Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շարունակում ենք ապրել Սովետաշենում»

Մայիս 27,2026 12:30 Share

Հետխորհրդային իրականությունը բռնապետության եւ նախրային մտածողության անքակտելի միությունն է

Պետք է խոստովանեմ, որ երբ ուսանողական տարիներին (1980-ականների սկիզբ) իմ ձեռքն ընկավ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը, ես այն չկարողացա կարդալ՝ ստեղծագործությունն ինձ ձանձրալի թվաց: Գուցե պատճառն այն էր, որ կարդալու համար ինձ հատկացված էր մեկ օր՝ այդպես էր, երբ գիրքն արգելված էր ու պաշտոնական շրջանառության մեջ չէր: (Արդեն չեմ հիշում՝ իմ ձեռքինը խորհրդային «ինքնահրա՞տն» էր, թե արտասահմանում լույս տեսած գիրքը): Նույն հեղինակի հանճարեղ բանաստեղծությունների հետ համեմատ այդ վեպի ասելիքն ինձ համար պարզ չէր: Եվ դա հնարավոր էլ չէր հասկանալ՝ արագ թերթելով:

Հասուն տարիքում սկսեցի հասկանալ այդ ստեղծագործության արդիականությունը: Առանց դրա՝ ինձ թվում է, գեղարվեստական գրականությունը կորցնում է իր իմաստը, եւ, սկսած Գիլգամեշի մասին էպոսից, բոլոր արժեքավոր գործերի մեջ այդ իմաստը կարելի է գտնել: Պաստեռնակի վեպում (որը նա գրել է 1945-55 թվականներին) գլխավոր իմաստը, իմ կարծիքով,  համակարգի՝ տվյալ պարագայում հեղափոխական, բոլշեւիկյան, խորհրդային, բայց լայն իմաստով, ՈՐԵՎԷ հակաքրիստոնեական, անաստված համակարգի եւ մտավորականի հակադրությունն է:

Վեպի սկզբում գլխավոր հերոսի՝ Յուրի Ժիվագոյի քեռին, նախկին հոգեւորականը, հիմնավորելով, թե ինչու ինքը որեւէ խմբակի (կուսակցության) անդամ չէ, եզրակացնում է. «Ճշմարտությունը փնտրում են միայն մենակները (одиночки), եւ խզում են հարաբերությունները բոլոր նրանց հետ, ովքեր այն բավականաչափ չեն սիրում»: Ստեղծագործության խորհրդանշական մակարդակում այն միտքն է անցկացվում, որ զանգվածը, նրա առաջնորդները, նրա ներկայացուցիչները հավատարմություն են պահպանում ինչ-որ գաղափարախոսության կամ անհատի, իսկ օժտված անհատը նման հավատարմությունը մերժում է: Խոսքն, ի վերջո, այն նույն զանգվածի մասին է, որի ներկայացուցիչները, արդեն 1950-ականների վերջում «վերեւի» հրահանգով, բայց «ներքին համոզմունքով» բացականչում էին՝ «Պաստեռնակին չեմ կարդացել, բայց դատապարտում եմ»: Սա ասվում էր հենց «Դոկտոր Ժիվագո» վեպի առթիվ սանձազերծված «ժողովրդական արշավի» շրջանակներում:

«Սովետն», անշուշտ, խտացված ձեւով ներկայացնում էր մի կողմից բռնապետ իշխանության եւ մյուս կողմից նախրային մտածողության «անքակտելի միությունը»: Ամբողջ խնդիրն այն է, որ «սովետը» մեզ՝ հայաստանցիներիս համար 1991 թվականին չի ավարտվել: Մենք, ինչպես եւ Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայի պետությունները, ապրում էինք եւ ապրում ենք տիպիկ հետխորհրդային իրականության մեջ՝ նույն կոռուպցիայով, իշխանությունների ամբարտավան կեցվածքով, ընդդիմախոսների նկատմամբ պետական բռնաճնշումներով: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես կարծում էի, որ 2018 թվականին  այդ «հետսովետից» դուրս կգանք: Բայց պարզվեց՝ ավելի շատ ենք խրվել, ինչ էլ ասեն Մակրոնը, Ուրսուլան կամ Ռուբիոն:

Եվ այս պայմաններում ես ամենաբարձրն եմ գնահատում այն անհատներին, մենակներին (одиночка-ներին), որոնք բարձրաձայնում են ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե որ ցուցակում են, որ կուսակցությունից են: Տիգրան Խզմալյանը, խոսելով Արթուր Օսիպյանի մասին, որը երկու ամսով կալանավորվել է բռնապետի հետ վիճելու պատճառով (ընդ որում, վերջինս ավելի վիրավորական տոնով էր խոսում, քան Արթուրը), եկել է միանգամայն ճիշտ եզրակացության՝ «մենք շարունակում ենք ապրել «Սովետաշենում»: Այլ կերպ ասած՝ հետխորհրդային իրականության մեջ: «Զանգվածի» ներկայացուցչի արձագանքն է՝  «Լավ  են արել, թող հանգիստ խոսար, սաղ դարձել են մունաթ գալացող»:

…Պաստեռնակի վեպն ավարտվում է բանաստեղծությունների շարքով, որը հեղինակը «վերագրել է» իր գլխավոր հերոսին: 22-րդ բանաստեղծությունը կոչվում է «Չար օրեր» («Дурные дни») եւ, մի շարք այլ նմուշների պես, նվիրված է Ավագ շաբաթվա ողբերգական իրադարձություններին: Այս հոդվածն ավարտեմ մի քառատողով «Չար օրերից».

Օրերն ավելի խիստ են ու դաժան,

Սրտերին էլ չի դիպչում սեր,

Հոնքերը՝ կիտած քամահրական,

Եվ որպես ավարտ հնչում է՝ վերջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031