրած հասարակական կազմակերպության նկատմամբ որևէ կանխակալ դիրքորոշում՝ կարծում ենք, որ մրցույթը խնդրահարույց է հետևյալ պատճառներով՝

Բարեվարքության ստուգման բացակայություն

ՀՀ դատական օրենսգրքում ս․թ․ ապրիլի 9-ին ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուին առաջադրելու դիմումին կից Դատական դեպարտամենտ է ներկայացվում նաև նրա բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը /հոդված 77-րդ, 8․2-րդ մաս/:

Մինչդեռ Դատական դեպարտամենտի կողմից տարածած մրցույթի հայտարարությամբ բարեվարքության ստուգման պահանջ չի ներկայացվել, չնայած այն հանգամանքին, որ և՛ մրցույթի վերջնաժամկետին՝ 2026 թվականի ապրիլի 16-ին, և՛ Դատավորների ընդհանուր ժողովի անցկացման օրը՝ 2026 թվականի մայիսի 5-ին Դատական օրենսգրքով սահմանված պահանջը գործող նորմ է։ Դատական օրենսգրքի նշված կարգավորման փոփոխությունն ընդունվել է 2026 թվականի մարտի 4-ին, ուժի մեջ է մտել ապրիլի 9-ին։ Հատկանշական է, որ հայտարարությունը տարածվել էր ապրիլի 6-ին։

Նման մոտեցումն ունակ է ՀՀ դատական օրենսգրքի նոր կարգավորումներն ի կատար ածելուց խուսափելու տպավորություն ստեղծել։

Դատական օրենսգրքի փոփոխությունների նպատակը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի թեկնածուների բարեվարքության ստուգման, ինչպես նաև հնարավոր ռիսկերը բացահայտելու և կառավարելու կառուցակարգեր սահմանելն էր։

Տվյալ պարագայում առաջադրված Թեկնածուն զբաղեցնում է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը, նաև դասավանդում է նույն ակադեմիայում։ Արդարադատության ակադեմիայի կանոնադրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պրոռեկտորի պաշտոնը հանդիսանում է ղեկավար պաշտոն՝ որը ղեկավարում է ակադեմիայի որոշակի ոլորտներ։ Ավելին, ներկայումս ռեկտորի թափուր հաստիքով պայմանավորված, թեկնածուն իրականացնում է նաև Ակադեմիայի ռեկտորի գործառույթները։

Ակադեմիայի պրոռեկտորը պատասխանատու է դատավորների թեկնածուների հավակնորդների մաuնագիտական պատրաստման, դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստման ղեկավարման համար։ Միաժամանակ, Արդարադատության ակադեմիայում դասավանդում են նաև դատավորներ, ինչի բերումով Ակադեմիայի պրոռեկտորը նաև աշխատանքային հարաբերություններ ունի նրանց հետ։

Այս առնչությամբ կարևոր է ընդգծել միջազգային կառույցների կողմից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ձևավորման առնչությամբ տրված կարծիքները։ Ինչպես Վենետիկի հանձնաժողովը, այնպես էլ ԳՐԵԿՈ-ն անդրադարձել են հանձնաժողովի անկախության և կորպորատիվ շահ սպասարկելու ռիսկերին և կարևորել Հանձնաժողովի կազմի և ձևավորման անաչառությունը։ Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի կառուցվածքներից, որտեղ նույն անձինք կունենան բազմակի ազդեցություն դատավորների վրա։ Արդարադատության ակադեմիան դատավորների մասնագիտական և կարիերային զարգացման վրա ազդեցություն ունեցող կառույց է, որում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի ներգրավումը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ունակ է ազդել Հանձնաժողովի անկախ, անաչառ գործունեության և դրա նկատմամբ հանրային վստահության ձևավորման վրա։

Քաղաքացիական հասարակության մասնակցության կարևորությունը

Չնայած այն հանգամանքին, որ Թեկնածուն առաջադրված է քաղաքացիական հասարակության կազմակերպության կողմից, այնուհանդերձ Թեկնածուն ուղղակիորեն ասոցացվում է Արդարադատության ակադեմիայի հետ, որը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետական բյուջեից, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է Արդարադատության նախարարի տեղակալը։

Մինչդեռ, Հանձնաժողովի կազմում դատավոր չհանդիսացող անդամների ներգրավումը նպատակ ունի մեծացնել հանձնաժողովի անկախությունը և թափանցիկությունը։

Ավելին, թեև ակադեմիական ոլորտի մասնագետների ներգրավվածությունը դատական համակարգի մարմիններում ողջունվում է, Թեկնածուն իր գործունեության, զբաղեցրած պաշտոնի բերումով, հանրային ընկալմամբ ասոցացվում է ոչ թե իրեն առաջադրած քաղաքացիական հասարակության կազմակերպության հետ՝ անկախ դրա ֆորմալ անդամ լինելուց, այլ Արդարադատության ակադեմիայի հետ՝ այդ կերպ կրկին շղարշ գցելով Հանձնաժողովի ձևավորման և գործունեության թափանցիկության և անկախության հանրային ընկալման վրա։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ անհրաժեշտ էր իրականացնել Թեկնածուի բարեվարքության գնահատում՝ վերհանելու հնարավոր ռիսկերը և համապատասխանությունը Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի պաշտոնին։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031