Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն պատրաստ է ՀՀ-ին տարեկան մեծ գումարներ տրամադրել ՌԴ-ի տարվող տնտեսական սահմանափակումների հետեւանքները մեղմելու համար»

Հունիս 01,2026 14:00 Share

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ իրականում շատ լարված հարաբերություններ կլինեն ՀՀի եւ ՌԴի միջեւ «Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց իրականությունն այլ է»։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը սեղմում է Հայաստանի շուրջ տնտեսական փրկօղակը և փորձում այդպես ազդել ՀՀ-ի քայլերի վրա և տնտեսական էմբարգո սահմանելով հայկական մի շարք ապրանքատեսակների վրա՝ փորձում է ՀՀ-ին հետ պահել Արևմուտքի և մասնավորապես ԵՄ-ի հետ մերձեցումից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ Փաշինյանն արդեն իսկ հնարավոր ռիսկերը հաշվարկել է և ունի տարբերակներ, թե ինչպես պետք է դիմակայի այդ ճնշումներին․ «Այլապես նա չէր գնա այդ քայլին, որովհետև արդեն տևական ժամանակ է՝ ՌԴ-ից հնչում են սպառնալիքներ՝ թաքնված և բացահայտ, բայց Փաշինյանը շարունակում է ընթանալ այն ուղով, որով վերջին ամիսներին գնում է։ Կարծում եմ՝ կարճաժամկետ կտրվածքով, այո, որոշակի խնդիրներ կառաջանան հայ արտադրողների և ՀՀ-ի համար, բայց երկարաժամկետ կտրվածքով դա լուծելի է։ Որքան ես եմ տեղյակ՝ ԵՄ պաշտոնյաները ՀՀ-ին խոստացել են տնտեսական աջակցություն, եթե ՌԴ-ն գնա այդպիսի քայլերի։ Հավանաբար այս հանգամանքը հաշվի առնելով՝ առայժմ Փաշինյանը տեղի չի տալիս, չի ընկրկում և շարունակում է իր նախանշած ուղով գնալ։ Շատ վստահ խոսում է, որ շատ շուտով այդ բոլոր հարցերն ավարտվելու են։ Իմ կարծիքով՝ դատելով իշխանությունների պահվածքից՝ ՀՀ իշխանությունն ունի տարբերակներ, թե ինչպես է պատասխանելու կամ դիմագրավելու այդ պատժամիջոցներին»։

Մեր դիտարկմանը՝ ինչպե՞ս է դիմագրավելու, ինչպես Նիկոլ Փաշինյա՞նն է ասում, թե կհարստանանք, ԹՐԻՓՓ-ի շնորհիվ միլիոններ, տրիլիոններ կգան Հայաստան, ինչին շատերը մեղմ ասած՝ չեն հավատում, Արմեն Վարդանյանն արձագանքեց․ «Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ԹՐԻՓՓ-ի միջոցով է այդպես պատասխանելու դրան, որովհետև այն առաջիկա տարիներին դեռ մեծ օգուտներ չի տա։ Իմ կարծիքով՝ ԵՄ-ի կողմից լինելու է ֆինանսական օժանդակության ավելացում, և դրանով է Նիկոլ Փաշինյանը հանգիստ, որ կարողանալու է դիմագրավել այդ բոլոր ճնշումներին»։

