ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևանից մեկնելուց հետո Արարատ Միրզոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այցը ժամանակային առումով սեղմ էր, բայց բովանդակային առումով հագեցած օրակարգ ուներ։
Նա հայտարարեց, որ կողմերը երեք չափազանց կարևոր փաստաթուղթ են ստորագրել։ Դրանցից մեկով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատվեց համապարփակ ռազմավարական գործընկերություն, որում ընդգծված շեշտադրում կա արհեստական բանականությանը, ընդհուպ մինչև տիեզերքին վերաբերող հարցերում համագործակցությանը։
Երկրորդ փաստաթուղթը հազվագյուտ հանքանյութերի մասին է, որում կողմերը հաստատեցին իրենց հանձնառությունը սերտորեն համագործակցելու այս ոլորտում՝ սկսած հետազոտություններից, վերջացրած հանքանյութերին վերաբերող վերջնական դրսևորումներով՝ արդյունահանում, օգտագործում և այլն։
Երրորդ և, թերևս, ամենասպասված փաստաթուղթը, ըստ Արարատ Միրզոյանի, հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից ընդամենը չորս ամիս անց, իրենք կարողացան համաձայնեցնել TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ միջպետական պայմանագրի տեքստը, որն այսօր նախաստորագրվեց։
Կարդացեք նաև
Նախարարը վստահեցրեց, որ այս փաստաթղթի ստորագրումը որոշ տեխնիկական ընթացակարգերի իրականացումից և անցկացումից հետո նույնպես տեղի կունենա արագ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































