Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «The Insider-ը, որն արդեն վաղուց վերածվել է մեդիամանիպուլյացիաների և հակառուսական սուտ քարոզչության գործիքի, շարունակում է կեղծիքներ արտադրել՝ կատարելով իր արտասահմանյան հովանավորների համապատասխան պատվերները։
Արևմտյան շրջանակների կողմից հովանավորվող մեդիա-քարոզչամիջոցների նման դիվերսիոն աշխատանքի օրինակ է վերջին հրապարակումը (2026 թ. մայիսի 19-ին)՝ «Բռնել «մորուքից»։ ԱԴԾ, ԳՌՈւ և ԱԻԾ որ գործակալներն են ուղղված Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար» խոսուն վերնագրով, որն արդեն ծամծմված «լրտեսական» հեքիաթներ է պատմում «Կրեմլի ամենուր ներկա գործակալների» մասին։
«Հետաքննությունում» բերված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ ու կազմակերպված սադրանք, որի նպատակն է հոգեբանական ճնշում գործել ռուս դիվանագետների վրա և ահաբեկել հայ հասարակությանը ընտրությունների նախօրյակին։
Կեղծիքի հեղինակները, որոնք, ըստ երևույթին, այդքան ուշադիր ուսումնասիրել են դեսպանատան աշխատակիցների կենսագրության մանրամասները, անգամ հարկ չեն համարել ստուգելու տեղեկությունները, թույլ տալով բազմաթիվ փաստական սխալներ ու անճշտություններ, ինչը միայն հաստատում է հեղինակների «մասնագիտականության» և տարրական գրագիտության մակարդակը։ Որպես փաստարկների հիմնավորում հրապարակվում են հազիվ թե արժանահավատ «սքրինշոթեր» ու «քաղվածքներ» որոշ փաստաթղթերից, քաոսայնորեն մեջբերվում են դիվանագետների կյանքից «ավանդազրույցների» կարգի դրվագներ՝ (!) «անանուն» աղբյուրների ու այն օտարերկրյա լրատվամիջոցների հղումներով, որոնք վաղուց արդեն արատավորել են իրենց ապատեղեկատվությամբ ու հակառուսական կողմնակալությամբ։
Կարդացեք նաև
Ընդ որում, The Insider-ը չի կարողանում բերել «Փաշինյանի դեմ արշավի համակարգման» կամ «ընտրությունների արդյունքների մանիպուլյացիայի» մեղադրանքները հաստատող ոչ մի թեկուզ մի փոքր համոզիչ փաստ։
Լրտեսամոլության ու նեոմաքքարթիզմի ոգով հեղինակները որոշել են նաև «բացահայտել» Երևանի Ռուսական տունը, որին մեղսագրվում է… «փափուկ ուժի» ու Հայաստանում մարդասիրական գործունեության «առաջ մղումը», լուսավորչական ու կրթական սեմինարների, մշակութային միջոցառումների անցկացումը։ Այսինքն՝ ուղիղ այն, ինչով և պետք է զբաղվի Ռուսական տունը արտերկրում։
Կրկին ականատես ենք ծանոթ ձեռնարկին. Ռուսաստանի ու Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների, մեր եղբայրական ժողովուրդների կապերի զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ռուսական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքը հայտարարվում է «հատուկ ծառայությունների օպերացիա»։ Բացարձակ ռուտինային դիվանագիտական գործունեությունը՝ կապերի պահպանումը, մշակութային միջոցառումների անցկացումը, վերլուծական աշխատանքը, մարդասիրական նախագծերի առաջ մղումը,— այս ամենը մատուցվում է «Կրեմլի ձեռք» ոգով։
