Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի բան չենք սկսելու զրոյական կետից, եթե նույնիսկ Փաշինյանն է ստորագրել այդ փաստաթուղթը, բայց մեր պետությունն օգտվում է, մենք շարունակելու ենք»

Մայիս 22,2026 14:54 Share

«Ամբողջ օրը խոսվում է հիբրիդային պատերազմի մասին, նաեւ այս իշխանության հովանավորներն են խոսում հիբրիդային պատերազմի մասին, իբր Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Ո՞վ է Հայաստանի դեմ վարում հիբրիդային պատերազմ»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եւ ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանին հարցրեց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

«Իմ տպավորությամբ՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում են հիբրիդային գլուխ ունեցող մարդիկ։ Դուք զգացե՞լ եք ինչ-որ երկրի կողմից ինչ-որ պատերազմներ։ Ես տեսնում եմ, որ այս մարդկանց գլուխը հիբրիդային է, այսինքն՝ Ալասկյարի եւ Մուստաֆայի հիբրիդ է։ Նույնիսկ նրանց դեմքին որ նայես, միանգամից զգում ես, որ սա նորմալ հայի դեմք չէ, սա է հիբրիդը։ Ամեն օր ինչ-որ նարատիվներ են մտցնում, բոլորին գործակալներ են սարքում, մեր բարեկամ երկրներին թշնամի են սարքում, որպեսզի պայքարեն մեր ժողովրդի դեմ, որպեսզի հայաթափեն Հայաստանը։ Ունեն հանձնարարություն շեֆից՝ պետք է Հայաստանը լցնեն ադրբեջանցիներով»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արամ Աբրահամյանի մյուս հարցին՝ «իշխանության գալով՝ դուք շարունակելո՞ւ եք ՀԱՊԿ-ից դուրս գալու պրոցեսը, թե՞ կփորձեք վերականգնել այդ՝ իմ կարծիքով՝ անօգուտ կազմակերպության հետ կապը», Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Առաջին հերթին մենք ուսումնասիրելու ենք այդ պրոցեսները՝ ինչի՞ համար է ՀԱՊԿ-ն իրեն այդպես պահել, ինչի համար է Ռուսաստանն իրեն այդպես պահել։ Եթե տեսանք, ինչպես դուք ասացիք, անիմաստ կազմակերպություն է, իհարկե, դուրս ենք գալու։ Բայց եթե այս իշխանությունները գիտեն, որ անիմաստ կազմակերպություն է ՀԱՊԿ-ը, արդեն քանի տարի է՝ գոռում են դրա մասին, բա ինչի՞ համար դուրս չեն գալիս։ Ուրեմն պատճառ կա, որ դուրս չեն գալիս։ Միգուցե իրե՞նք չեն կարողանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, Ալիեւը թույլ չի տալիս համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, Էրդողանը թույլ չի տալիս, չուսումնասիրե՞նք պատճառները։ Ինչպես իրենք են ասում՝ սառեցրել են, ի՞նչն են սառեցրել, չեն սառեցնում՝ կամ դուրս ես գալիս, կամ դուրս չես գալիս»։

Սամվել Կարապետյանը նշեց՝ վստահ է, որ Ռուսաստանը շատ կարեւոր գործընկեր է Հայաստանի համար․ «Բայց կուսումնասիրենք, միգուցե մենք իրենցից կարող ենք ավելի շատ օգտվել։ Բայց անել էմոցիոնալ քայլեր, ինչը կլինի ճակատագրական մեր երկրի համար, մենք անելու դա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արամ Աբրահամյանի մյուս հարցին, թե իշխանության գալով՝ Սամվել Կարապետյանը պատրաստվո՞ւմ է վերաբանակցել Վաշինգտոնում ստորագրված ու ձեռք բերված պայմանավորվածությունները, Կարապետյանը պատասխանեց․ «Մենք ոչ մի բան չենք սկսելու զրոյական կետից, մենք նայելու ենք, ուսումնասիրելու ենք, ցանկացած դրած ստորագրություն դա պետության ստորագրություն ենք մենք համարում։ Եթե մենք ամեն ինչից սկսեցինք վախենալ, փախնել, նորից խաբկանքներով բոլորին ֆռռացնել, մենք լավ բանի չենք գալու։ Մենք ուսումնասիրելու ենք, քայլ-քայլ շարժվելու ենք առաջ։ Գլխավորը լինելու է՝ մեր պետությունը դրանից օգտվելու է, թե՞ վնասվելու է։ Եթե մեր պետությունն օգտվում է, նույնիսկ Փաշինյանն է ստորագրել այդ փաստաթուղթը, մենք շարունակելու ենք։ Իսկ եթե վնասվում է, ով ուզում է ստորագրած լինի, մենք վերաբանակցելու ենք։ Եթե ես զգամ, որ մեր պետությունը դրանից տուժելու է, 300 հազար ադրբեջանցին վազելով լցվելու են Հայաստան, մի քանի տարվա ընթացքում դառնան միլիոնավոր ադրբեջանցիներ, իհարկե, մենք դա կանգնեցնելու ենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031