Ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի՝ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են արել Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամները:
«Մենք համարում ենք, որ խախտվել է Հայաստանի քաղաքացու սահմանադրական իրավունքը՝ խոսքի, մտքի ազատության իրավունքը: Եթե վարչապետի հետ հրապարակային խոսակցության արդյունքում ՀՀ քաղաքացին ձերբակալվում է, ուրեմն ապրում ենք բռնապետությունում: Ընդգծում եմ՝ սա ոչ թե նախընտրական քարոզչական, այլ սահմանադրական ու մարդու իրավունքների պահանջով ցույց է: Հավանաբար անելու ենք ամեն օր, որովհետեւ Արթուր Օսիպյանը քաղբանտարկյալ է, նա ազատամարտիկ է եւ հացադուլի մեջ է: Մեկ շաբաթ է՝ հացադուլի մեջ է եւ լռել այդ մասին պարզապես անհնար է»,- այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը:
Նրա խոսքով՝ Օսիպյանի հետ տեղի ունեցածը ոչ միայն խոսքի ազատության ոտնահարում է, այլեւ մարդկանց ահաբեկելու միջոց. «Մենք վստահ ենք՝ արդարադատությունը չի ընդունի նման մեղադրանք, բայց վտանգը այն է , որ այլեւս ժողովրդավարություն չենք: Ժողովրդավարությունը համակարգ է, որտեղ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններն առանձնացված են: Մենք տեսնում ենք, որ օրենսդիր, դատական իշխանությունները ենթարկվում են գործադիր իշխանությանը, սա շատ վտանգավոր է: Սա սկզբունքորեն չի տարբերվում այն հանցագործությունից, երբ տարիներ առաջ 2-րդ նախագահին բարեւած մարդուն տարան, սպանեցին: Արթուրին չեն սպանել, բայց նա հացադուլի մեջ է, նրա առողջությունը վտանգված է : Մեզ մոտ իմունիտետ է կորչում մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ: Մենք այստեղ ենք, որ հիշեցնենք, որ հավակնում ենք լինել ժողովրդավարական երկիր, որ մեր երկրում ընդունված է ԵՄ անդամակցության մասին օրենք, դա ընդունված է եւ չի կատարվում»:
Անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների պնդումներին, թե Օսիպյանն ավելի վաղ իր սոցիալական էջերով Փաշինյանի հասցեին սպառնալիք էր հնչեցրել՝ ասելով, որ նրա բմբուլները քամուն կտա, Խզմալյանն այսպես արձագանքեց. «Մեր երկրում քրեական հետապնդումները չպետք է հիմված լինեն փոխաբերական հայտարարությունների համար, ով էլ դա անի: Տեսնում ենք՝ գնալով նման գործերը շատանում են ու դա դառնում է առօրյա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































