Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նախընտրական պրոցես է՝ ցույց տալու համար, որ իրենք կարողացել են ինչ-որ զենք գնել, բայց հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու»․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սարդարապատում

Մայիս 28,2026 11:49 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմն այսօր Հանրապետության օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսպես կոչված «ադրբեջանցիների վերադարձի» հարցին՝ ներկայացնելով դրա վտանգները։

«Ամբողջ տարածաշրջանն այդ խոսակցությունը գիտի, բայց այս մարդիկ մեր ժողովրդից փորձում են թաքցնել ու հերքել։ Թաքնում են այն փաստը, որ նախապայմաններ են ստեղծում, որպեսզի հարեւան երկրի քաղաքացիները հնարավորություն ունեն տեղափոխվել այստեղ, նաեւ իրավական հնարավորություններ ունենան Հայաստանում գույք ձեռք բերելու։ Մենք ձեզ վստահեցնում ենք՝ եթե այս վարչախումբը, այս իշխանությունը մնա, դուք շատ արագ կտեսնեք, թե ինչպես են իրենք փորձելու ժողովրդի կարծիքը փոխել եւ թույլ տալ, որ ադրբեջանցիները գան Հայաստան։ Նրանք ամեն օր այդ քայլերն անում են։ Հիմա, երբ մենք բարձրաձայնեցինք այս մասին, սկսել են հետ քաշվել վախից, որովհետեւ ժողովրդին իրականությունը չեն ասում։ Իսկ իրականությունը տեսնելու համար պետք է շրջապատը նայել եւ տեսնել, թե ադրբեջանցիների գալու մասին ինչ են խոսել Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, մյուսները։ Ալիեւն էլ ասում է՝ «Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ իրենք իշխանության գալու դեպքում շատ արագ օրենք են ընդունելու, եւ ՀՀ դեմ ագրեսիա իրականացրած ցանկացած երկրի քաղաքացի իրավունք չի ունենալու Հայաստանում գնել հող ու գույք։ «Այդ օրենքը մենք շատ արագ ընդունելու ենք, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը լուրջ ֆինանսական ռեսուրսներ է դնելու, որպեսզի բնակեցնի Հայաստանը։ Սա աշխարհում անօրինակ փորձ է, որ այն երկիրը, որը մեզ համար վտանգ է ներկայացնում, մենք ուզում ենք, որ նա լինի մեր անվտանգության երաշխավորը։ Եվ ի՞նչ եք կարծում՝ այդ երկիրն ամբիցիաներ չի ունենա՞, որ Հայաստանը կլանի, իհարկե, կունենա։ 90 մլն բնակչությամբ թուրքական շրջապատ ունենք, պետք է պահենք Հայաստանի հայկականությունը»,- հավելեց նա։

Նարեկ Կարապետյանն անդրադարձավ ՀՀ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության հարցին՝ նշելով․ «Եթե Աստված չանի այս մարդիկ շարունակեն պաշտոնավարել, եւ երկրի հիմնական դաշնակցի հետ են հարաբերությունները վատանալու, եւ հիմնական գնորդի հետ։ Դրա դիմաց նա ուզում է ստանալ երկու հատ շնորհավորանք Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Մենք հարաբերությունները կարգավորելու ենք, բայց միշտ վտանգը զգալով՝ պետք է ունենանք այլ դաշնակցային հարաբերություններ վատ օրվա համար»։

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում անցկացվող ռազմական շքերթին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Սա նախընտրական պրոցես է՝ ցույց տալու համար, որ իրենք կարողացել են ինչ-որ զենք գնել։ Բայց ես վստահ եմ, որ հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու, եւ Հայաստանն ունենալու է լուրջ անվտանգային համակարգ»։

Անդրադառնալով գազի հարցին՝ Նարեկ Կարապետյանն ասաց, որ Հայաստանը գազի կախվածությունից ձերբազատելու ծրագիր ունի «Ուժեղ Հայաստան»-ը։ Խոսքը Հայաստան-Իրան գազամուղի թողունակությունը մեծացնելու մասին է։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031