Հակակոռուպցիոն դատարանում Վարդգես Սարգսյանի նախագահությամբ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հիմնական դատալսումների փուլում այսօր հրապարակվում էին գրավոր ապացույցները՝ քննիչի զննությամբ տարբեր հեռախոսահամարների միջև զանգերը, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, տարբեր ԶԼՄ-ների, էլեկտրոնային կայքերի լրագրողական հետաքննությունների արդյունքները։
Պաշտպանական կողմի ներկայացուցիչ, փաստաբան Սերգեյ Մարաբյանն առարկեց՝ նշելով, որ ապացույցների մի մասը անթույլատրելի է, ինչի շուրջ ինքը հետագայում միջնորդություն կներկայացնի։
«Լրագրողների գրած հոդվածները, որտեղ տարբեր մարդիկ, նաև՝ անանուն, հարցազրույց են տվել, չեն կարող մեղադրանքը հիմնավորել։ Գոյություն ունի պատշաճ ընթացակարգ։ Այդ հանգամանքները պետք է հաստատվեն քրեադատավարական օրենսգրքով։ Եթե մենք դա թույլատրելի համարենք, կարելի է լրագրողական հետաքննություններով կայացնել դատավճիռներ։
Քրեական դատավարությունն ունի երաշխիքներ։ Մարդիկ պետք է զգուշացվեն սուտ ցուցմունք տալու համար, նրանց պետք է պարզաբանվեն իրավունք-պարտականությունները, իրենք պետք է ներկայացնեն իրենց իրազեկման աղբյուրը։ Մենք անընդհատ տարբեր ինֆորմացիաներ ենք լսում տարբեր անձանց վերաբերյալ։ Բայց այդ ինֆորմացիաները մինչև պաշտոնապես չեն արձանագրվում քննիչի կողմից հարցաքննություններով կամ այլ ապացուցողական գործողություններով, ապացույց չեն դառնում։
Կարդացեք նաև
Հիմա դա վերցրել, ապացույց են ճանաչել ու մեղադրանք են ներկայացրել։ Սա աբսուրդ է։ Ես դրա դեմ էի առարկում և դատարանի ուշադրությունը այս հանգամանքների վրա էի հրավիրում, որ դրանք թույլատրելի օրինական ապացույցներ չեն, այլ ենթադրություններ են, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Սերգեյ Մարաբյանը։
Դատարանի՝ այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով այսօրվա նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 9-ին, ժամը 10։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































