Տեղեկանք ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի հակակոռուպցիոն բաղադրիչի վերաբերյալ
Սույն փաստաթուղթն ամփոփ ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող խոստումները։
Ուսումնասիրության հիմքում ընկած են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում օրենքով սահմանված կարգով հրապարակված նախընտրական ծրագրերը։
2026 մայիսի 21-ի դրությամբ պարզվել է, որ 19 քաղաքական ուժերից միայն 10-ն ունեն նախընտրական ծրագիր։ Դրանցից 8-ն են անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերին, ինչպիսիք են՝ կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմները, թափանցիկության և հաշվետվողականության միջոցները, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի վերաբերյալ դրույթները։
Կարդացեք նաև
Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ներկայացված հակակոռուպցիոն բաղադրիչի բովանդակությունը էականորեն տարբերվում է։ Մի շարք քաղաքական ուժեր սահմանափակվում են ընդհանուր հայտարարություններով, սակայն չեն ներկայացնում կոնկրետ գործիքներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Մյուսները ներկայացնում են ավելի համակարգային մոտեցումներ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի հարցը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում գրեթե չի արտացոլվում։ Այս ուղղությամբ կոնկրետ հանձնառություն ներկայացրել է միայն մեկ կուսակցություն, մինչդեռ այլ քաղաքական ուժերի ծրագրերում այս հարցը բացակայում է։
Իրենց ծրագրերում հակակոռուպցիոն դրույթներ ներառել են հետևյալ 8 քաղաքական ուժերը.
- «Ուժեղ Հայաստան» դաշինք, N 3
- «Միասնության թևեր» կուսակցություն, N 6
- «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն, N 8
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, N 10
- «Հանրապետություն» կուսակցություն, N 11
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, N 14
- «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցություն N 15
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, N 16
«Ուժեղ Հայաստան» դաշինք (N 3)
Ծրագիրը (էջեր 50, 56, 58-62) նախատեսում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում։ Ծրագրում նաև ընդգրկված են դատական իշխանության բարեփոխման վերաբերյալ առաջարկներ, որոնք նպատակ ունեն ապահովել դատարանների անկախությունը, արդյունավետությունը և արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն։
«Միասնության թևեր» կուսակցություն (N 6)
Ծրագրում (էջեր 8-9, 21, 33) շեշտադրվում են պետական կառավարման բարելավումը, օրինականության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը։ Նշվում է, որ Հայաստանը պետք է ունենա իրական հակակոռուպցիոն համակարգ, որի հիմքում կլինեն թվային տեխնոլոգիաների վրա հիմնված ընթացակարգեր և ինստիտուտներ, ինչպես նաև հանրային արդյունավետ վերահսկողություն։ Կուսակցությունը նախատեսում է պետական գնումների համակարգում ներդնել թվային դրամի կիրառություն, ինչը ներկայացվում է որպես գործարքների թափանցիկության և հետագծելիության բարձրացման միջոց։ Ծրագրում նաև շեշտադրվում է հանրային կառավարման համակարգի բարեփոխումը և դատական իշխանության իրական անկախության ապահովումը, որոնք դիտարկվում են որպես կոռուպցիայի կանխարգելման հիմնարար նախապայմաններ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի վերաբերյալ առանձին և հստակ դրույթներ ծրագրում նախատեսված չեն։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն (N 8)
Ծրագիրը (էջեր 2, 5) հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում նախատեսում է համապարփակ անցումային արդարադատության իրականացում՝ հիմնված իրավաքաղաքական գնահատականի և պատասխանատվության սկզբունքների վրա։ Որպես հիմնական գործիքներ նշվում են ժամանակավոր դատական մարմինների ձևավորումը, լյուստրացիայի իրականացումը, ինչպես նաև պատերազմի և վերջին իրադարձությունների համապարփակ քննությունը։ Միաժամանակ ծրագրում հստակեցված չեն անցումային արդարադատության շրջանակները, թիրախային խմբերը, կիրառվելիք ընթացակարգերը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի վերաբերյալ ծրագրում առանձին դրույթ նշված չէ։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (N 10)
