«Առավոտի» 2023 թ. նոյեմբերի 11-ին «Բուժհաստատությունում մահացածի գործով» դեռ մեղադրյալ չկա հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ 2023 թ. սեպտեմբերի 3-ին «Ստամոքսի ճարպակալում 3-4 աստիճանի» ախտորոշմամբ «Մեդլայն» է ընդունվել Արտյոմ Թովմասյանը, որը սեպտեմբերի 5-ին, ժամը 05.55-ին մահացել է։ Քննիչ Տ. Վարդանյանի սեպտեմբերի 12-ի որոշմամբ տուժող է ճանաչվել մահացածի մորաքույրը՝ Հերմինե Համբարյանը։
Իրավահաջորդը տեղեկացրել էր, որ տուժողը 46 տարեկան էր. «Կյանքով լեցուն, կենսախինդ, բարի մարդ էր: Նա մահացավ վիրահատությունից 12 ժամ հետո: Իր ոտքով էր գնացել վիրահատության: Վիրահատության ավարտից յոթ ժամ հետո նրա մոտ սկսվեց փսխում արյան տեսքով:
Վիրահատությունից 12 ժամ հետո միայն որոշում կայացվեց զոնդ տեղադրել նարկոզի միջոցով։ Նա դիմել էր բուժհաստատություն իր կյանքի որակը լավացնելու համար»։
Երեկ տեղեկացա, որ այս տարվա մարտի 9-ից Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Էմմա Ավագյանի վարույթում է «Մեդլայն» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղի գլխավոր բժիշկ Վահան Գևորգյանի և բժիշկ-անեսթեզիոլոգ Անահիտ Հովհաննիսանի դեմ հարուցված քրեական գործը։
Կարդացեք նաև
Մեղադրյալները երկուսն են՝ «Մեդլայն» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղի գլխավոր բժիշկ Վահան Գևորգյանը և բժիշկ-անեսթեզիոլոգ Անահիտ Հովհաննիսյանը։
Ըստ դատարան ուղարկված գործի նյութերի, առաջադրված մեղադրանքի՝ վիրահատող բժիշկ Վահան Գևորգյանի և բժիշկ-անեսթեզիոլոգ Անահիտ Հովհաննիսյանի գործողությունների հետևանքով անզգուշությամբ առաջացել է Արտյոմ Թովմասյանի մահը՝ մեխանիկական շնչահեղձությունից, որը առաջացել է 04.09.2023թ. կատարված ստամոքսի SLEEVE մասնահատումից հետո զարգացած ստամոքսի հետվիրահատական վերքի շրջանից ներքին և արտաքին արյունահոսության հետևանքով շնչառական ուղիների խոշոր և միջին տրամաչափի բրոնխների խցանմամբ հեղուկ և մակարդված արյունով:
Բժիշկների նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ բացակայելու արգելքը, որը դատարանը վերացրել է այս տարվա մարտի 19-ին, պատճառաբանելով, որ նրանք ոչ մի անգամ չեն խախտել իրենց նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները;
Հունիսի 9-ին Երեւան քաղաքի քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում նշանակվել է անդրանիկ դատական նիստը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2026


















































