Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունը (ՔԺԿ) խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 12 համարի քվեաթերթիկով, իսկ ընտրացուցակի եռյակում են Լեւոն Շիրինյանը, Արգիշտ Թադեւոսյանը եւ Սիլվա Սահակյանը:
ՔԺԿ նախագահ Լեւոն Շիրինյանը Aravot.am-ի հարցերին ի պատասխան ասաց, որ այս ընտրությունները, ցավոք, վերածել են նախագահական ընտրությունների, ինչը, նրա ձեւակերպմամբ, անթույլատրելի է եւ պետության համար շատ վտանգավոր. «Մենք խորհրդարանական ընտրություններ ենք անցկացնում, բայց դա վերածել են նախագահականի, եւ դրանում դիտավորություն կա: Մենք պետք է այդ ամենը տեղավորենք քաղաքական գիտելիքի շրջանակի մեջ: Խորհրդարանական ընտրությունները բառացիորեն վերածել են մարդու անհատական պայքարի, դա դիտավորություն է, որովհետեւ երկիրը չի ազատագրվել: Իսկ եթե չի ազատագրվել, չի լինի պառլամենտարիզմ»: Իսկ դիտավորությունը, ըստ Շիրինյանի, գալիս է Մոսկվայից:
Քարոզարշավի ընթացքը գնահատելով՝ Շիրինյանն ասաց. «Օրենքով նախատեսված պարագայում քարոզարշավը բոլորի համար հավասար է, այլ հարց է՝ ով ինչպես է դա օգտագործում, սակայն երկրորդ մասը կա. եթե օլիգարխիա է, այն էլ Ռուսաստանից հատուկ գործուղված, հավասարության մասին խոսք լինել չի կարող: Բայց այստեղ մենք իրենց հանդեպ ունենք բարոյական առավելություն՝ մենք մեր երկրից ենք, մեզ համար ենք, իրենք Ռուսաստանի համար են, օլիգարխիկ են… Այս պլակատների առատությունը, որ լցնում են, իսկ նման առավելություն ունեն 2-3 հոգի, կռապաշտություն է, իսկ քրիստոնեությունը պատկերապաշտություն չի սիրում: Դա ռուսական քաղաքական մշակույթն է, որ մեդալները կախում են՝ շըրխկ, շըրխկ… Դա պատմական նախադեպ ունի:
Մեր հերոսները, մինչեւ մեր պետության առաջանալը, կոչվել են խոնարհ հերոսներ, իսկ այդպիսի պատկերապաշտությունը ոչ միայն քրիստոնեական արժեհամակարգով մերժելի է, այլեւ կայսերական է, խոնարհ հերոսների հետ առնչություն չունի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ հարցերով են իրենց ուժին դիմում քաղաքացիները քարոզարշավի ժամանակ, Լեւոն Շիրինյանն այսպես արձագանքեց. «Ես տարիներ շարունակ շփվել եմ իրենց հետ: Իրենք ավելի շատ վստահություն են հայտնում, քան թե պահանջ ներկայացնում: Պահանջը մեկն է՝ ասում են՝ իշխանությանը չթողնեք, որ հանկարծ մեր անկախությունը կորցնենք: Միջին հայի մասին է խոսքը, կրթվածներից դա չեք լսի: Ժողովուրդը, ում հետ տարիներով շփվում եմ, ասում են՝ ինչ է, ինչ չի՝ մեր իշխանությունն է, պիտի պահենք, մեր անկախությունը չկորցնենք, հատկապես վերջին շրջանում: Սա շատ սրվել է եւ ինձ ուրախացնում է, բնականաբար…
Ի դեպ, ես այս անգամ որպես քաղաքագետ կիրառում եմ բոլորովին այլ տեխնոլոգիաներ, հեռուստատեսություն, թերթեր, դրանց արդյունավետությունը խիստ ընկել է, դրա փոխարեն համացանցն է շատ ակտիվ, որովհետեւ դա նաեւ անմիջական զրույց է… Դրա համար ես օլիգարխիայից չեմ վախենում, որովհետեւ 58-59 հազար հետեւորդ ունեմ»:
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում քաղաքական հակառակորդների վերաբերյալ ատելության խոսքին, Շիրինյանն այսպես պատասխանեց. «Բախվում է երկու սկզբունք՝ ռուսների տա՞կ եք մնում, թե անկախություն եք ուզում, այդ երկու տեսակետն է, մնացածը ինչ-ինչ դրսեւորումներ են: Իբրեւ քաղաքական մշակույթ՝ ցանկացածը գտնում է, որ դա նորմալ չէ, եւ սրացումները միանշանակ Մոսկվան է անում եւ այստեղի գործակալական ցանցը»։
Պատասխանելով մեր հարցին՝ արցախցիների հանդեպ միթե ատելության խոսքը չկա իշխանությունների կողմից, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց. «Արցախցիների հանդեպ չկա, բայց Ղարաբաղյան կլանի հանդեպ հստակ է… Ղարաբաղյան կլանը հայ ժողովրդի ողբերգության մեղավորն է»:
Անդրադարձ եղավ նաեւ խորհրդարան չանցող ուժերի՝ ձայներ փոշիացնելու վերաբերյալ թեմային: «Փոշիացնելու պարագան շատ վտանգավոր թեզիս եմ համարում, դա գալիս է Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, մեր հասարակությանը թույլ չի տալիս ունենալ պլյուրալիստական խորհրդարան, բեւեռացում է առաջացնում… Մենք ուզում ենք պառլամենտ, բայց չենք ուզում պառլամենտարիզմ, 5-6 տեսակետների ներկայացո՞ւմ… Որպես կանոն՝ խորհրդարաններն ունենում են բուֆերներ, ինչպիսին Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն է այս պարագայում: Ի՞նչ է նշանակում փոշիացնել, ոչ մեկ իր հոր տանից ձայների քանակ չի բերել, եթե ընտրություններն արդար են, օրենքով են, չի բավարարում տոկոսը, պիտի մտածեն տոկոսի շեմն իջեցնելու մասին, որպեսզի հասարակությունը ներկայանա իր նախընտրածով, ոչ թե նման ուժեր չլինեն: Ինձ թվում է՝ ձայների փոշիացում ասվածը ռուսական ԿԳԲ-ի արխիվներում ծնված թեզիս է»,- ասաց Լեւոն Շիրինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































