Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Մայիս 19,2026 10:44 Share

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն՝ ՀՀ վարչապետի կողմից քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով սպառնալու վերաբերյալ։

Մայիսի 18-ի՝ գալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով։ Նրանցից երեքն առաջնորդում են ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժեր։

Որպես սպառնալիքների «հիմնավորում» Փաշինյանը վկայակոչել է անհայտ ծագման տեսանյութ, որտեղ դիմակավորված և զինված չորս անձ սպառնում են իրեն։ Առանց որևէ փաստի՝ Փաշինյանը վերագրել է տեսանյութն ընդդիմադիրներին, պնդելով, որ դիմակավորվածների թիկունքում կանգնած են իր քաղաքական մրցակիցները։

ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

Մայիսի 18-ին, ժամը 11։30-ին Երևանի Արաբկիր համայնքում քարոզարշավի ընթացքում Ն․ Փաշինյանը ցուցադրեց տեսանյութ, որտեղ դիմակավորված չորս անձինք սպառնում են իրեն[1]։ ՔԻՀԿ-ը չի կարողացել գտնել տեսանյութի սկզբնաղբյուրը։

Նույն օրն ավելի ուշ այն տարածել է ՔՊ-ին պատկանող Civic.am[2], ինչպես նաև նախկինում Ն․ Փաշինյանի ղեկավարած և այժմ իր ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակը[3]։ Որևէ մեկում տեսանյութի սկզբնաղբյուրի մասին տեղեկություն չկա։ Սկզբնաղբյուրը նշված չէ նաև ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին հայտարարության մեջ[4]։ Ամեն դեպքում, տեսանյութը լայն տարածում ստացավ հենց Փաշինյանի և յուրային կայքերի միջոցով։

ժամը 13։20-ին հերթական տեսանյութում Ն․ Փաշինյանը հայտնեց, որ դեռևս մայիսի 17-ին է տեսել տեսանյութը․ «Էրեկ ինձ ցույց են տալիս չորս հոգի, Ղարաբաղի ակցենտով խոսում են՝ սենց մասկեքով[5]․․․»[6]։ Նույն ելույթի ժամանակ Փաշինյանը կապում է այդ դիմակավորված անձանց ընդդիմադիր առաջնորդների հետ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի[7]։

Փաշինյան․ Էդ մասկեքով ստահակներին ես ասում եմ՝ հանեք ձեր մասկեքը, ա՛յ համբալներ։ Դուք մեր էրեխեքին դիրքերում մենակ թողել եք, փախել։ Տականքնե՛ր, ստահակնե՛ր։ Ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ համապատասխան տեղերը, համբալի լակոտներ։ Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի[8] քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում։

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Ավելի վաղ՝ ժամը 10։30-ին, քարոզարշավի ընթացքում Փաշինյանին մոտեցել էր քաղաքացի[9], որը քննադատում էր վարչապետին 2020թ․ պատերազմի պարտության և դրա հետևանքների համար[10].

Քաղաքացի. Դուք պետությունը քանդում եք։

Փաշինյան. հիմա … ուրեմն … լսե՛ք … Ի՞նչն եմ քանդում։ Ի՞նչն եմ քանդում։

Քաղաքացի. Դուք փորձեցիք մեզ կզացնել…

Փաշինյան. Դուք ովքե՞ր եք։ Եթե դուք Ռոբն եք, մենք քեզ … ձեզ կզացնելու ենք։ Եթե դուք Ռոբն եք, Ռոբին էլ եմ կզացնելու, Կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու։

Վիճաբանության ամբողջական սղագրությունը հասանելի է Հավելվածում։ Այդ ընթացքում Փաշինյանն ակնարկում էր դիմակավորված անձանց տեսանյութի մասին։ Միջադեպի ընթացքում Փաշինյանը արել է հետևյալ արտահայտությունները․

Փաշինյան․ Ուրեմն եթե դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ։ Ռոբը նստելու ա։ Ռոբին սատկացնելու եմ։ Կալուգացուն էլ եմ սատկացնելու։

Նույն օրվա ընթացքում ընդդիմադիրների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները Փաշինյանը կրկնեց ևս մի քանի անգամ։ Միջադեպի վերաբերյալ լրագրողի հարցին՝ «ձեր տեսանկյունից՝ հայ տղամարդուն հարի՞ր է կնոջ հետ այդպես խոսել», Փաշինյանը պատասխանել էր[11].

