«Մենք Արցախն ենք» նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Խստիվ դատապարտում եմ նախընտրական շրջանում արցախցիների թիրախավորման ցանկացած դեպք։
Հերթական անգամ նախընտրական քարոզարշավի ընթացքում բռնի տեղահանված մեր հայրենակցի հանդեպ դրսևորվել է անընդունելի վարքագիծ. մասնավորապես՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից։
Քաղաքական կուսակցությունները, հատկապես՝ իշխող ուժի ներկայացուցիչները, իրավունք չունեն իրենց նախընտրական արշավն իրականացնել՝ արցախցիներին վիրավորելով, թիրախավորելով ու մինչև անգամ Հայաստանում ապրելու «հնարավորությունից զրկելու» կամ Հայաստանում «ապրելուն խոչընդոտելու» մասին հայտարարություններով։
Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներն իրենց կամքով չեն հեռացել իրենց տներից, այլ՝ բռնի տեղահանվել են՝ զրկվելով իրենց տնից, տեղից, հողից ու հիշատակներից։
Կարդացեք նաև
Մեր հայրենակիցները գտնվում են ծանր սոցիալ-հոգեբանական վիճակում, որի բարելավման պարտավորությունը՝ թե՛ բարոյական, թե՛ քաղաքական տեսանկյունից, կրում է Հայաստանի Հանրապետությունը՝ հանձինս պաշտոնատար անձանց։
Այս պարագայում նրանց կողմից արցախցիներին թիրախավորելն ուղիղ հակադարձության մեջ է իրենց աշխատանքային պարտավորություններից։
Զսպեք Ձեզ, պարոնայք, զսպեք ու հարգանքով վերաբերվեք բոլորի նկատմամբ, անկախ՝ անձանց քաղաքական հայացքներից, քանի որ դուք ինքներդ եք հայտ ներկայացրել և պատասխանատվություն վերցրել, որը միայն ձեզ ընտրողների առջև չէ, այլ՝ ՀՀ-ում ապրող բոլոր մարդկանց։
Պետական պաշտոնյան կոչված է՝ ցուցաբերելու առավելագույն համբերատարություն և հանդուրժողականություն, ինչպես նաև ապահովելու համերաշխություն հանրային լայն շերտերի միջև. դա է իրենից ենթադրում նաև ժողովրդավարությունը։
Հունիսի 7-ից հետո էլ կյանք կա։


















































