Ռուսաստանաբնակ հայ գործարարը Հայաստանն այս բարդ իրավիճակից դուրս բերելու, իշխանության պառակտիչ գործունեությունը կասեցնելու սեփական տեսլականն ունի։
Ռուսաստանից Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի, ՌԴ-ում բնակվող հայերի նկատմամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի եւ նրա թիմակիցների կողմից ճնշումների՝ առաջիկա ընտրություններում իրենց կողմ դիրքորոշում եւ քվեարկություն կատարելու համար, ընտրություններին մասնակցելու եւ ընդդիմության օգտին քվեարկելու համար ՌԴ-ից ինքնաթիռներով հայերին Հայաստան տեղափոխելու եւ համանման այլ խոսակցությունները Ռուսաստանի Մոսկվայի մարզի Պուշկինսկի շրջանի ազգային-մշակութային ինքնավարության եւ «Միացյալ հայեր» կազմակերպության Մոսկվայի շրջանի համակարգող Արշակ Գրիգորյանի համար ծիծաղելի են։ Նա այդ ամենն այնքան անտրամաբանակ խոսակցություններ է որակում, որ «Առավոտի» հետ զրույցում անգամ լրջորեն չցանկացավ անդրադառնալ դրանց․ «Եթե գործնականորեն փորձենք դիտարկել, ասենք՝ 10 հազար մարդ ցանկանա գնալ, այդքան թռիչք էլ չկա, այլ մարդիկ էլ են, չէ՞, գնում-գալիս։ Հեքիաթներ են, ուղեղների լվացման համար են նման խոսակցությունները»։
Ըստ մեր զրուցակցի, Հայաստանի ղեկավարությունը ոչ ճիշտ դիրքորոշում է դրսեւորում․ «Մենք այդպիսի ազգ ենք՝ միմյանց չենք սիրում, ու արդյունքում հասել ենք այն իրավիճակին, որին հասել ենք։ Իսկ դրանից օգտվել են քաղաքական գործիչները՝ պառակտել են, որ տիրեն։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, մենք չենք կարող անտարբեր մնալ առհասարակ։ Հայաստանը մեր հայրենիքն է։ Լավ օրից չէ, որ մեր ծնողներն արտագաղթել են եւ աշխարհի տարբեր երկրներում վաստակել իրենց ընտանիքի օրվա հացը։ Բայց Հայաստանը մեր հայրենիքն է, շատերիս հարազատներն այնտեղ են ապրում, մենք հաճախ ենք լինում հայրենիքում։ Մեզ համար միեւնույն չէ, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Օրինակ, պատերազմների ժամանակ մենք պետք է անտարբե՞ր մնայինք։ Ոչ, չենք էլ մնացել եւ դա նորմալ է։ Արել ենք ամենն, ինչ որ կարող էինք։
Հայաստանում այսօր 2,5 միլիոն հայ է ապրում, մեկ միլիոնն էլ ՌԴ-ում է արտագնա աշխատանքով զբաղված, որպեսզի Հայաստանում իր ընտանիքը պահի։ Միայն Մոսկվայի շրջանում՝ պաշտոնական թվերով, մեկ միլիոն, աշխարհում 10 միլիոն հայ է ապրում․ ինչպե՞ս վարվել, չօգտագործե՞լ այդ պոտենցիալն ի շահ հայրենիքի։ Աշխարհում հազարավոր հայեր կան՝ ամենատարբեր պոտենցիալն ունեցող, դա համախմբելու փոխարեն, դեռ շարունակում են պառակտել։ Փաշինյանը եկավ եւ Սփյուռքը պառակտեց, կտրեց հայրենիքից»։
Կարդացեք նաև
Մեր զրուցակցին դուր չի գալիս նաեւ ՔՊ-ական իշխանության՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավը․ «Հայաստանի իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու ետեւից է ընկել․ ես Երուսաղեմում հայկական եղբայրության անդամ եմ եւ արդեն մի քանի տարի Երուսաղեմի հայկական եկեղեցին ենք պաշտպանում ոտնձգություններից, իսկ իմ հայրենիքում իշխանությունն է հարձակվում հայ եկեղեցու վրա։ Ես դրան ինչպե՞ս պետք է վերաբերվեմ, ըստ ձեզ։ Պատասխանը պարզ է՝ շատ վատ»։
