«Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Մի սեւազգեստ կին մոտեցավ Ռոբերտ Քոչարյանին ու տեղեկացրեց իր որդու եւ ուժային կառույցների 78 տղաների խնդրի մասին: «Բոլորին գրել են ոչ թե զոհված, այլ մահացած զինծառայող: Հարցը 2 անգամ Արթուր Խաչատրյանը բարձրացրել է Ազգային ժողովում, բայց մինչեւ հիմա հարցը օդում է: Ես ուզում եմ 78 տղաների հարցը լուծվի, ոչ մի տեղ չի երեւում մեր տղաների արածը, իրենք կարգավիճակ չունեն, որ հետագայում իրենց զավակներն իմանան, թե ովքեր են եղել իրենց ծնողները»,-ասաց զոհված զինծառայողի մայրը: ՀՀ երկրորդ նախագահը զարմացավ, որ մինչեւ հիմա հարցն առկախ է մնացել:
ԱԺ դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց, որ վերջին օրերին քարոզարշավը մի քիչ թեժացել է. « Բայց քարոզարշավը թեժացավ ինչի՞ց… Իշխող ուժի հիստերիայից: Նկատե՞լ եք՝ ինչ բառապաշարով սկսեցին խոսել, նկատե՞լ եք ինչ անկանոն շարժումներ սկսեցին անել, էլի վերադառնալ անպատասխանատու հայտարարություններին, հասնել այնտեղ, որ մտնում մարդկանց ասում են բարեւ ձեզ, մարդիկ ասում են՝ չենք ուզում ձեզ տեսնենք, ամենավատ օրն է, որ ձեզ տեսնում ենք… Ինչի համար է այս ամենը, այս հայտարարություններն ինչու են արվում, այդ ահավոր ձայնը, որ դուք լսում եք… Ժողովուրդ ջան, այս պահվածքը ինքնավստահ, իր ուժերին վստահ, 60 % ունեցող ուժի պահվածք չի: Սա մի ուժի պահվածք է, ով հասկանում է, որ հունիսի 7-ին կարող է իշխանություն կորցնել, ու այդ ճանապարհով էլ գնում է»:
Պատգամավորի խոսքով, ՔՊ-ականները 5 տարի առաջ եւս եկել են այստեղ, տվել նախընտրական խոստումներ, ամեն ինչ ասել են, սակայն ոչինչ չեն արել 2021-ին տված խոստումներից. «Այս վերջին մի քանի ամիսը մի հաշվեք, այս երկրում թոշակները ընտրությունից ընտրություն չպետք է բարձրանան, վերջին 6 ամիսը ձեր մասին չպետք է հիշեն, վերջին 6 ամիսը իրար խառնված չպիտի գան ու ձեզ ոսկի սարեր խոստանան, ասեն՝ տուգանքները կջրենք, օրենքները կչեղարկենք, ինչու չէիք անում 5 տարի, 8 տարի է արդեն իշխանության եք: 6 ամիսը մեկ ընտրություն անե՞նք, որ մարդկանց համար մի բան անեք: Ժողովուրդ ջան, դուք արժանի չեք իշխանության, ով ձեզ հիշում է միայն ընտրություններից առաջ»:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ ամեն անգամ Վեդի մտնելուց, Վեդիի զոհված տղաների նկարներին է հանդիպում. «Վերեւից նայում են: Վերեւից 2 իմաստով, վստահ եմ նաեւ երկնքից են նայում, թե այսօր ինչ է կատարվում իրենց երկրում՝ իրենց հերոսությունից տարիներ հետո: Ցավոք,հիմա տղաների նկարները խունացել են, քանի տարի չեն փոխվել, չեն թարմացվել: Ու քանի այս ապիկարները, ապազգային տարրերն են իշխանության, այդ նկարները ոչ միայն չեն փոխվելու, այլեւ եթե հանկարծ սրանք շարունակեցին, այդ նկարներից հրաժարվելու են, ինչպես հրաժարվում են մեր հերոսական անցյալից, մեր ձեռքբերումներից, երբ հայտարարում են՝ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր: Մի ուրիշ տեղ ասել եմ՝ ճակատագրական սխալը սրա ծնվելն էր…
Կարդացեք նաև
Ամբողջ հանրապետությունը լցված է դրա սղալած, ականջները փոքրացրած, կեղծ ժպիտը դեմքին նկարներով, բայց որ ինքը ոտքից գլուխ կեղծ է, կարծում եմ՝ բոլորս համոզվել ենք…
Սրտիկների մասին ասեմ՝ ամեն տեղ, ամեն առավոտ, ամեն պատին, ամեն ցուցանակին սրտիկ, սրտիկ, ես ձեզ սիրում եմ… Սուտ է ասում ժողովուրդ ջան, ատում է ձեզ… Պատկերացրեք մի տղամարդ ամեն օր կնոջը սրտիկ ցույց տա, էդ կինը կմտածի սա ղզիկ է: Ի վերջո դա եւ կանանց է ցույց տալիս, եւ տղամարդկանց…Պատկերացրեք մի տղամարդ մի տղամարդու ամեն օր սրտիկ ցույց տա, ինչ կմտածի այդ տղամարդը…Այդ մարդը ոտքից գլուխ կեղծ է, որ ամեն օր ասում է ես ձեզ սիրում եմ, սուտ է ասում, ինքն ատում է այս ժողովրդին… Մի քանի օր առաջ մեր նախագահը լավ բան ասաց, ասաց՝ նա ոչ թե վախենում է, որ ով իրեն կզացրել է, այլ վախենում է՝ ով իր առաջ չի կզել…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































