ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով հունիսի 6-ին Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել են մրցույթի միջոցառումների ծրագիրը և նախապատրաստական աշխատանքները:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարության համագործակցության շրջանակը Հանրային հեռուստաընկերության հետ ընդլայնվում է՝ ներառելով նաև Հայաստանում «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի անցկացումը, որը կարևոր նախաձեռնություն է։
«Կառավարությունը ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերի, մրցույթների, միջոցառումների հարթակ դարձնելու ուղղությամբ, որոնք առաջին հերթին նպաստում են մեր պետության միջազգային դիրքավորմանը՝ երկիրը դարձնելով առավել ճանաչելի և տեսանելի։ Վերջին տարիներին Հայաստանը սպորտային և մշակութային խոշոր միջոցառումների հարթակ է դարձել, և շատ ուրախ եմ, որ «Դասական Եվրատեսիլը» գալիս է համալրելու այդ շարքը։ Սպասվող իրադարձությունը կարևոր է նաև մշակութային քաղաքականության տեսանկյունից՝ դասական արվեստն ավելի տեսանելի դարձնելու և ընդգծելու առումով: Սա ՀՀ մշակութային քաղաքականության շարունակությունն է, և նախաձեռնությունը համահունչ է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությանը: Վստահ եմ, որ այդ օրերին մենք էապես աջակցելու ենք և դրական լիցքեր ենք փոխանցելու Հայաստանը ներկայացնող ֆլեյտահար Էլեն Վիրաբյանին»,- նշել է նախարարը՝ միաժամանակ հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին։
Կարդացեք նաև
Նա նաև հավելել է, որ միջազգային նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և կարող են խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը:
Նախարարն առանձնահատուկ ընդգծել է, որ մրցույթի անցկացման համար ընտրվել է խորհրդանշական օր՝ հունիսի 6-ը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը. «Այդ օրը դասական արվեստի անդրադարձով ևս մեկ անգամ կարժևորվեն մեծանուն կոմպոզիտորի անունն ու ստեղծագործական ժառանգությունը»: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պատահական չէ, որ մրցույթն անցկացվելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի։
«Կառավարության կողմից ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որպեսզի մեր ազգային ճարտարապետության այս կարևորագույն նմուշը դարձնենք ավելի տեսանելի: Դասական Եվրատեսիլի անցկացումն Օպերային թատրոնի շենքում հնարավորություն կտա խոսել շենքի պատմական և ճարտարապետական արժեքի մասին։ Այս մոտեցումները մեր երկիրն ու մայրաքաղաքը դարձնելու են առավել տեսանելի միջազգային զբոսաշրջային ուղիներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ հենց այդ օրերին անցկացվելու են նաև գինու օրերը, Արամ Խաչատրյանի մրցույթը, որոնք ևս բազմաթիվ զբոսաշրջիկներ են բերելու մեր երկիր։
Նախարարի տեղեկացմամբ՝ «Դասական Եվրատեսիլի» անցկացման համար Կառավարությունը կհատկացնի շուրջ 750 միլիոն դրամ պետական ֆինանսավորում:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ «Եվրատեսիլ» մրցույթների շարքում «Դասական Եվրատեսիլն» այնքան էլ հայտնի չէ, և փորձ է արվելու հենց այս միջոցառման միջոցով այն ավելի հանրայնացնել Հայաստանում: «Սպասվում է դասական երաժշտության մեծ տոն, որին պատրաստվել ենք շուրջ երկու տարի: Շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը ֆինանսավորման համար։ Մրցույթի բրենդինգը ստեղծվել է՝ ոգեշնչվելով Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավից։ Մրցույթի կարգախոսը ևս գրավիչ է՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»»,- նշել է Հովհաննես Մովսիսյանը՝ ընդգծելով, որ եվրոպական տարբեր երկրներում մրցույթի բրենդինգը և կարգախոսն արդեն տարածվում են։
Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Օպերային թատրոնի նվագախմբերը։ «Դասական Եվրատեսիլին» մասնակցելու է 11 երկիր՝ Հայաստան, Պորտուգալիա, Սերբիա, Շվեյցարիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Կիպրոս, Լեհաստան, Լատվիա, Շվեդիա։ Միջազգային ժյուրիի կազմում են գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Միջոցառումները տեղի կունենան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հարթակում, ինչպես նաև տանիքում։
ԿԳՄՍՆ


















































