«Մեր ռազմավարությունը մնում է նույնը․ մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները լուծենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ որևէ հարց չպիտի լինի, որտեղ այլընտրանք չունենանք։
Լրագրողների դիտարկմանը՝ կան տվյալներ, որ եթե ՀՀ-ն որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից, շուրջ 40 տոկոս առևտրաշրջանառության անկում կլինի և հարցին՝ արդյոք ՀՀ կառավարությունն ունի՞ հստակ պլաններ՝ կոնկրետ ի՞նչ ապրանքախումբ է նախատեսում արտահանել ԵՄ և արդյոք հաշվարկվե՞լ են ռիսկերը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք ասում ենք, որ ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Արտահանումն ու ներմուծումը դիվերսիֆիկացնում ենք, որը նոր չի սկսվել։ Մեր արտահանումները տարբեր ուղղություններով ընդհուպ կրկնապատկվել են։ ԵԱՏՄ-ի պոտենցիալն ամբողջությամբ օգտագործված չէ, եթե տեսնեք՝ ՀՀ-ի և Ղազախստանի առևտրաշրջանառությունը, ի վերջո, դա սահմանափակ է։ Երկաթուղու բացմամբ ՀՀ-ի և Ղրղզստանի առևտրային հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել։ ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ ենք տեսնում, առանց նյարդի, գործընկերային, հանգիստ աշխատելու ենք, որ բոլոր խնդիրները լուծենք»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ ՀՀ զարգացող տնտեսությունը որևէ սպառնալիք չունի, ընդհակառակը, ըստ նրա՝ բացվում են անծայրածիր հնարավորություններ․ «Անկյունաքարը ԹՐԻՓՓ նախագիծն է։ Մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ և ուղիղ ու անկեղծ մեր դիրքորոշումն ենք ներկայացնում և շնորհակալ ենք նրանց, ովքեր ուղիղ են ըմբռնում մեր առանձնահատկությունները»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