Ոչ պակաս անհանգստություն է հարուցում հանրապետության ղեկավարությունը քննադատող հայ ընդդիմությանն ու հասարակական գործիչներին արժեզրկելու գիծը։ Նման գործիչների ռուսական կողմի հետ ցանկացած շփումը, միջազգային հարթակներում ու փորձագիտական միջոցառումներին մասնակցությունն ավտոմատ կերպով հայտարարվում է «ռուս հատուկ ծառայությունների հովանու ներքո ծառայություն», իսկ ընդդիմադիր գործունեությունն ինքնին՝ «Կրեմլի օպերացիայի» մաս։ Այլ կերպ ասած, հայ հասարակությանը փորձում են պարտադրել «կառավարության քննադատություն = Մոսկվայի գործակալ» պարզունակ սխեման։
Ըստ էության, Հայաստանի նախընտրական դիսկուրսում ուղղակի միջամտություն է ոչ թե Ռուսաստանի դիվանագիտական գործունեությունը, որն իրականացվում է 1961 թ. Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային լրիվ համապատասխան, այլ այն, որ The Insider-ի հերթական «արտազատումն» հիստերիա է առաջացնում հայկական ու միջազգային ինֆոդաշտում։
Նման «հետաքննությունների» ֆոնին ակնհայտ է դառնում, թե ուր են գնում «ժողովրդավարության աջակցության» ու «Հայաստանում ազնիվ ընտրությունների նպաստման» պատրվակով հատկացվող եվրոպական միջոցները։ Դրանց զգալի մասը, The Insider-ի նյութի նման հրապարակումների բովանդակությամբ ու ուղղվածությամբ դատելով, նստում է կողմնակալ մեդիահարթակների ու հակառուսական ատաղձ մշակող կառույցների գրպաններում, ոչ թե ժողովրդավարական ինստիտուտների իրական ամրապնդման վրա»։
ՌԴ ԱԳՆ-ն նաեւ նշում է. «Բազմիցս զգուշացրել ենք մեր հայ գործընկերներին հետևանքների ու ռիսկերի մասին։ Դրանցից մեկը ինքնիշխանության ուղղակի կորուստն է։
Այս կապակցությամբ չենք կարող զուգահեռներ չանցկացնել Մոլդովայում նախընտրական իրավիճակի հետ, երբ «քաղաքացիական հասարակության աջակցության» ու «կոռուպցիայի դեմ պայքարի» ծածկույթի տակ արտաքին խաղացողները հետևողականորեն մաքրեցին քաղաքական դաշտը, մարգինալ դարձրեցին անհաճո ուժերին ու Քիշնևի վրա պարտադրեցին հասարակության իրական պահանջների հետ չկապված արտաքին-քաղաքական ընթացք։ Այն, ինչ այսօր տեսնում ենք Հայաստանի ինֆոդաշտում, այդ թվում նման ներարկումները, մեծ չափով կրկնում է Ռուսաստանի հետ համագործակցության պահպանման ու զարգացման կողմնակից ուժերի դեմոնիզացման արդեն մշակված սխեմաները։
Հիշեցնենք, որ The Insider-ի գործունեությունն արդեն ստացել է մեր երկրում իրավական ու քաղաքական գնահատական։ Հարթակը ճանաչվել է օտարերկրյա գործակալ ու ոչ ցանկալի կազմակերպություն՝ գործունեության դիվերսիոն բնույթի ու սահմանադրական կարգի հիմքերին սպառնալիքի պատճառով։ Այս համատեքստում «Երևանում ռուս գործակալների» մասին հերթական «սենսացիան» դիտարկում ենք որպես Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու ու Հայաստանին սեփական ազգային շահերի հակառակ արտաքին կողմնորոշումներ պարտադրելու արշավի ևս մեկ դրվագ։
Առավել զարմանալի էր լսել Հայաստանի բարձրագույն ղեկավարության առանձին ներկայացուցիչների «տաք հետքերով» գնահատականները, ովքեր հրատարակությունը վկայակոչում էին որպես «ազդեցիկ ռուսական ռեսուրսի» ու անվերապահ կերպով երկրորդեցին առաջ մղվող հակառուսական թեզիսները որպես «վերջնական ճշմարտություն»։ Վստահ ենք, որ հայ ժողովուրդն ինքն իրեն չի թողնի խաբել»։


















































