«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝ Հայաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի, հանրային պառակտման և արցախցիների նկատմամբ անընդունելի հռետորաբանության վերաբերյալ.
Մեզ չեք պառակտի
Հայաստանում նախընտրական քարոզարշավը բացահայտեց չափազանց մտահոգիչ և խորքային խնդիրներ, որոնք ոչ միայն քաղաքական մշակույթի պակասի հետ են կապված, այլ նաև էթիկայի, փոխադարձ հարգանքի ու հաղորդակցության ճգնաժամի։ Ամենօրյա ատելության խոսքը, վիրավորանքների հեղեղը, ագրեսիվ հռետորաբանությունը, բացահայտ սպառնալիքները, տարրական տակտի բացակայությունը, ընդդիմախոսների նկատմամբ հարգանքի և հանրային երկխոսության արժանապատիվ տոնայնության բացակայությունն անհարիր են Հայաստանի վարչապետի պաշտոնին, մեր ազգային արժեքներին, հայ ժողովրդի արժանապատվությանը։
Անընդունելի ու դատապարտելի է, երբ ընտրարշավը վերածվում է ատելություն և նվաստացում արտահայտող գործիքի, սեփական քաղաքացիների և արցախցիների նկատմամբ անհարգալից, հաճախ նաև հայհոյախառն արհամարհական վերաբերմունքի տարածման միջոցի՝ ընդ որում ամենաբարձր մակարդակով։ Ակնհայտ է, որ նպատակ է դրված այդպիսով արմատավորել վախի մթնոլորտ՝ խորացնելով բաժանարար գծերը, որոնք տարիներ շարունակ արհեստականորեն սերմանվել են որոշ շրջանակների կողմից։
Կարդացեք նաև
Իշխանությունները ցանկանում են վախ ներշնչել ժողովրդի մեջ ու պառակտել մեզ՝ հակադրելով միմյանց ու այդպիսով ներքին հակասությունը վերածելով քաղաքական գործիքի։
Մենք ունենք մեկ ընդհանուր Հայրենիք, մեկ պատմություն, մեկ պատասխանատվություն ապագա սերունդների առաջ։ Եվ այս երկրի տերերը մենք ենք և մեզ համար հայկական ազգային օրակարգը, ազգային արժանապատվությունն ու պետական շահերը մնում են անվերապահ առաջնահերթություն։
«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնություն


















































