ԵՊՀ դոցենտ, քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը, մեզ հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի փողոցային բառապաշարի, նրա քարոզարշավների ու սպառնալիքների մասին, ասաց. «Մեծ տագնապով նկատում եմ, որ օրեցօր նախընտրական քարոզարշավն ավելի ու ավելի է վերածվում ատելության խոսքի տարածման, բռնարարքների եւ բռնաճնշումների մի մեծ շղթայի: Դրա բացատրությունը կարող է լինել երկու հարթության վրա: Առաջինն այն է, որ իշխանությունը` Փաշինյանի գլխավորությամբ, առաջին անգամ առերեսվում է ոչ թե «ուրախ ավտոբուսի» բնակիչների, այլ ուղղակի հայ քաղաքացիների հետ: Փաշինյանն ուզում է մարդկանց հետ պայմանագիր կնքել, սակայն այդ պայմանագիրը ոչ միայն վաղուց պատռված է, այլեւ մարդիկ ունեն մեծ դժգոհություն, զայրույթի մեծ ալիք: Փաշինյանի ներսի խուճապն այլեւս անկառավարելի է: Իսկ հոգեբանորեն, երբ խուճապը մեծանում է, դրսեւորումները դառնում են վայրագ: Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է վարչապետը կորցնում իր հավասարակշռությունը՝ առերեսվելով քաղաքացիների հետ: Վերջերս Արաբկիրում նրան առաջարկեցին փոխել իր բառապաշարը, եւ նա, որպես արդարացում, ասաց, որ իր վրա աշխատում է, սակայն այսօր տեղի ունեցածը հերթական անգամ փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում իր թերությունների վրա աշխատել: Նրա վարքը, նրա բառապաշարն օրեցօր ավելի անթույլատրելի են դառնում»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































