Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Տոնոյան. «Այն, ինչ ներկայացվում է մեզ, պատրանքային խաղաղություն է»

Մայիս 27,2026 13:17 Share

«Այն, ինչ ներկայացվում է մեզ, պատրանքային խաղաղություն է։ Մեզ մոտ էլ են սիրում անընդհատ կրկնել՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Եվ խաղաղության մասին խոսելիս, մանավանդ վերջերս, ասում են, թե ութ ամիս կրակոցներ չեն եղել, ուրեմն խաղաղություն է։

Նախագահ Իլհամ Ալիեւի ելույթներում, 2003-ից սկսած՝ երկու արտահայտություններ միշտ հանդիպում են միասին։ Մեկը միջազգային իրավունքն է, մյուսը՝ ուժի կիրառումը։ Հարյուրավոր հիշատակություններ մենք առանձնացրել, որտեղ նա ասում է, որ եթե միջազգային իրավունքը չի աշխատում, իրենք ունեն ուժի կիրառման լեգիտիմ իրավունք։ Մի օրինակ, որտեղ խոսում է Արցախի բռնազավթման մասին։ «Իրականությունը պետք է փոխվի։ Ունե՞ք արդյոք դա անելու ուժը։ Եթե ունեք, ապա անում եք, եթե չունեք, ուժ եք կուտակում։ Իսկ եթե ցանկանում եք հանգիստ կյանք, ապա համակերպվում եք այդ իրականության հետ»,-մեջբերել է իրանագետ, դոցենտ Արտյոմ Տոնոյանը «Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում. ռազմավարությունից մինչեւ մարտավարություն» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ։

«Արդյո՞ք Ադրբեջանի քաղաքական վերնախավն ունի իրական խաղաղության հաստատման հանձնառություն, ինչի հետ է կապակցված այն հարցի պատասխանը, թե ինչու է հայատյացությունը շարունակվում Ադրբեջանում եւ ինչու է շարունակվելու նաեւ առաջիկա տարիների ընթացքում։

Որպեսզի հավատանք, որ թշնամին իրապես ցանկություն ունի խաղաղության հաստատման, ապա երկու բան պիտի համեմատենք նաեւ Հայաստանի հետ։ Մեկը նախկինում եղած խոսույթի փոփոխությունն է։ Այսինքն, եթե քո հռետորաբանությունը եղել է թշնամական, ենթադրվում է, որ իրական խաղաղության հաստատումը պահանջում է խոսույթի փոփոխություն։

Հայաստանում կա՞ դա։ Կա։ Մարդիկ խոսում են խաղաղության մասին։ Իսկ Ադրբեջանում չի փոխվել։ Այսինքն, գործ ունենք երկու տարբեր իրականությունների հետ։ Ադրբեջանում չկա խաղաղություն հաստատելու իրական հանձնառություն եւ մենք գործ ունենք դեկլարատիվության հետ։ Այսինքն, երբեմն միջազգային ատյաններում հայտարարում են, թե իրենք էլ են ուզում խաղաղություն։

Մյուս չափումը; Քո արտաքին եւ ներքին խոսույթները չպետք է տարբերվեն իրարից, եթե իրապես է հանձնառությունը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ալիեւը դուրս է եկել հանդիպումից, գնացել է Ադրբեջանի դեսպանատուն ու եթե կարդաք տեքստը, որը ադրբեջաներեն է եղել, նախատեսված՝ ներքին լսարանի համար, միանգամայն հակառակ հայտարարություններ է կատարել՝ ամբողջությամբ թշնամական։ Անգամ դրանից երկու շաբաթ անց Քարվաճառում մի տեքստում տասից ավելի անգամ Հայաստանը, հայ ժողովրդին անվանել է թշնամի։ Այսինքն, չկա խոսույթի փոփոխություն»,-ասել է արեւելագետը։

Թե ինչու այդ խոսույթը չի փոխվում, Արտյոմ Տոնոյանն ասել է. «2025 թվականի նոյեմբերի 3-ին, այսինքն, օգոստոսի 8-ից հետո, Ալիեւը խոսում է քարտեզների տարածման մասին։ Հայաստանի տարածքները նա, ըստ էության, ամբողջովին անվանում է ադրբեջանական։ Եվ տալիս է իմպերատիվներ, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատեն. «Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր։ Դա իրականացնելու հիմնական պատասխանատվությունը պետության վրա է ընկնում։ ՀԿ-ները եւ գիտնականները, ես գիտեմ ու հետեւում եմ, այս ուղղությամբ բազմաթիվ գիտական աշխատություններ են ստեղծել։ Դրանց թիվը պետք է ավելի շատ լինի։ Անհրաժեշտ են թե գիտական աշխատություններ, թե ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, պատմական քարտեզների հրապարակումներ… որպեսզի եւ ադրբեջանցի երիտասարդները լավ ճանաչեն իրենց պատմությունը եւ համաշխարհային հանրությունը տեղեկանա։ Միեւնույն ժամանակ ներկայիս Հայաստան մեր վերադարձը հնչի լիովին տրամաբանական եւ արդարացի» հայտարարել է Ալիեւը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031