Շարունակելով Սփյուռքի եւ հայերի պառակտվածության թեման, մեր զրուցակիցը հարցն ավելի փիլիսոփայական դաշտ է տեղափոխում․ «Այս տարիների եւ իմ շփումների ընթացքում ես հասկացել եմ մեկ բան․ կան շահագրգիռ կենտրոններ, համաշխարհային ուժեր, որոնք տասնամյակներով աշխատում են հայերին ու հայկականությունը ոչնչացնելու ուղղությամբ եւ գտել են դրա ձեւը՝ մեզ ներսից են պառակտում, ընտանիքը, կրոնը, կրթությունը, լեզուն։ Ու այսօր մեր պետությունը քայքայման եզրին է։ Ուղղակի մի բան հուսադրող է․ այս ամենը նոր չէ, դարերի պատմություն ունի, բայց բոլորն էլ ձախողվել են ու դրա վկայությունն այսօր հայկական պետության գոյությունն է՝ թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ։ Սա էլ կանցնի ու Արցախի կորստի եւ հազարավոր զոհերի արյան, նրանց մայրերի ու կանանց արցունքների պատասխանատուներն իրենց պատիժը կստանան։ Մենք մեկ բան պետք է հասկանանք՝ հայերը մեկ կուսակցություն պիտի ունենան՝ ազգը պետք է լինի մեր կուսակցությունը, որպեսզի գահավիժումը կանգնի։ Չարի եւ բարու կռիվ է, դրա արմատները խորն են։ Բայց մենք պետք է ինքներս մեզ սիրենք, մեր տեսակին, մեր ազգին, որպեսզի ճեղքում արձանագրենք ու առաջ գնանք։ Երբ մենք այդ գիտակցության գանք եւ միավորվենք, շատ արագ ոտքի կկանգնենք։ Մեր երկիրը փոքր է, հնարավոր է 2-3 տարում ամեն ինչ տեղը գցել»։
Ինչ վերաբերում է Հայաստանում կայանալիք ընտրությւոններին Սամվել Կարապետյանի մասնակցության առիթով հնչող քննադատություններին, մեր զրուցակիցն ասում է․ «Սամվել Կարապետյանն ավելի վաղ պետք է քաղաքական հավակնություններ դրսեւորեր եւ թույլ չտար, որ Հայաստանը հասնի այս իրավիճակին։ Ինքը կարող էր, ուներ բոլոր հնարավորությունները։ Դեռ մի բան էլ ուշացրել է։ Լավ բիզնեսմեն է, տնտեսությունը կարող է լավ զարգացնել, ներդրումներ բերել»։
Առհասարակ, Արշակ Գրիգորյանը ուշադրությամբ է հետեւում հայաստանյան նախընտրական գործընթացներին։ Ասում է՝ «շապիտո-կրկեսի տպավորություն է թողնում» գործընթացը։ Մանրամասն ուսումնասիրել է ծրագրերը՝ տխրել, գաղափարախոսության բացակայությունից։ Իր գնահատմամբ, առավելապես «Միասնության թեւերը» եւ Արման Թաթոյանն են, որ նախկիններ-ներկաներ վեճում գաղափարական ճեղքում են մտցնում եւ քաղաքական պոտենցիալ ունեցող թիմ են ձեւավորել։ Կարծում է՝ այդ ուժն ունակ է կոնսոլիդացնել բոլորին եւ ամեն ինչ նոր էջից սկսել։ Վստահ է, որ Արման Թաթոյան- Սամվել Կարապետյան տանդեմը արդյունք կտա՝ քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական հարթությունները միաժամանակ առաջ մղելով։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
08.05.2026


















