Փաշինյան. Ես կնոջը չեմ սպառնացել, ես Ռոբիկին եմ սպառնացել ու հիմա էլ եմ սպառնում։ Սպառնու՛մ եմ, սպառնու՛մ եմ, ասում եմ ՝ սատկացնելու եմ, սատկացնելու՛ եմ։

Մեկ այլ դրվագում Փաշինյանը պատասխանում է Ազատություն ռադիոկայանի լրագրողի հարցին և կրկին ցույց տալիս դիմակավորված անձանց տեսանյութը[12]

Փաշինյան․ Էս մասկեքովին՝ սպառնում եմ կոնկրետ ուժային գործողություններով, սաստիկ ուժային գործողություններով սպառնում եմ ․․․ սրանց սատկացնելու եմ։

Լրագրող․ Դուք Ձեր մրցակիցների անուններն էլ նշեցիք

Փաշինյան․ Որովհետև թիկունքում մրցակիցներն են կանգնած։ Եվ նաև մրցակիցներին, այո։ Մրցակիցներին։ Սպառնում եմ։ Սպառնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ Հայաստանի Հանրապետության ․․․ 5000 զոհ ասելու համար սպառնում եմ։ Կոնկրետ սպառնում եմ, Ռոբիկ, Կալուգացի, Սերժ, Գագո՝ բոլորիդ սպառնում եմ։

Լրագրող․ Փաստեր ունե՞ք․․․

Փաշինյան․ Այո՝ փաստ էն ա, որ իրանց խոսույթի հետ հարյուր տոկոսով․․․

 

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախկինում Փաշինյանի սպառնալիքներին հաջորդել են ուժային կառույցների գործողություններ։ Օրինակ՝ 2025թ․ հունիսի 17-ին, Սամվել Կարապետյանը (ներկայում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի փաստացի առաջնորդ) հարցազրույցի ընթացքում աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Դրանից անմիջապես հետո Ն․ Փաշինյանը գրառում էր կատարել․

Փաշինյան․ Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն»[13] ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ[14]։

Այս և մի քանի նմանատիպ հայտարարություններից ժամեր անց ԱԱԾ-ն շրջապատել էր Ս. Կարապետյանի տունը, խուզարկել, իսկ հաջորդ օրը գործարարը կալանավորվել էր[15]։

Նախընտրական շրջանում վարչապետի կողմից նման սպառնալիքներն ինքնին հարցականի տակ են դնում ընտրապայքարի արդարացիությունն ու քաղաքական ուժերի՝ հավասար մրցակցային պայմաններից օգտվելու հնարավորությունը։ Դիմակավորված անձանց անհայտ ծագման տեսանյութն օգտագործվում է որպես պատրվակ։

Հաշվի առնելով նախկին փորձը, ինչպես նաև Փաշինյանի՝ ուժային կառույցների և դատական համակարգի նկատմամբ ունեցած լծակներն ու ազդեցությունը[16], մայիսի 18-ին հնչեցված հաշվեհարդարի սպառնալիքները պետք է ընկալվեն լուրջ և մեկնաբանվեն որպես վերահաս քաղաքական հետապնդումների սպառնալիք։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԻ և ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՃԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սկզբնաղբյուրը՝ Ն․ Փաշինյանի ֆեյսբուքյան եթերում (09։50-ից)։ Հասանելի է նաև՝ աղբյուր 2 և աղբյուր 3.