Մեր փաստմանը, բայց ՌԴ-ի կողմից գնալով ճնշումներն ավելանում են․ հայ արտադրողների ապրանքները մնում են սահմանին, մինչդեռ Փաշինյանը հայտարարում է, թե Վլադիմիր Պուտինի հետ ունի ընկերական հարաբերություններ, Արմեն Վարդանյանն արձագանքեց․ «Իրականում շատ լարված հարաբերություններ կլինեն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց իրականությունն այլ է, և վերջին երեք-չորս տարիներին ակնհայտ է դա՝ մանավանդ Արցախի վերջնական կորստից ու հայաթափումից հետո։ Դեռ այն ժամանակ էլ ասել եմ, որ ՀՀ-ն փոխելու է իր արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Իրականում Փաշինյանը գնում է այդ ճանպարհով․ ովքեր տեսնում են, կտեսնեն, բայց դա անում է հնարավորինս զգույշ՝ փորձելով մեղմացնել հնարավոր ռիսկերը և ՌԴ-ի կողմից տարվող պատժամիջոցներն ու հակաքայլերը։ Ամեն դեպքում ինքը կշարունակի այդ ճանապարհով, որովհետև ունի լուրջ աջակցություն ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից։ Եթե ՀՀ-ին տրվող օժանդակության տնտեսական փաթեթն ավելի մեծացնեն, կարող է նաև տնտեսական այդ հնարավոր կորուստները նվազեցնել։ Մի բան ակնհայտ է, որ շատ լուրջ տարաձայնություններ, հակասություններ կան․ ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որ ՀՀ հաջորդ վարչապետը չլինի Նիկոլ Փաշինյանը ե՛ւ հիբրիդային պատերազմի տեսքով, ե՛ւ ներդրել են թեկնածուներ, որ նրանք կարողանան հաղթել ընտրություններում։ Այնպես որ, պաշտոնական հռետորաբանությունը մի կողմ, իրականում հայ-ռուսական հարաբերությունները շատ լարված են»։

Մեր փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ՌԴ-ին ընդդիմադիր ուժերին աջակցելու մեջ, բայց մյուս կողմից ԱՄՆ նախագահը բացահայտ աջակցություն հայտնեց հենց Նիկոլ Փաշինյանին և հարցին՝ երկուսն էլ չեք համարո՞ւմ միջամտություն ՀՀ ներքին գործերին, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Եթե մարդիկ իրենց համակրանքն են հայտնում այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ, դա միջամտություն չի կարելի դիտարկել։ Մի բան ակնհայտ է, որ Փաշինյանն ահռելի աջակցություն ունի Արևմուտքից։ Երբեք ՀՀ որևէ ղեկավար այսպիսի աջակցություն Արևմուտքից չի ունեցել։ Իսկ ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որ ունենա իր իշխանությունը, ռեսուրսներ ու ջանքեր են ներդնում։ Արևմուտքը ոգևորված է, քանի որ Փաշինյանը փոխում է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ՀՀ-ի հետ նախկինում այսպիսի մեծ հույսեր չեն կապել։ Հիմա տեսնում են իրական հնարավորություն, որ ՀՀ-ն կարող է պոկվել ՌԴ-ից և ավելի արևմտամետ քաղաքականություն վարել, ավելի մերձենալ Արևմուտքին»։

Հարցին՝ ռիսկեր չկա՞ն, որ տնտեսական առումով ՀՀ-ն լուրջ վնասներ կկրի, քանի որ ՌԴ-ի ճնշումները ՀՀ-ի նկատմամբ տնտեսական դաշտում օրեցօր ավելի ակտիվանում են, մինչդեռ չկան հստակ ծրագրեր դրանց դիմակայելու, այդ ճնշումները չեզոքացնելու համար, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Ինձ տեղեկություններ են հասել, որ ԵՄ-ն պատրաստ է 2 միլիարդ եվրո տարեկան ՀՀ-ին գումար տրամադրել Ռուսաստանի կողմից ՀՀ-ի նկատմամբ տարվող տնտեսական սահմանափակումների հետևանքները մեղմելու համար։ Դա բավականին մեծ գումար է, կարող են վնասները փոխհատուցվել։ Առաջիկայում ավելի պարզ կդառնա, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդքան հանգիստ ու ինքնավստահ։ Եթե նա չունենար որոշակի աջակցություն Արևմուտքի կողմից՝ այդ թվում ֆինանսական աջակցության տեսքով, նման քայերի չէր գնա։ Եթե գնում է այդ քայլին, ուրեմն պլան Բ ունի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930