«Այս քաղաքական թիմը քաղաքական խարդախներ են, խաբել են մեր ժողովրդին՝ ասել են մեկ բան, արել են ճիշտ հակառակը, բերել են ատելություն, զոհեր»,- Երեւանի Էրեբունի վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում ասաց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ներկայացրեց իրենց ծրագրերը, ասաց, որ իշխանությունն 8 տարվա ընթացքում Հայաստանի պարտքն ավելացրել է 8 մլրդ դոլարով, բայց գոնե մեկ խոշոր ծրագիր Երեւանում չեն իրականացրել։ «Բա գետինը չեք մտնո՞ւմ, սա նորմալ չէ թիմի համար, որը 8 տարի իշխանության գլխին է։ Հիշեցնեմ՝ Լինսի հիմնադրամով ամբողջ ծրագիրը եղել է 230 մլն դոլար։ Հիմա ես կարող եմ ձեզ Երեւանում մի քանի օր պտտացնել՝ ցույց տալու համար, թե ինչ է կառուցված այդ ծրագրի շրջանակներում։ Ո՞ւր է այդ 8 մլրդ դոլարը՝ լափել են։ Ոնց որ իրենց այդ «ուրախ ավտոբուսի» մեջ են ամբողջ օրը ուտում, նույն ձեւի այդ 8 մլրդ դոլարը կերել-կերել են։ Զարմանալին այն է, որ մարսել են, փորկապ չունեն։ Այդ փորկապը լինելու է հունիսի 7-ից հետո՝ հունիսի 8-ին։ Մի սարք կա՝ մեջը ջուր են լցնում, փորկապությունը միայն դա է բուժում։ Բուժելու ենք՝ պացիենտը բուժման կարիք ունի»,- ասաց Քոչարյանը։
Նա անդրադարձավ իրենց անվտանգության ծրագրերին․ «Մեր անվտանգության մոդելը շատ պարզ է՝ մենք ասում ենք՝ երկիրը պետք է ունենա մրցունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։ Եվ այս երեք բաղադրիչն իրար հետ փոխկապակցված են։ Առանց հզոր դաշնակցի դժվար է ապահովել ամբողջական անվտանգությունը, որովհետեւ դու կարող ես հակադրվել փոքր երկրներին, բայց երկրների համար պետք է հլու ու ուժեղ դաշնակից։ Սա է խաղաղության բանաձեւը, հակառակ դեպքում՝ խաղաղությունը ոչ թե հենված է օբյեկտիվ հանգամանքների վրա, այլ մեկ մարդու՝ քո հակառակորդի բարի կամքի վրա»։
«Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիեւի համար, սա պարզ ճշմարտություն է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































