Ռոսսելխոզնադզորը հայտնում է, որ 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։
«Որոշումն ընդունվել է՝ կապված հայաստանյան պտուղ-բանջարեղենային արտադրանքի՝ Ռուսաստան մատակարարումների ընթացքում խախտումների դեպքերի հաճախակիացման հետ և բուսասանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի տարածքի բուսասանիտարական վիճակի համար։
Բացի այդ, Հայաստանի իրավասու գերատեսչությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նախկինում արձանագրված խախտումների վերաբերյալ։
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը Ռոսսելխոզնադզորը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ձեռնարկություններում, որոնց ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ ջերմոցային համալիրներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների առկայություն։ Դա հաստատվում է հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներմուծման ժամանակ դրանց հայտնաբերման համակարգված դեպքերով՝ 2026 թվականին արձանագրված 181 դեպք։
Կարդացեք նաև
Բացի այդ, Ռոսսելխոզնադզորի տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղենային արտադրանք Ռուսաստան է մատակարարվում արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ հայկական սուբյեկտների կողմից, որոնց սեփականության ձևը անհայտ է, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական վերահսկողությունից։ Նշվածը վկայում է այն մասին, որ հայկական կողմը չունի արտադրանքի հետագծելիության համակարգ՝ այն Ռուսաստան արտահանելու ընթացքում», – նշված է հաղորդագրության մեջ։


















































