Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 7-ից հետո Գյումրիում կիրականացնենք արտահերթ ընտրություններ»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 25,2026 22:44 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ իր ելույթը սկսեց Սաղմոսով։

Նա խոսեց Ախալքալակ-Կարս երկաթուղու բացման մասին՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը երկաթուղային հասանելիություն ունեցավ դեպի Եվրամիության երկրներ, նաև Եվրամիության անդամ չհամարվող երկրներ, օրինակ՝ Մակեդոնիա, Մոնտենեգրո, Մեծ Բրիտանիա, հասանելիություն ստացավ նաև Սիրիայի Արաբական Հանրապետության ու Թուրքիայի շուկաներ։ Ըստ Փաշինյանի՝ հաղթահարեցին Հայաստանի շրջափակման առաջին փուլը, երկաթուղային կապ ունենք դեպի Արևմուտք և դեպի Արևելք։

Խոսեց «TRIPP» նախագծից, ասաց՝ նորություն ունի նաև Շիրակի մարզի համար․ պատրաստվում են Գյումրի-Ախուրիկ-Աքյակա (Թուրքիա) երկաթուղու վերաբացմանն ու երկաթուղային հանգույցի նորոգմանը։

«Բոլոր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին միջանցքներ տալու, միջանցքներ խոստացած լինելու, Հայաստանի ամբողջականությունը և իրավազորությունը նսեմացնելու մեջ, նրանք կանգնած են ֆիասկոյի առաջ։

«TRIPP» նախագիծը Հայաստանի ամբողջականության, իրավազորության և ապաշրջափակման ամենաուժեղ խորհրդանիշն է, և Հայաստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից նախագիծը»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Մեղրիում ու առհասարակ Սյունիքում անշարժ գույքի, հողի գներն աճում են, որովհետև այս տեղանքները վերածվում են «խաղաղության խաչմերուկի»։ Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի։

Նա հայտարարեց, որ Շիրակի մարզը չի լինելու ամենաաղքատ մարզերից մեկը, լինելու է ծաղկուն, բարեկեցիկ, ինչպես և ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է լինելու ծաղկուն, բարեկեցիկ։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմախոսներին, որոնք մեղադրում են իրենց, թե ինչու «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը չեն կպցնում։ Ըստ նրա՝ դա կնշանակի նոր պատերազմ Հայաստանի համար, և սա այն դեպքում, երբ «պատերազմի եռագլուխ կուսակցության» ղեկավարների զավակները չեն էլ ծառայել։ Ըստ նրա՝ ՀՀ-ն նրանց համար խոպան է, նրանք գալիս են ժողովրդին հարստահարելու ու եվրոպաներում, Դուբայներում տներ գնելու։

«Բայց մենք ասում ենք՝ հայրենիքը պետությունն է, մենք սիրում ենք մեր հայրենիքը, մենք սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը, մենք թույլ չենք տա, որ այն դարձնեն պատերազմների կոխան»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում են լինելու երջանիկ, ուրիշ հայրենիքների մասին չեն երազելու։

«Մենք երջանիկ ենք, որ ունենք պետություն, որը սիրում է իր քաղաքացուն, երջանիկ ենք, որ ունենք քաղաքացի, որը սիրում է իր պետությանը։
Ես երջանիկ եմ, որ թոթովախոս երեխաները թաղերում, գյուղերում մոտենում են ինձ ու ասում՝ մենք ձեզ շատ ենք սիրում, ես էլ ասում եմ՝ բա որ իմանաք ես ձեզ ինչքա՜ն եմ սիրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ասաց, որ ընդունված չէ վարչապետի համար երբեմն ձայնը գլուխը գցած քայլել թաղերով, բակերով, մտնել տները, բայց ինքն ուզում է մտնել մարդկանց բակերը, տեսնել նրանց աչքերը և աչքերի մեջ նայելով ասել՝ ես ձեզ սիրում եմ։

Նիկոլ Փաշինյանը իր ձևակերպմամբ մեկ այլ խոստովանություն էլ ուներ․ նա ասաց, որ այսօր Գյումրու Անի թաղամասի փողոցներով քայլելիս մեծ ջանք է պահանջվել իրենից, որ կիսատ չթողնի քայլերթն ու քարոզարշավը, որովհետև չէր կարողանում տեսնել այդ փողոցներում տիրող վիճակը, ցնցված էր։

