Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հայկական իշխանությունների խարդախության զոհն ենք․ Նարեկ Գալստյան

Մայիս 15,2026 21:22 Share

24news.am կայքի գլխավոր խմբագիր, կայքի ղեկավար Նարեկ Գալստյանը ուղիղ եթերով այսօր անդրադարձել է կայքի յութուբյան ալիքի վրա հարձակման դեպքին։

«Երեկ ես և պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը իրար հետ մեր հերթական փոդքասթն էինք ձայնագրում, երբ հաղորդման ընթացքում ինձ մեյլ եկավ, որ 24 news-ը խախտել է համակեցության կանոնները, որի պատճառով ալիքը միանգամից ջնջվում է։ Ես դադարեցրի ձայնագրությունը, որովհետև սովորական վիճակ չէր, ու դրանից հետո ուսումնասիրեցի՝ ինչ է կատարվել։

Յութուբը խիստ կանոններ ունի, առնվազն պետք է ստանաս երեք զգուշացում միաժամանակ ինչ-որ գործողություն կատարելու համար, որից հետո ալիքը դառնում է անհասանելի։ 24-ը մոտ 330.000 հետևորդներով որևէ խնդիր ու զգուշացում չուներ, ամսական ապահովում էր մոտ 9-14 միլիոն դիտողականություն, ու հենց այդպես ալիքն անջատելը, բնականաբար, շատ տարօրինակ էր։

Տեղեկատվության անվտանգության փորձագետներն ինձ զգուշացնում էին՝ ընտրական շրջանում իշխանությունները փորձելու են իրականացնել լրատվամիջոցների տեղեկատվության հասանելիության սահմանափակում, ու այդ հնարավոր սահմանափակումը լինում է յութուբ, ֆեյսբուք անջատելով, այսինքն՝ այնտեղ, որտեղ ունեն հնարավորություն։ Դրան և՛ լուրջ էի վերաբերում, և՛ անլուրջ, բայց արի ու տես՝ մի քանի այլ յութուբյան ալիքներ ջնջելուց հետո հերթը հասավ մեզ։

Ես վստահ եմ, որ սա իրականացվել է Երևանի պատվերով, ես վստահ եմ՝ այս ամենը դեռ շարունակվելու է ու կապ ունի ընտրությունների հետ, ես վստահ եմ՝ այն հիբրիդային պատերազմ կոչվածը, որի մասին մեր իշխանությունները խոսում էին, հատուկ անոնսվել էր, որ հետագայում ում ուզեն, ինչ ուզեն անեն, այդ թվում՝ լրատվամիջոցներին»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ իրենց յութուբյան ալիքը մնում է իրենց համար անհասանելի։

Գալստյանի խոսքով՝ այս ընտրական փուլում իրենք դարձել են այս հայկական իշխանությունների խարդախության զոհը․ «Այն իշխանությունների, որ ասում էին՝ Հայաստանում ազատ խոսք, ժողովրդավարական բաստիոն, այդ ամեն ինչը այն գլխից հեքիաթ էր, հիմա մեր մաշկի վրա գիտենք, որ հեքիաթ էր»։

Գալստյանը նաև կարծում է, որ իրենց լրատվամիջոցից հետո հարձակումներ կլինեն նաև այլ լրատվամիջոցների վրա․ «Շարունակվելու է, շատ ավելի այլանդակ դրսևորումներ ենք ունենալու, բնականաբար, սա նաև տեղի է ունենում աշխարհաքաղաքական կոնկրետ աջակցությամբ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031