Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Ճանապարհ դեպի Արցախ լինելո՛ւ է, հակառակ դեպքում՝ մենք կկորցնենք և՛ մեր անունը, և՛ ազգանունը, և՛ ինքնությունը, և՛ մարդ տեսակը». Կարապետ Պողոսյան

Մայիս 16,2026 23:41 Share

Մայիսի 15-ին Կինոյի տանը կայացավ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, իրական ընտանիքների, նրանց պատմությունների և ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու վտանգի մասին է։ Ֆիլմի գաղափարը առաջացել է «Հայաքվե»-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։

«Հայաքվե»-ի շտաբի համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ եթե ֆիլմում ներկայացվող բոլոր պատմությունները միավորենք, ապա դա մեծ ցավ է, բաց վերք, այն մասին է, թե ինչ ողբերգության միջով են անցել հայ ընտանիքները։ Ֆիլմի ուղերձն այն է, որ չի՛ կարելի թույլ տալ, որ դա կրկնվի։ Հղում անելով ֆիլմի վերնագրին՝ նա նշեց, որ ծիծեռնակը խորհրդանշում է այդ ընտանիքները և հիմա եկել է ժամանակը, որ «ծիծեռնակը հյուսի իր բույնը շյուղերից և ստիպված չլինի փոխել»։ Այդ իմաստով պարոն Չալաբյանը նշեց, որ մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առջև։

Ֆիլմի ռեժիսորներից Հովհաննես Իշխանյանը շատ կարևոր է համարում այս արդիական և հրատապ հարցի մասին խոսելը։ Ֆիլմը ռեժիսորի համար երկու կարևոր նշանակություն ունի. առաջինը այս կարևոր հարցը և դրա ծանր հետևանքները իրական մարդկանց և պատմությունների միջոցով ներկայացնելը, երկրորդը՝ որպես ռեժիսոր, ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցչի՝ ուսանող Սուրեն Բելյանի հետ աշխատելն է։ Ռեժիսորը իր ավագ գործընկերներին նույնպես խուրհուրդ է տալիս համագործակցել երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։ Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը նկարահանելիս դժվարությունների են հանդիպել Ամասիայում, քանի որ մարդիկ վախեցել են խոսել, նաև նկարահանող անձնակազմին գաղտնի հետևել են։

Ռեժիսորը նշեց, որ Սուրեն Բելյանը, ով նաև ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է, վերջում գտնում է այն հարցի պատասխանը, թե ինչ պետք է անել, որ «ծիծեռնակները այլևս կարիք չունենան նոր բույն հյուսելու»։ Ռեժիսորը հույս ունի, որ ֆիլմը դիտելուց հետո հանդիսատեսը կունենա այն հարցի պատասխանը, թե ինչ է պետք անել, որպեսզի այլևս ծիծեռնակի բախտին չարժանանանք և, «խմելով ծիծեռնակի հավատի կենացը», իրականանան մեր բոլոր երազանքները։

Ֆիլմը ներկայացված է մի շարք փառատոններին մասնակցելու։ Ֆիլմը հանդիսատեսին ներկայացնելու համար հետագայում կկազմակերպվեն նոր ցուցադրություններ այն տարածաշրջաններում, որտեղ կցանկանան ֆիլմը դիտել։ Ֆիլմի հետ կապված աշխատանքներում ներգրավված են եղել նաև թուրքագետ, դոցենտ Վարուժան Գեղամյանը և Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։ Ֆիլմի ցուցադրությունից հետո ֆիլմի ստեղծագործական անձնակազմի, հերոսների և հանդիսատեսի միջև քննարկում և հարցուպատասխան տեղի ունեցավ։ Այդ քննարկման ընթացքում ֆիլմի հերոսներից մեկը՝ իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը նշեց, որ սա ուղղակի բախում չէր, սա ադրբեջանցների կողմից մեր «տուն», մեր ինքնություն ներխուժելու փորձ է, որովհետև Արցախը մեզ համար ինքնություն էր, հայրենիք, անձնագիր, պարոն Պողոսյանի համար այս ֆիլմը հերթական ճիչն է, որը գոռում է անարդարության դեմ, միևնույն ժամանակ պարտադրում է վերականգնել արդարությունը։

Պարոն Պողոսյանը վստահ է՝ ճանապարհ դեպի Արցախ լինելու՛ է, հակառակ դեպքում՝ մենք կկորցնենք և՛ մեր անունը, և՛ ազգանունը, և՛ ինքնությունը, և՛ մարդ տեսակը։

Պայծառ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031