«Իմ կարծիքով, քարոզարշավը շատ բուռն է ընթանում, վարչական ռեսուրսի կիրառման մասին այս պահին խոսելը դեռ վաղ է, որովհետեւ նոր է մեկնարկել քարոզարշավը: Մյուս կողմից, ենթադրում եմ, որ վստահաբար կլինի, ուղղակի պնդելու համար պետք է փաստեր ունենանք, իսկ այս պահի դրությամբ որեւէ փաստ չունենք, որեւէ բողոք մեզ չի հասել: Հավասարության հետ կապված նշեմ, որ օրենքը որոշակի հնարավորություններ սահմանում է ինչպես, օրինակ, անվճար եթերաժամեր, գուցե նաեւ այլ անվճար հնարավորություններ լինեն, մեր շտաբի ղեկավարն այդ ուղղությամբ զբաղվում է: Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ուժ իր պոտենցիալով ավելին կարող է անել, այս առումով, գոնե ինքս ինձ համար արձանագրել եմ, որ նախընտրական պրոցեսները եւ քաղաքական դաշտը այնքան թանկ են դարձել, որ ուղղակի համաժողովրդական որեւէ նախաձեռնություն մեծ դժվարությունների բախվում:
Բարեբախտաբար, Հայաստանի շնորհապետական կուսակցությունն իր մասշտաբայնությամբ համաքաղաքացիական աջակցության բավարար չափ ունի, այդ իմաստով մենք կարողանում ենք գործառնվել, թե չէ անհնարինության աստիճանի ենք հասցրել գրեթե ամեն ինչ»,-ասաց Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, արդյոք բոլորը հավասար են քարոզարշավ իրականացնում, իր կարծիքով վարչական ռեսուրս կիրառվո՞ւմ է, թե՞ ոչ:
Aravot.am-ը հետաքրքրվեց Գուրգեն Սիմոնյանից, թե ինչու պետք է ընտրողը հենց Հայաստանի շնորհապետական կուսակցությանը տա իր քվեն, իրենց ծրագրի ամենաառանցքային դրույթները որո՞նք են, որ հանուն դրանց իրենց են ընտրելու:
«Առաջինն այն է, որ մենք իրական այլընտրանք ենք, չենք ներկայացնում ոչ նախկին, ոչ ներկա իշխանություններին եւ օտարերկրյա կոլաբորացիոնիստներին, դրա համար յուրահատուկ, յուրօրինակ ուժ ենք, քաղաքացիական նախաձեռնություն ենք: Երկրորդը՝ մեր առանցքային արժեհամակարգն արժանիների իշխանությունն է, այսինքն՝ տեխնոկրատների ապագա կառավարություն ձեւավորելու գլխավոր նպատակն է:
Կարդացեք նաև
Երրորդը՝ մենք խոստացել ենք, որ արդարության վերականգման համար անհրաժեշտ է իրականացնել լյուստրացիա եւ այլընտրանքային արդարադատության միջոցով երկրում վերականգնել արդարությունը: Պետական կառավարման համակարգի խելամիտ փոփոխություններ ենք առաջարկում՝աստիճանական եւ հորիզոնական կապի վերականգնմամբ, նաեւ առաջարկում ենք Եվրաինտեգրման ուղղությամբ տրամաբանական եւ առաջանցիկ քայլերի ամբողջություն:
Խոստացել ենք մեր քաղաքացիական հանրությանը, որ եթե ունենանք բավարար չափաբաժնով քվեներ, ապա Հայաստանը տեղ չունի ոչ ՀԱՊԿ-ում, ոչ ԱՊՀ-ում, ոչ էլ ԵԱՏՄ-ում, իսկ խաղաղությանն առնչվող գործընթացներում մենք նախընտրում ենք հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղությունը, որը Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտում ես առաջիններից մեկն եմ, որ առաջ է մղել այդ կոնցեպտը: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ներուժի մեծացմամբ է հնարավոր հավասարակշռված խաղաղություն»,-ասաց Հայաստանի շնորհապետական կուսակցության առաջնորդը:
Մեր զրույցի ընթացքում արցախահայությանն էլ անդրադարձ եղավ: «Արցախի մեր հայրենակիցների բնական իրավունքները միանշանակ Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա տանել առաջ, եւ դա մեր առաքելության մեջ է: Որ ասում ենք՝ հավասարակշռված խաղաղություն, դա ենթադրում է նաեւ արցախահայերի իրավունքների լիակատար իրացում»,-նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ քարոզարշավի փուլում ինչպե՞ս է վերաբերվում քաղաքական ուժերի՝ միմյանց վերաբերյալ ոչ պատշաճ խոսույթին: «Միանշանակ բացասաբար…Երբ մենք գնում ենք մարզեր եւ պտտվում ենք Երեւան քաղաքով, երբեմն հանդիպում ենք հակառակորդ ուժերի համակիրներին, որոնք մեզ նույնպես ջերմությամբ են ընդունում, որեւէ ագրեսիա կամ հակակրանք չենք նկատել: Մենք ասում ենք՝ հարց չկա, ձեր քաղաքացիական իրավունքն է սատարել, համակրել այլ ուժերի, ի վերջո բոլորս հայ ենք, եւ հիմնականում խոսույթի կիզակետում պետք է լինեն գաղափարները, ծրագրերը, այլ ոչ թե անձինք: Եվ բոլոր այն քաղաքական ուժերը, որ թիրախավորում են բացառապես անհատների, առաջնորդներին՝ չունենալով ասելիք, պարզապես պղտոր ջրում ձուկ են որսում»,-ասաց մեր զրուցակիցը:
Գուրգեն Սիմոնյանին հարցրինք նաեւ, թե հանդիպումների ժամանակ մարդիկ հատկապես ինչ տեսակ հարցեր են իրենց ուղղում: «Մեծ մասամբ մարդիկ բողոքում են անարդար մթնոլորտից, այն ակնկալիքները, որ փայփայում էին 2018թ հեղափոխությամբ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության, չիրականացան, տապալվեցին, ժողովրդավարությունը չհամակարգայնացվեց, համազգային պահանջը՝ հեղափոխության միջոցով գալ արդարության վերականգնման եւ շրջաբերաբար փոխել Հայաստանի Հանրապետության ուղղվածությունն ու դիրքավորումը քաղաքակիրթ աշխարհում, ձախողվեց: Հեղափոխական գործընթացները, որ ժողովուրդն ընկալել էր որպես հեղափոխություն, դարձրին պարզունակ իշխանափոխություն, մարդիկ հիմնականում դրանից են տարակուսած, դրանից են բողոքում, դա է խնդրահարույց, որից եւ ածանցվում է կյանքի որակի ցածր մակարդակը, աշխատավարձերի, թոշակների հետ կապված հարցերը, դրամի գնողունակության նվազումը, անվտանգային, կրթական հարցեր, աշխատատեղեր եւ այլն»,-նշեց Սիմոնյանը:
Նրա ձեւակերպմամբ, հաճախ արդարության պակասն է բերել նրան, որ մեր քաղաքացիական հանրույթն իր բախտը փնտրում է օտար ափերում, ինչը մեծ խնդիր է. «30 տարուց ավելի մարդիկ փորձեցին իրենց երազանքների Հայաստանը կառուցել, բայց բոլոր ժամանակների ապիկար իշխանությունների պատճառով դա կյանքի չկոչվեց»:
Մեր հարցին, որ որոշ երկրներում ընտրությունների չգնալու համար տուգանք է սահմանված, իմաստ ունի՞ մեր երկրում էլ դա կիրառել, Գուրգեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Քաղաքացիական պարտքը չկատարելու դեպքում անհրաժեշտ է նաեւ տուգանել: Դա եւս քաղաքացիական պարտք է, պետք չէ բառերով սիրել երկիրը, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում, երբ մեկը աղբ է նետում, աղտոտում է մեր բնությունը,պատմամշակութային հուշարձանները, մենք կարող ենք նրան տուգանել, այդ դեպքում իր քվեն, իր ձայնը չիրացնելու պարագայում ինչո՞ւ չպետք է տուգանվի: Պետք է տուգանվի, բայց պետությունն էլ դրան զուգահեռ պետք է կարողանա ենթակառուցվածք ստեղծել, անհնարինության մեջ գտնվող մարդկանց քվեն իրացնելու հնարավորություն տա: Մարդիկ կան, որ հիվանդանոցներում են, պատժախցերում են, վնասվածքներ ունեն, կամ երկրից բացակայում են: Արտասահմանում գտնվող ցանկացած ՀՀ քաղաքացի զրկված է ընտրական իրավունքն իրականացնելու հեռանկարից: Եթե դու պատժաչափ ես նախաձեռնում եւ կիրառում, պարտավոր ես ապահովել նաեւ ենթակառուցվածքներ»:
Գուրգեն Սիմոնյանը ընդգծեց. «Գլխավոր մեր պատուհաս դարձած պետությունները մերթընդմերթ ու մշտապես միջամտել են մեր քաղաքական պրոցեսների ընթացքում եւ հայ ժողովրդին պարտադրել են իրենց թեկնածուներին: Ֆիզիկապես օբյեկտիվորեն հնարավորություն չունենք այդ մասշտաբով միջամտելու: Եվ այժմ հայ ժողովուրդն ունի եզակի պատմական շանս իր որոշմամբ իր ղեկավարներին ընտրելու, որոնք պարտական կլինեն բացառապես հայ ժողովրդին, հետեւաբար, լրատվականները պետք է հորդորեն, որ հայ ժողովուրդը, քաղաքացիական հանրույթը պատմության մեջ աննախադեպ մասնակցայնություն դրսեւորի այս ընտրություններին: Սա շատ կարեւոր է, սա էլ մեր քաղաքացիական պարտքն է: Ես առաջին հերթին հենց դա եմ հորդորում, երկրորդ հերթին հորդորում եմ, որ իրենց վստահությունը տան մեզ որպես այլընտրանքային ուժ՝ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ընտրաթերթիկի համարը 4-ն է»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձանք Ադրբեջանից հնչող ուղերձներին, Ալիեւի այն սպառնալիքներին, որ «Հայաստանի քաղաքական ոլորտում դեռևս կան շրջանակներ, որոնք առաջնորդվում են ադրբեջանական ժողովրդի և պետության նկատմամբ ատելությամբ, և եթե նրանք գան իշխանության, կտուժի հայ ժողովուրդը»։
Գուրգեն Սիմոնյանը դրա հետ կապված այսպես արձագանքեց. «Դա ակնհայտ աջակցություն է ներկայիս իշխանություններին, թող մարդիկ հասկանան, թե ինչու է Ադրբեջանն իրեն կոտորում եւ շահագրգիռ, որ ներկայիս իշխանությունները վերարտադրվեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից


















