 

Քաղաքացի. Բարձրաստիճան սպա… բռնի անհետացած և կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քանի՞ հատ ունեք։

Փաշինյան. 197 անձ անհետ կորած ա։

Քաղաքացի. Սուտ եք ասում դուք։ Անհետ կորած քանի՞ բարձրաստիճան…

Փաշինյան. Տիկի՛ն, կոռեկտ արտահայտվեք։

Քաղաքացի. Ես ասում եմ …

Փաշինյան. Կոռեկտ արտահայտվեք։

Քաղաքացի. … քանի՞ բարձրաստիճան սպա ունեք բռնի անհետացած։

Փաշինյան. Ընդհանուր բռնի անհետացածների թիվը 197 է։

Քաղաքացի. Բարձրաստիճան սպա եմ ասում։ Դուք չգիտեք։

Փաշինյան. Ինձ համար բարձրաստիճան, ցածրաստիճան կապ չունի։ Բռնի անհետա․․․

Քաղաքացի. Դուք փորձեցիք մեզ կոտորել․․․

Փաշինյան. Ո՞ւմ «Ձեզ կոտորել»…

Քաղաքացի. Դուք մեզ կոտորել եք․․․ [հստակ չէ, Փաշինյանի աջակիցները կողքից գոռգոռում են քաղաքացու վրա]

Քաղաքացի. Ապահովե՛ք իմ խոսքը։

Փաշինյան. Ապահովում ենք։

Քաղաքացի. Դուք փորձեցիք մեզ կզացնել …

Փաշինյան. Նախ կներկայանա՞ք։

Քաղաքացի. Մենք չենք կզել …

Փաշինյան. Կներկայանա՞ք։

[Փաշինյանի աջակիցները սկսում են վանկարկել «Նիկոլ վարչապետ»՝ խլացնելով քաղաքացու խոսքը]

Փաշինյան. Բժշկական գիտությունների թեկնածու… Որտե՞ղ եք աշխատում դուք։ Որտե՞ղ եք աշխատում։

Քաղաքացի. [չի հասկացվում]

Փաշինյան. Չէ՛, ասե՛ք որտե՞ղ եք աշխատում։ Մենք առողջապահության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել, դուք էլ …

Քաղաքացի. Դուք պետությունը քանդում եք։

Փաշինյան. հիմա … ուրեմն … լսե՛ք … Ի՞նչն եմ քանդում։ Ի՞նչն եմ քանդում։

Քաղաքացի. Դուք փորձեցիք մեզ կզացնել…

Փաշինյան. Դուք ովքե՞ր եք։ Եթե դուք Ռոբն եք, մենք քեզ … ձեզ կզացնելու ենք։ Եթե դուք Ռոբն եք, Ռոբին էլ եմ կզացնելու, Կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու։

Քաղաքացի. Եթե …

[Փաշինյանի աջակիցներից մեկը բռնում է կնոջ ձեռքը]

Քաղաքացի. Թո՛ղ: Ձե՛ռքդ…

Փաշինյան. Եթե դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ։ Ռոբին կզացնելու եմ։

Քաղաքացի. Ութը տարի անեիք…

Փաշինյան. Հիմա եմ անելու։ Կզացրել եմ և կզացնելու եմ։

Քաղաքացի. Ես հայ եմ։

Փաշինյան. Ես հայ եմ, ով պետություն ունեմ։

Քաղաքացի. Ես հայ եմ ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։

Փաշինյան. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ձեր Ռոբը գնդակահարել ա։ Գնդակահարել ա։

Քաղաքացի. Դու ես գնդակահարել։

Փաշինյան. Ես չեմ գնդակահարել։ Ես [չի հասկացվում]։ Իմ… Ձեր ասած Ռոբը … Դուք … Դուք … Դուք …

Քաղաքացի. [չի հասկացվում]:

Փաշինյան. Դուք տասնյակներով եք… Ես բավարար չափով ձեզ լսեցի։

Քաղաքացի. [չի հասկացվում]:

