Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ցորենը Հայաստան է ներկրվում «ուղիղ Ադրբեջանից»։ Ավելին՝ լրագրողի ճշտող հարցից հետո, երբ նշվել էր, որ խոսքը Վրաստանի տարածքով տարանցման մասին է, պատգամավորը կրկին պնդել էր՝ «ոչ, ուղիղ Ադրբեջանից ենք ցորեն ներկրում, ապաշրջափակումը հենց դա է»։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած պաշտոնական տվյալները միանգամայն այլ պատկեր են ցույց տալիս։
ՊԵԿ-ը հայտնել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 4-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված ԱՏԳ ԱԱ 1001 ծածկագրով ցորենի վերաբերյալ տվյալները կազմվել են ապրանքների հայտարարագրերի, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված վիճակագրական ձևերի հիման վրա։
Այդ տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ցորենի ներմուծման աղյուսակում Ադրբեջանը չի նշվում ո՛չ որպես արտահանող երկիր, ո՛չ որպես ծագման երկիր։
Կարդացեք նաև
Այսինքն՝ պաշտոնական մաքսային և վիճակագրական տվյալներով չի հաստատվում իշխանական պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանի այն պնդումը, թե ցորենը Հայաստան է ներկրվում «ուղիղ Ադրբեջանից»։
Հատկանշական է, որ ավելի ուշ Հասմիկ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փորձել է մեղմել իր ձևակերպումը՝ ասելով․
«Մինչ օրս հնարավորություն ունեցել եմ հերքելու և ևս մեկ անգամ հերքում եմ. հաղորդման ընթացքում ձևակերպումս կարող էր առաջացնել շփոթ»։
Այնուհետև պատգամավորը հավելել է․
«Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը վերացրեց դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, ինչից հետո Ադրբեջանի և Վրաստանի միջով Հայաստան են հասնում բեռներ»։
Սակայն սա արդեն սկզբնական հայտարարությունից էապես տարբեր ձևակերպում է։ «Ցորենը Հայաստան է ներկրվում ուղիղ Ադրբեջանից» ասելը նույնը չէ, ինչ ասել՝ որոշ բեռներ կարող են Հայաստան հասնել Ադրբեջանի և Վրաստանի միջով տարանցմամբ։
Առաջին դեպքում խոսքը կարող է ընկալվել որպես Ադրբեջանից կամ Ադրբեջանի ուղղակի մասնակցությամբ ցորենի ներմուծում։ Երկրորդ դեպքում խոսքը ընդամենը տարանցիկ ճանապարհի մասին է, այն էլ՝ ոչ կոնկրետ ցորենի մասով հաստատված փաստով։
ՊԵԿ-ի պատասխանը, ըստ էության, արձանագրում է՝ 2024-2026 թվականների ընթացքում Հայաստան ներմուծված ցորենի վերաբերյալ պաշտոնական տվյալներում Ադրբեջանը չկա։ Հետևաբար, իշխանական պատգամավորի հրապարակային պնդումը, թե ցորենը Հայաստան է գալիս «ուղիղ Ադրբեջանից», առնվազն փաստական հիմքով հիմնավորված չէ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































