Լրահոս
Օրվա լրահոսը

Լիպարիտ Ավետիսյանը Մետրոպոլիտեն օպերայի բեմում

Հունիս 01,2026 12:00 Share

Այս օրերին Նյու Յորքի աշխարհահռչակ Մետրոպոլիտեն օպերայի բեմում մեծ հաջողությամբ հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի օպերային թատրոնի մենակատար, տենոր Լիպարիտ Ավետիսյանը։ Մեկ ամսից ավելի է, ինչ նա  Վերդիի հանրահայտ «Տրավիատա» օպերայում կատարում է գլխավոր հերոսի՝ Ալֆրեդոյի դերը՝ Վիոլետայի դերում զուգընկեր ունենալով իտալացի օպերային աստղ  Ռոզա Ֆեոլային։ Սա Լիպարիտ Ավետիսյանի առաջին բեմելն է Մետրոպոլիտեն օպերայում։

Ինչպես մեր հեռախոսազրույցում  նշեց  ներկայացումներին ներկա գտնվող կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը՝ «Լիպարիտի ելույթները մեծ ոգևորությամբ են ընդունվում հանդիսատեսի կողմից, նրա կատարած յուրաքանչյուր արիա ընդունվում է բուռն, հոտնկայս ծափահարություններով և հիացական բացականչություններով։ Սա  երգչի  համար մեծ հաջողություն է, իսկական հաղթանակ այս շատ պատասխանատու բեմում․․․»։

Նշենք, որ մինչ մետրոպոլիտենյան ելույթները, Լիպարիտ Ավետիսյանը 2025-2026 թվականների ընթացքում   մեծ հաջողությամբ  հանդես է եկել ամերիկյան այլ բեմահարթակներում (Մանհեթենի Թագավորական օպերային թատրոն, Փալմա Բիչի  օպերային թատրոն), եվրոպական  նշանավոր օպերային թատրոններում, այդ թվում՝  Լոնդոնի Քովենթ Գարդենում (Ալֆրդո), Ցյուրիխի  օպերային թատրոնում (Ռիգոլետտո), ինչպես նաև Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում՝ (Ալֆրեդո), ի դեպ, այստեղ Վիոլետայի դերը կատարում էր մեր մյուս տաղանդավոր հայրենակիցը՝ սոպրանո Հրաչուհի Բասենցը․․․

Ծանոթանալով լայնածավալ համերգների արձագանքներին, առանց վարանելու կարելի  է նշել, որ Լիպարիտ Ավետիսյանն այսօր համաշխարհային ճանաչում ունեցող ամենահայտնի օպերային երգիչներից մեկն է, որի ելույթները մեծ իրադարձություն են համարվում ցանկացած երկրի օպերային բեմում։

Արդեն իսկ հաջորդ տարի երգիչը հրավիրված է Չիկագոյի օպերային թատրոն՝ հանդես գալու մի քանի ներկայացումներում։ Ուրախ ենք ու հպարտ և նոր հաջողություններ ենք մաղթում մեր սիրելի հայրենակցին․․․

Սեյրանուհի Գեղամյան

«Առավոտ» օրաթերթ
30.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930