Փաշինյան. Ուրեմն եթե դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ։ Ռոբը նստելու ա։ Ռոբին սատկացնելու եմ։ Կալուգացուն էլ եմ սատկացնելու։

Քաղաքացի. Դուք… Թուրքի առաջ կզածը դուք եք։

Փաշինյան. Դուք եք կզել։ Դուք եք, որ փախել եք … Փախել եք։

Քաղաքացի. Ատում եմ ձեզ։ Ատում եմ։

Փաշինյան. Ռոբը…

Քաղաքացի. Ամբողջը ձեր մեղքն ա։

[Քաղաքացին փորձում է հեռանալ։ Փաշինյանը թևից բռնում, քաշում է հետ…]

Փաշինյան. Արի մի րոպե, մի՛ գնա։ Ռոբը, Սերժը և մյուսները, ովքեր … էն, ովքեր ․․․ Մի րոպե, հանգիստ լսեք։ Ես ձեզ լսեցի … Ուրեմն էն մասկեքով, որ Ղարաբաղի ակցենտով խոսում են…

Քաղաքացի. Լսի՛ր … մոռացի՛ր …

Փաշինյան. Դրանք փախածներն են, փախածները։ Ֆեռարին ֆորսաժով փախել են պատերազմին։ Մեր երեխեքին էլ լքել են։ Մեր երեխեքին էլ լքել են … Լսե՛ք, Ռոբին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու, Կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ։

Քաղաքացի. Ութը տարի ա՝ վարչապետ եք։ Մի լավ բան անեիք։ Ութը տարի հնարավորություն ունեիք …

Փաշինյան. Էսա կասեմ. առողջության ապահովագրություն, թոշակ, բնակարան, մի միլ…

Քաղաքացի. Ապահովագրությունը իմ հաշվին ես արել։

Փաշինյան. Մի միլիարդ … Մի միլիարդ …

Քաղաքացի. Ես քո հետ խոսալու չունեմ։ Ես եկա ասեմ, որ ատում եմ քեզ։ [Փորձում է հեռանալ]

Փաշինյան. Բա ինչի՞ եք եկել։

Քաղաքացի. Ես եկա ասեմ, որ ատում եմ քեզ։ Դու թշնամի ես։

Փաշինյան. Ո՛չ։ Կանգնե՛ք [Կանգնում է հեռանալ փորձող քաղաքացու դիմաց]։ Կանգնե՛ք, էս պտի լսեք։

Քաղաքացի. Դու թշնամի ես։ Ութը տարի ա ես ձեզ լսում եմ։

Փաշինյան. Կանգնեք, և լսե՛ք։

Քաղաքացի. Ութը տարի ա ես ձեզ լսում եմ։

Փաշինյան. Էն Ղարաբաղի ակցենտով … Մի րոպե … Էն Ղարաբաղի ակցենտով … որ մասկեքով … Մի րոպե լսի՛ … Ղարաբաղի ակցենտով … Ասում եմ. Ռոբիդ կզացնելու եմ, Ռոբիդ կզացնելու եմ, չոքցնելու եմ, սատկացնելու եմ, Կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու․․․

Քաղաքացի. Ութը տարի ա ինչով էիր զբաղված, այ ողորմելիներ …

Փաշինյան. Ողորմելին դուք եք։

Քաղաքացի. Ութը տարի ի՞նչ էիք անում։

Փաշինյան. Երկիր էինք սարքում, պետություն էինք սարքում։

Քաղաքացի. Քանդել ես երկիրը։

Փաշինյան. Դուք եք քանդել։

Քաղաքացի. Քանդել ես երկիրը։

Փաշինյան. Դուք եք քանդել։ Ղարաբաղով թալանել եք։

[Քաղաքացին վերջապես կարողանում է հեռանալ]

Փաշինյան. Եւ ես ասում եմ, էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում … վիդեոն, դուք փախած լակոտներ եք։ Հանե՛ք ձեր մասկեքը հլը։ Հանե՛ք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ… Այ … այ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ …

