«Այս ընտրություններին մասնակցում են այնպիսի քաղաքական ուժեր ու անհատներ, որոնք տարիներ առաջ կարող էին մտածել, որ իրենք կարող են որոշել մարդկանց ճակատագիրը՝ մարդիկ երբ, որտեղից, ուր կարող են գնալ, ինչ բիզնես կարող են անել, ինչ բիզնես կարող են չանել: Այսօր ՀՀ-ում ամենակարեւոր բանը որ փոխվել է՝ այն է , որ այլեւս իրենք չեն որոշում, թե դուք ինչ անեք, դուք եք որոշում՝ իրենք ինչ անեն: Այլեւս ձեր ճակատագիրը կախված չէ իրենք քմահաճույքից, իրենց ճակատագիրն է կախված ձեր քմահաճույքից:
Այս ընտրություններում որոշվում է՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակելո՞ւ է մնալ անպատիժ, թե՞ չի շարունակելու մնալ անպատիժ, ազատության մե՞ջ է մնալու, թե՞ պատիժ է կրելու մարտի մեկի ոճրագործության համար»,- այսօր Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը քաղաքացիներին համոզում էր, որ տարիներ առաջ էր, որ որոշվում էր՝ ով կլինի համայնքի ղեկավար, պատգամավոր, այսօր այդ բոլոր հարցերը որոշում են միայն քաղաքացիները. «Եվ որեւէ մեկը չի համարձակվի ծռել ձեր կամքը: Այս ընտրություններում որոշվելու է ՀՀ հետագա ընթացքը, ՀՀ հետագա ռազմավարությունը, որոշվելու է խաղաղության հետագա ճակատագիրը եւ այդ բոլոր հարցերի հետ կապված որոշում կայացնողը դուք եք»:
Փաշինյանը անդրադարձավ նաեւ պետական պարտքի վերաբերյալ ընդդիմության քննադատությանը, որ իշխանությունը պարտքը վերցրել ու մսխել է ու արդարացավ. «Ծախսվել է երկու ուղղությամբ՝ Հյուսիս-Հարավ, Աշտարակ-Գյումրի ճանապարհն արդեն շահագործման է հանձնվել: ՀՀ պատմության մեջ այդպիսի որակի ճանապարհ երբեւէ եղե՞լ է, թե՞ չի եղել: Մեզ մեղադրում էին՝ Սյունիքն ենք տալիս, չգիտեմ՝ ինչ ենք անում, հայաթափում ենք: Այսօր Սյունիքում իրականացվում է ամենամեծ շինարարական նախագիծը՝ Հյուսիս- Հարավի, Ագարակ- Քաջարան ճանապարհն է կառուցվում, այնտեղ կառուցվում է հայ ժողովրդի պատմության մեջ երբեւէ կառուցված ամենաերկար կամուրջը՝ 720 մետրանոց կամուրջ: Այսօր կառուցվում է Ագարակի մաքսատունը, անցման կետը Իրանի հետ սահմանին: Շուտով սկսելու է իրագործվել Թրիփփ նախագիծը, որը վերջնականորեն ու անշրջելիորեն հաղթահարելու է ՀՀ շրջափակումը: Կոնֆլիկտի փակուղուց ՀՀ-ն վերածվում է խաղաղության խաչմերուկի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































