Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի

Մայիս 18,2026 09:59 Share

Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի: Առաջադրող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է  ստորև.

18 մայիսի, 2026թ.

 

Հայտարարություն՝ Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

 

Մենք՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող  ներքոստորագրյալներս,  հայտարարում ենք, որ հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանին առաջադրել ենք Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի:

Այս առաջադրումը հիմք է ընդունում  Ռուբենի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ Մենք խորապես  հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին:

Ռուբեն Վարդանյանի, նրա գործընկերներ Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի համահիմնադրած  «Ավրորա» մրցանակը հնարավորություն  է տվել շարունակել «Ավրորա» -ի դափնեկիրների գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և բառացիորեն հազարավոր կյանքեր փրկել աշխարհի տարբեր երկրներում ու մայրցամաքներում:  Ռուբենը հավատում է, որ բարին հավերժ է և անմահ, և այն ուժեղանում է, երբ բարի գործ ես անում: Նրա շնորհիվ ու աջակցությամբ հնարավոր է եղել  շարունակել պաշտպանել դժվարին  իրավիճակներում հայտնված մարդկանց իրավունքները, կյանքը շարունակելու երկրորդ  հնարավորություն տալ նրանց:

Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության  պաշտպանությունը ամեն ինչից վեր է: Այդ իսկ պատճառով մեզ բոլորիս համար ավելի քան հասկանելի էր ծանր վիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցների կողքին գտնվելու նրա որոշումը: Ռուբենն այնտեղ հանդես էր գալիս որպես  բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպան։

Էությամբ ու հավատամքով  լինելով պացիֆիստ՝ Ռուբենը վտանգի տակ դրեց իր կյանքն ու ապահով ապագան՝ երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման ուղիներ որոնելու համար աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտության գոտիներից մեկում։

«Մարդկային բանականությունը, արժանապատվությունը, համերաշխությունն ու փոխըմբռնում փնտրելու և արդար պայմաններում համատեղ ապրելու պատրաստակամությունը կհաղթեն այն ամենին, ինչ սպառնում է դրանց»։ Սրանք Վացլավ Հավելի խոսքերն են՝ ասված 1995 թվականին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի բացման արարողությանը: Ռուբենը ևս այս գաղափարախոսության ու արժեքների  կրողն ու հետևորդն է:  Ուստի մենք խորապես հավատում ենք, որ նրա առանձնահատուկ գործունեությունը լիովին համահունչ է  այս մրցանակի ոգուն և  Վացլավ Հավելի սկզբունքներին:

Ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից  շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ ներկայումս պահվում է Բաքվի բանտում:

Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումն արժանի գնահատական կլինի ինչպես  Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ  կարևոր քայլ կդառնա նրա  և  Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։

 

Առաջադրող խումբ՝

Վահան Զանոյան, գրող, թրաֆիքինգի դեմ պայքարի աջակից, գլոբալ էներգիայի հարցերով խորհրդատու

Մարգարիտ Բարանկիցե, բուրունդիացի իրավապաշտպան, Maison Shalom խնամքի տան հիմնադիր

Թոմ Քաթինա, ամերիկացի բժիշկ և մարդասեր, Սուդանի Նուբա լեռներում գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր

Ջուլիեն Լուսենգե,  իրավապաշտպան, մարդասեր, Կոնգոյի Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության համահիմնադիր

Միրզա Դինայի, իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, «Luftbrücke Irak» կազմակերպության համահիմնադիր

 

Համառոտ տեղեկանք ՝ Վացլավ Հավելի մրցանակի մասին

 

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի:

Չեխ  լեգենդար գործիչ, Չեխոսլովակիայի վերջին և Չեխիայի առաջին նախագահ, թատերագիր, հրապարակախոս և իրավապաշտպան  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակն ամեն տարի շնորհվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից՝ Չեխիայի կառավարության, Václav Havel Library-ի և Charta 77 Foundation-ի համագործակցությամբ:

Մրցանակը հիմնադրվել է և շնորհվում է 2013 թվականից՝ նպատակ ունենալով գնահատել անհատների և կազմակերպությունների բացառիկ գործունեությունը՝ միտված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ուշագրավ է, որ  մինչև հիմա եղած տասներկու մրցանակակիրներից  ինը դատապարտված են եղել  կամ դեռ դատապարտված են իրենց  գործունեության համար: Մասնավորապես, 2014թ. մրցանակը շնորհվել է ադրբեջանցի դատապարտված իրավապաշտպան Անար Մամադիին, 2022 թ-ին՝  ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ , այդ ժամանակ դատապարտված Վլադիմիր Կարա-Մուրզային, 2023 թվականին՝ թուրք բարերար, գործարար,  իրավապաշտպան, բանտում գտնվող Օսման Կավալային: 2016թ. մրցանակի է արժանացել եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադը, որը  նաև 2018թ. Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրն է:

Ըստ մրցանակի կանոնադրության՝   մրցանակակրի  անունը հայտարարվում է ամեն տարի սեպտեմբերին, Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031