«Մի հատ էլ ավելի եմ ցնցված, որ ոմանք Գյումրիում լուրեր են տարածել, ընդ որում տարիներով՝ ասելով, թե Նիկոլը նեղացած է Գյումրիից, որ ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուները քաղաքապետ չեն դարձել, դրա համար քաղաքում այս վիճակն է։
Նախ ես չեմ կարող մոռանալ Գյումրիի արածը 2021 թվականի խորհրդարանական դաժան ընտրություններում, Գյումրին ինձ 60 տոկոսից ավել ձայն է տվել, ես մինչև կյանքիս վերջ չեմ կարող դա մոռանալ։

Բայց ես ուզում եմ մի ուրիշ խոստովանություն անել ձեզ․ հեղափոխությունից հետո, այդ թվում Գյումրիի և գյումրեցիների նկատմամբ մեծ ակնածանք ունենալով, ելնելով նրանից, որ Գյումրին իր կոլորիտն, իր հոգեբանությունը, իր աշխարհն ունի, ես ինձ իրավունք չեմ վերապահել խառնվել Գյումրիի գործերին՝ մտածելով, որ այնուամենայնիվ այդ իրավունքը չունեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեց, որ ՔՊ-ն կոալիցիա է կազմել տեղի իշխանության հետ, սակայն իր թիմակիցներն ահազանգել են, թե չեն կարողանում աշխատել։ Իսկ ինքը միշտ ասել է՝ ոչինչ, աշխատեք հանուն Գյումրիի, իսկ կառավարությունում 8 տարի շարունակ ասել է՝ այդպիսի ծրագիր չլինի Գյումրիի համար, որ հիմնավորված լինի ու հանկարծ մերժեն։

Նիկոլ Փաշինյանը Վարդանանց հրապարակում հայտարարեց, որ այսուհետ անձնական պատասխանատվություն է կրելու Գյումրիում տեղի ունեցող գործընթացների համար։

«Ես հասկացել եմ, որ 2018 թվականից հետո քաղաքային իշխանությունները լրիվ ուրիշ օրակարգ են ունեցել, նրանց խնդիրն է եղել ժողովրդին հանել կառավարության դեմ, հիասթափություն տարածել կառավարության նկատմամբ և կառավարությանն էլ համոզել, թե Գյումրիում ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է ընթանա։
Բայց ես հիմա հասկանում եմ, որ մենք մեծ պարտք ունենք Գյումրիին վերադարձնելու, և ես այսօր հայտարարում եմ, որ այս պահից սկսած՝ Գյումրիում տեղի ունեցող բոլոր պրոցեսների համար, Գյումրիի բարեկեցության, վերակառուցման համար կրում եմ անձնական պատասխանատվություն և անձնական պարտավորություն։

Շատերը խոսում էին, թե այս ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում լինելու է «Գյումրի 2»։ Ես ամիսներ առաջ եմ ասել՝ չի լինելու «Գյումրի 2», լինելու է «հեղափոխություն 2» և «Գյումրի 1»։

Ի՞նչ է նշանակում «Գյումրի 1»․ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո ի վերջո ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը (ի նկատի ունի Գյումրու քաղաքապետարանի շենքը)։ Մենք Գյումրիում գյումրեցիների հետ պիտի անցկացնենք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որպեսզի Գյումրին ծաղկի այնպես, ինչպես Արթիկն է ծաղկում, ինչպես մյուս քաղաքներն են ծաղկում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունն է ծաղկում։

Եվ ուրեմն հեղափոխությունը ի վերջո պետք է բերի իր օգուտները և իր կառավարումը Գյումրի քաղաքին։
2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո կտեսնենք կոնկրետ երբ, ժողովուրդ ջան, իրար հետ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ։

Ես ասում եմ՝ էս պահից, էսօրվանից սկսած՝ Գյումրիին վերաբերող բոլոր հարցերը իմ անձնական վերահսկողության ներքո են լինելու, կրելու եմ պատասխանատվություն Գյումրիում ամեն արածի ու չարածի համար»։

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031