«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ իրականացրեց Աբովյան քաղաքում։ Դաշինքի անդամ Լիլիա Շուշանյանն իր ելույթում ասաց, որ ամբողջ ժողովրդին միշտ խաբել հնարավոր չէ։ Եվ այսօր եկել է ճշմարտությունն ընտրելու ժամանակը։
«Արդեն 8 տարի մենք լսել ենք բազում սուտ խոստումներ, որոնց լրիվ հակառակն է իրականացվել։ Այսքանից հետո ամեն անգամ մեզ նոր սուտ են մատուցում, որի հետևանքով մեր կորուստներն ավելի անդառնալի ու մեծ են լինում։ Հիմա էլ եկել են, թե բա՝ խաղաղություն ենք ձեզ բերել։ Հարգելի պարոնայք, դուք խաղաղություն չեք կարող բերել, դուք ամենաշատը կարող եք պարտությունների շքերթ բերել։ Իսկ այսքանից հետո երեկ անում եք զինվորական շքերթ։ Այդ զինվորական շքերթն ինձ ստիպեց հետ գնալ ու նայել մի շարք հայտարարություններ։
Պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին մեր երկիրը ղեկավարողն առցանց հայտարարություն է անում և ասում, որ մեկ տարվա զորացրված զինվորներին հնարավոր չէ զորակոչել, օրենքը թույլ չի տալիս։ Եվ երեկ մի պարզ ստուգման արդյունքում գիտե՞ք ինչ հայտնաբերվեց, որ այդ օրենքն այդպես չէ։ Այսինքն՝ մեզ ղեկավարում է մի մարդ, որն ամենաօրհասական, ամենաճակատագրական պահին անգամ տեղյակ չէ օրենքներից, նա անկարող է, առնվազն անգիտակ է։ Եվ եթե իմ խոսքերը ճիշտ չեն, թող հենց այսօր պաշտպանության նախարարը հերքի և ասի, որ այդպիսի բան չկա»,- ասաց Լիլիա Շուշանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Մենք պետք է հունիսի 7-ին ազատվենք անկարողներից, մեր ազգային անվտանգությունը խաթարողներից, մեզ ամեն անգամ իրենց նոր ստերով ու կեղծիքներով նոր անվերադարձ կորուստներ բերողներից։ Եվ ունենք պատմական պահ՝ հունիսի 7-ը ճակատագրական ընտրություն է, մենք ունենք հայրենիքի գոյության խնդիր»,- հայտարարեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































