22.05.2026-ին հրապարակվում է Հայաստանի առնչությամբ IRI-ի՝ այս տարվա երրորդ փաստաթուղթը՝ Հանրային կարծիքի հարցախույզ (Public Opinion Survey: Residents of Armenia | May 2026, հասանելի է հղումով), որն անցկացվել է Հայաստանի բնակիչների շրջանում, 2026-ի մայիսի 5-11-ը։ Այս հարցախույզն անցկացնողներն այլեւս ամերիկացիները չեն, այլ նրանց հետ համագործակցող՝ Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող հայաստանյան մի ընկերություն, որին ծառայություններ պատվիրող իրավաբանական անձանց ցանկում է նաեւ ՀՀ կառավարությունը։
Ամենից տպավորիչ թիվը, որ բացատրում է ամեն ինչ, Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ապագայի վերաբերյալ հաղորդվում է IRI-ի Հանրային կարծիքի հարցախույզի 2-րդ էջում (հոդվածին կից տեղադրվում է), որից հետո կարելի է նույնիսկ չշարունակել։ Հարցախույզին մասնակցելու խնդրանքով հեռախոսազանգերին ՀՀ քաղաքացիների 84%-ը պատասխանել է բացասաբար, հրաժարվել է մասնակցել հարցախույզին։ Ընդսմին, ինչպես նույն՝ 2-րդ էջում կարդում ենք, յուրաքանչյուր հեռախոսահամարին կատարվել է մինչեւ երեք զանգ։ Այսինքն, ՀՀ քաղաքացիների 84%-ը ոչ թե անհարմար մի պահի զանգ ստանալու կամ տեխնիկական այլ պատճառով չի պատասխանել, այլ հետեւողականորեն եւ որպես դիրքորոշում՝ հրաժարվել է մասնակցել հարցախույզին։ Հավանակա՞ն է, որ հրաժարվողները լինեին գործող իշխանության համակիրները։ Գրեթե անհավանական է։
Ինչն էլ ավելի հետաքրքիր է. մնացյալ 16%-ից էլ, ովքեր համաձայնել եւ մասնակցել են հարցախույզին, միայն 32%-ն է ասել, թե կընտրի ՔՊ-ին եւ Փաշինյանին։ Իշխանությունը բացահայտ կեղծել էր IRI-ի հրապարակած տվյալը՝ 38% ցուցանիշ թմբկահարելով։ Թե ինչ կեղծարարության էին դիմել, ինչ ցուցանիշ էին ինչի փոխարեն ներկայացրել՝ հոդվածի հաջորդ մասում։ Այս պահին արձանագրենք, որ IRI-ի հարցախույզին մասնակցելու խնդրանք ստացած ՀՀ քաղաքացիների 16%-ի 32%-ը, այսինքն՝ վերջնահաշվում 5%-ն է միայն հայտնել, թե կընտրի Փաշինյանին եւ ՔՊ-ին։ Ընդսմին, այդ 16% հարցախույզին մասնակցած անձինք գրեթե լիովին իշխանության ազդեցության եւ քարոզչական մամլիչի ներքո գտնվող մարդիկ են, ովքեր, դատելով հարցախույզի 59-րդ էջի տվյալներից (հոդվածին կից կայքում տեղադրվում է), հիմնական տեղեկատվություն ստանում են Հ1, «Արմենիա», «Շանթ» հեռուստաընկերություններից։
Մինչդեռ, համաձայն IRI-ի հարցախույզի, նույն՝ 16%-ի 44%-ն ասել է, որ դեռ չի կողմնորոշվել, կամ մերժում է հայտնել, թե ում կընտրի։ Այս 44%-ը հենց այն ռեսուրսն է, որ ունի իշխանության ընդդիմադիր մրցակիցը։ Իսկ այդ դինամիկ բարձրացող մրցակիցը, ինչպես նշված էր IRI PEAM-ի զեկույցում, «Ուժեղ Հայաստանն» է։
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