Ծրագրում (էջեր 13-14) շեշտադրվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացվի ոչ միայն պատժիչ միջոցներով, այլև կոռուպցիայի առաջացման նախադրյալների և պետական կառավարման համակարգային թերությունների վերացման միջոցով։ Այս նպատակով առաջարկվում են մի շարք կոնկրետ գործիքներ՝ քաղաքացի–պաշտոնյա անմիջական շփման նվազեցում, ապանձնավորված որոշումների կայացման մեխանիզմների ներդրում, ալգորիթմների և ավտոմատացված ընթացակարգերի կիրառում, «ինքնաշխատ դրական պատասխանի» սկզբունքի ներդրում, ավելորդ կարգավորումների վերացում և պետական ծառայության մեջ մերիտոկրատիկ նշանակումների ապահովում։ Ծրագիրը նախատեսում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շրջանակում կառավարությունը կհամագործակցի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների հետ: Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի վերաբերյալ ծրագրում առանձին դրույթներ նախատեսված չեն։
«Հանրապետություն» կուսակցություն (N 11)
Ծրագրում (էջեր 2, 3) հակակոռուպցիոն բաղադրիչն ուղղակիորեն և առանձին բաժնով ներկայացված չէ։ Միաժամանակ, արդարադատության ոլորտում նախատեսվում են մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրում, դատավորների և նրանց աշխատակազմերի թվի ավելացում, ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացում, որոնք կարող են անուղղակիորեն նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական կառավարման հաշվետվողականության բարձրացմանը և արդարադատության համակարգի արդյունավետության ամրապնդմանը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի վերաբերյալ առանձին և հստակ դրույթներ ծրագրում նախատեսված չեն։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (N 14)
Ծրագրում (էջ 12) հակակոռուպցիոն բաղադրիչն ուղղակիորեն առանձնացված չէ, սակայն ներառված են մի շարք համակարգային դրույթներ, որոնք կարող են էականորեն նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, ծրագիրը նախատեսում է բյուրոկրատական համակարգում մերիտոկրատական սկզբունքների ներդրում և պետական ապարատի ապակուսակցականացում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի վերաբերյալ առանձին դրույթներ նախատեսված չեն։
«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցություն (N 15)
Ծրագրում (էջեր 2, 3, 5-15 ) շեշտադրվում են պետական կառավարման թափանցիկության բարձրացումը, պետական ռեսուրսների օգտագործման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, դատական և իրավապահ համակարգերի բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիոն վարքագծի կանխարգելումը։ Նշվում է, որ Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում առաջնահերթ նշանակություն ունեն հակակոռուպցիոն ինստիտուտների զարգացումը, իրավական պետության ամրապնդումը և անկախ դատական համակարգի կայացումը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի վերաբերյալ ծրագրում առանձին և հստակ դրույթներ նախատեսված չեն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (N 16)
Ծրագրում (էջ 23) նախատեսվում է շարունակել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը, զարգացնել պետական պաշտոնյաների բարեվարքության գնահատման համակարգը, կատարելագործել հայտարարագրման մեխանիզմները, բարձրացնել հանրային գնումների թափանցիկությունը, խորացնել պետական ֆինանսների թվայնացումը և ուժեղացնել հակակոռուպցիոն ինստիտուտների կարողությունները։ Ծրագրում նաև նախատեսվում է շարունակել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը։
Ռեֆորմիստների կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրապարակված նախընտրական ծրագրերը չեն անդրադառնում կոռուպցիային առնչվող հարցերին։
Հետևյալ 9 կուսակցություններն առհասարակ չեն ներկայացրել նախընտրական ծրագիր․
- «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը
- Հայաստանի շնորհապետական կուսակցությունը
- «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը
- «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը
- Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը
- «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը
- «Հայաստան» կուսակցությունների դաշինքը
- «Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը
- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ)


















































