Հակակոռուպցիոն դատարանում, Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «ոչխարների գործ» պայմանական անունը ստացած գործի արդեն երկրորդ դատական նիստերում հարցաքննվում են վկաները;
Հովիկ Աղազարյանի պաշտպան Աննա Ծառուկյանի խոսքով, վկաները մեկը մյուսին հակասող, իրարամերժ ցուցմունքներ են տալիս։ «Մասնավորապես, պարզվում է, որ 200 հազարից 100 հազար դոլարը վերածվել է «ոչխար» առարկայի։ Այսինքն, խոսքը դրամի մասին չէ։ Սա վկաներից մեկն է շեշտադրել։ Այսինքն, կարող է գալ մի փուլ, երբ կհասկանանք, որ գումարի մասին ընդհանրապես խոսք չի գնացել։ Ավելին, վկաներն այն աստիճանի հակասությունների մասին են խոսում, որ չեն հիշում ով՝ ում հետ է մոտեցել իմ պաշտպանյալին, ով է մասնակցել այդ գումարն ուզելուց… Պարզվում է, որ Հովիկ Աղազարյանը որեւէ գումար չի ուզել, պարզվում է, որ մեկն անկապ թվեր է ասել։ Հետեւաբար, առհասարակ պարզ չէ, թե այս գործն ինչի մասին է։
Ես որպես պաշտպան կրկին պնդում եմ, որ սա քաղաքական հետապնդում է, սա դատական գործընթացի հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ դատարանում պետք է համենայն դեպս, իրողությունը պատմեին, ոչ թե իրար մերժեին»,-Aravot.am-ին ասաց Հովիկ Աղազարյանի պաշտպան Աննա Ծառուկյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