Անահիտ Ավանեսյան. Այո՛։

Փաշինյան. Ղարաբաղի ակցենտով, մասկեքով վիդեո են տարածում։ Ասում ենք դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փախել եք մարտադաշտից։ Հանե՛ք ձեր մասկեքը։ Հանե՛ք ձեր մասկեքը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, Կալուգ… Չոքցնելու եմ սաղիդ։ Հատ-հատ մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղերդ։

[Փաշինյանի աջակիցներ, այդ թվում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան.] Այո՛։

 

[1] Ուղերձ դիմակավորված փսլինքներին, Facebook սոցցանցում Փաշինյանի պաշտոնական էջ, 18․05․2026թ., https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/4567881823487879

[2] Գիդըմենք որ փողոցներով ես անց կենում, պատասխան ես տալու․ Ղարաբաղի ակցենտով ու դիմակներով սպառնալիքներ՝ վարչապետի հասցեին, Civic am, 18․05․2026թ․, https://www.facebook.com/reel/2434866123683637

[3] Հայկական Ժամանակի տելեգրամյան ալիքը, տարածվել է էջում 18․05․2026թ․, ժամը 12։15-ին, https://t.me/armtimes_com/39539

[4] Facebook սոցցանցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի էջ, 18․05․2026թ. https://www.facebook.com/kima.avdalyan.517536/posts/pfbid023ax1dd8PCZJQbJ5qTy2YDZvoMk2cVNZC1Ru1XsX82QHsquZ1Wez5DU74Xpga5r5gl?locale=hy_AM

[5] Ռուսերեն маска բառից՝ «դիմակ»

[6] Մենք տարածաշրջանային միջավայրում պետք է կարողանանք առանց կողմնակի օգնության ապրել, հակառակ դեպքում լինելու ենք ստրուկ, Facebook սոցցանցում Փաշինյանի պաշտոնական էջ, 18․05․2026թ., https://www.facebook.com/reel/3354882838025620

[7] Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է, Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը, Գագիկ Ծառուկյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, իսկ Սերժ Սարգսյանը՝ «Հայաստանի հանրապետական կուսակցության» առաջնորդը (Ս․ Սարգսյանը ընտրություններին չի մասնակցում)

[8] Նկատի ունի Սամվել Կարապետյանին, հեգնելով այն փաստը, որ Կարապետյանը աշխատել է ՌԴ Կալուգայի տարածաշրջանում։

[9] Քաղաքացին բժիշկ Արփինե Սողոյանն է, որի եղբայրը՝ փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանն անհետ կորել է 2020թ․ պատերազմի ընթացքում։

[10] Արաբկիր վարչական շրջան, Facebook սոցցանցում Փաշինյանի պաշտոնական էջ,18.05.2026թ․., https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1458129359330461 (09։50-ից)

[11] Ֆիզիկական սպառնալիք ա, պոլերով ենք տալու, սատկացնելու ենք դրանց. Փաշինյան, Factor tv, 18.05.2026թ., https://www.youtube.com/watch?v=sNFeZn7Oj-o (01։55-ից)

[12] «Սպառնում եմ ՀՀ օրենսդրությամբ և արդարադատությամբ». Փաշինյան, Ազատություն, 18․05․2026թ․, https://www.youtube.com/shorts/AGYIoPOX7BA

[13] Ս. Կարապետյանը նաեւ հայտնի է Հայաստանում եւ Արցախում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերով։

[14] «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» …», Facebook սոցցանցում Փաշինյանի պաշտոնական էջ, 17.06.2025թ., https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1256914822456483/

[15] Մանրամասները հասանելի են «Անարդարադատությունը Հայաստանում. 2025թ. զանգվածային քաղաքական հետապնդումները, Մաս Ա (մայիս-սեպտեմբեր)» զեկույցում, ՔԻՀԿ, 05.11.2025թ., https://acpr.center/hy/publications/report-injustice-in-armenia/

[16] Նույն տեղում, էջ 10-12

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031