Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ մեկնարկեցին նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով լրացուցիչ դատալսումները։ Ըստ էության, քննարկվեցին պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Ներկայացվեցին նաեւ անձը բնութագրող հանգամանքների հետ կապված դիրքորոշումները։
Պատժի հետ կապված դիրքորոշումներ չներկայացվեցին ոչ հանրային մեղադրողի, ոչ պաշտպանության կողմից։ Դրան անդրադարձ կլինի հաջորդ դատական նիստի ընթացքում։
Պատժի առումով դիրքորոշման հետ կապված, դատարանը արձանագրեց նաեւ, որ հանրային մեղադրողը չունի նման լիազորություն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի դատավոր հանդիսացող անձը՝ Արուսյակ Ալեքսանյանը։
Կարդացեք նաև
Դատարանն արձանագրեց, որ այդ պայմաններում համաձայն քրեական դատավարության օրենսգրքի, պատժի հետ կապված դիրքորոշում պետք է արտահայտի գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Հետեւաբար, դատարանում մեղադրանքը պաշտպանող հանրային մեղադրող Ռոբերտ Մհերյանին այդ մասով դատարանը դիրքորոշում հայտնելու հնարավորություն չընձեռեց։
Բոլոր դեպքերում պատժի հետ կապված հարցերը չքննարկվեցին։ Դրան դատարանը կանդրադառնա հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հունիսի 25-ին, ժամը 10։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































