Լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմամբ, մշակութային եւ ստեղծարար ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, նաեւ ստեղծագործական աշխատանքի առանձնահատկություններով: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու եւ լրացումները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է տարանջատել «մշակութային կազմակերպություն» եւ «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացությունները: Տարանջատման նպատակն է ապահովել իրավական հստակություն եւ կանխել տարընկալումները, տարբերակել մշակութային գործունեություն իրականացնող սուբյեկտների տեսակները, հստակ սահմանել պետական լիազոր մարմնի իրավասությունների շրջանակը:
«Մշակութային կազմակերպություն» հասկացությունը կիրառվում է որպես ընդհանրական հասկացություն՝ ներառելով մշակութային գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունները՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից, իսկ «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացությունը սահմանվում է որպես դրա հատուկ տեսակ՝ հստակեցնելով դրա հիմնադիրին, գործունեության նպատակները եւ դրա կապը պետական մշակութային քաղաքականության հետ:
Նախագծով առաջարկվող մյուս փոփոխությունները վերաբերում են պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման արդյունքում հավելավճարներին, սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերին, պետություն-մասնավոր համագործակցությանը, համաֆինանսավորման սկզբունքներին եւ չափորոշիչներին, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների սահմանմանն ու դրույքաչափերի փոփոխությանը:
Կարդացեք նաև
Զեկուցողը նշել է, որ Կառավարությունն ընդունել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են նախագծի լավարկմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվել է այն ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
ԱԺ


















































