«Բոլորիս համար պարզ էր, ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում պետք է բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառի ընդդիմադիրների նկատմամբ գործ կարելու, ընդդիմադիրներին ընտրարշավից հեռացնելու հնարավորություններն օգտագործելու համար, որովհետև ամենից լավ ինքը գիտի, թե ինչքան է ընկած իր վարկանիշը և ինչքան ինքն այլևս հնարավորություն չունի վերընտրվելու և թուրք-ադրբեջանական տանդեմին տված խոստումները կատարելու»,- ասաց ԱԺ դաշնակցական ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ «Հայելի» ակումբում խոսելով քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների պահվածքի մասին։
Ինքը հարձակվում է ընդդիմադիրների վրա, և դա նոր չէ, քարոզարշավի ընթացքում չէ, որ սկսել է։ Նա սկսել է վաղուց՝ Սամվել Կարապետյան, Ազգային եկեղեցի, տարբեր անհատներ, մեր կուսակցական բազմաթիվ ընկերներ։ Եվ երեկ էլ Թևանյան Անդրանիկին պետական դավաճանի ինչ-որ կարգավիճակ էր ուզում կպցնել։
Եվ ամենածիծաղելին, զզվելին, զազրելին, ցավալին այն է, թե ով է խոսում պետական դավաճանությունից։ Մեկը, ով ամեն օր իր կառավարության ընթացքում սահմանադրական կարգի խախտում է իրականացրել, սահմանադրական կարգ է տապալել։ Բա դրանից մեծ պետական դավաճանությո՞ւն։ Սահմանադրական կարգը տապալելով՝ ինքնուրույն որոշեց՝ Արցախը Հայաստա՞ն է, թե ոչ, ինքնուրույն որոշեց՝ Արցախը պետք է հանձնվի՞ թուրքին, թե ոչ։ Ու այսօր հայտարարում է ուրիշ տարածքների մասին… բա, պետական դավաճանությունն էլ ո՞նց է լինում։
Նա մի ուժի ներկայացուցիչ, ղեկավար է, որ ամեն ինչ արեց, որ պատերազմ սկսվի, ամեն ինչ արեց, որ Արցախը իրենք հանձնեն։ Եվ սրիկայաբար ԱԺ-ում կանգնում, ասում է՝ այս նույն արդյունքը կունենայինք առանց զոհերի, բայց մեզ դավաճան կասեին։ Սա պետական դավաճանություն չի, բա ի՞նչ է։
Կարդացեք նաև
Նա ասում է՝ մենք գնացել ենք ցավոտ զիջումների, որպեսզի այսօր ունենանք ձեռքբերում։ Բա պետական դավաճանության սրանից լավ խոստովանությո՞ւն։ Այսինքն, գիտակցված, ցավոտ զիջումների գնալը պետական դավաճանություն չէ, բա ի՞նչ է։ Եվ այս ուժը, որ ամեն ինչ արեց պատերազմ սկսելու համար ու ոչինչ չարեց, որ պատերազմը ժամանակին կանգնի, ժամանակին հրադադար կնքվի, ամեն ինչ արեց, որ ադրբեջանական զորքը հայտնվի այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքում, խոսում է պետական դավաճանությունից և երկրին խաղաղություն բերելո՞ւց։ Երեք պատերազմ բերած ուժը այսօր խոսում է խաղաղությունից։ Դա կապիտուլյացիա է։ Եվ շարունակում է իր հայտարարությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան կապիտուլյացիա։
Այո, նա չի հերքում այն փաստը, որ պատրաստվում է սահմանազատման, սահմանագծման անվան տակ ուրիշ տարածքներ էլ հանձնել Ադրբեջանին, նա երբեք չի մերժում Ալիևի բոլոր պահանջները։ Ալիևն ասում է՝ սահմանադրությունը փոխիր, սա ասում է՝ այո, կփոխեմ, Ալիևն ասում է՝ 300 հազար ադրբեջանցի պետք է Հայաստանում բնակեցվեն, և նրանց համար անվտանգություն պետք է ապահովի երրորդ կողմը, որը բնականաբար Թուրքիան է, իրենք չեն հերքում»,- ասաց տիկին Կյուրեղյանը և տեղեկացրեց, որ այսօր մի բանավեճի է մասնակցել, որտեղ քպականները նորից ասում են, թե ինչու եք դուք անընդհատ կրկնում 300 հազար ադրբեջանցիների գալու մասին, ինչու եք ադրբեջանական նարատիվները բերում հայկական եթեր։
«Այսինքն, Ադրբեջանն ասում է, ու դուք չեք հերքում, լուռ, գլուխներդ կախ լսում եք։ Ու փաստորեն, որ մենք ասում ենք՝ ինչու չեք պատասխանում, ստացվում է՝ մենք ենք Ալիևի խոսքերը կրկնում։ Այսինքն, եթե մենք չկրկնենք, Ալիևը հրաժարվելո՞ւ է իր այդ ծրագրից։ Թե՞ դուք լուռ ու հնազանդ իրականացնելու եք այդ պահանջներն էլ։
Մենք այսօր խայտառակ իրավիճակում ենք այս քարոզարշավի ընթացքում։ Ես այսօր եմ եկել Վանաձորից։ Երեկ ՔՊ-ն Վանաձորում, այսպես ասած, քարոզարշավ էր անում, և մեծ հավաք էր։ Ասեմ, որ ժողովուրդ կար։ Եվ հետաքրքիրն այն էր, որ վանաձորցին ոչ վանաձորյան այնքան ավտոբուս տեսավ, որ կյանքում չէր տեսել։ Ակնհայտ երևում էր, թե որ գյուղից քանի հոգի է եկել։ Կրկնում եմ, Վանաձորի փողոցներում ոչ վանաձորյան այնքան ավտոբուս էր հայտնվել, որ դրանից լավ ապացույց, որ ուրիշ տեղից են եկել մարդիկ, ավելի չէր կարող լինել։ Դեռ ավելին, ոստիկանական գվարդիայի աշխատողները քաղաքացիական հագուստով հրապարակում լիքն էին։
Ես չեմ ասում՝ Վանաձորում չկան նիկոլականներ, չկան նիկոլիզմը պաշտողներ, Նիկոլի հետևորդներ։ Կան։ Բայց այդ մասշտաբի՝ իհարկե, չկա։ Եվ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի պահվածքը վկայում է, որ ինքը շատ լավ գիտի, թե ինչ վարկանիշի առաջ է կանգնած»,- ասաց դաշնակցական պատգամավորը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































