Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

«Դա սովորական պատերազմ չէր, այդ կարգի ուժային անհավասարության պայմաններում ոչ թե մենք ենք կռվել, այլ մեր փոխարեն գերբնական ուժ է կռվել»

Հունիս 01,2026 13:30 Share

Արցախից բռնի տեղահանված Սասուն Հայրապետյանը բնակություն է հաստատել Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում։ Արցախի Պաշտպանության բանակի նախկին զինծառայող, պատմաբան Սասունը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է, այժմ ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում։ Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրի շրջանակներում Սասուն Հայրապետյանի 7 անձից բաղկացած բազմանդամ ընտանիքը բնակարան է ձեռք բերել Բերդավանում։ Որպես սահմանամերձ գոտի՝ այս ընտանիքին 35 մլն դրամ է  հատկացվել բնակապահովման ծրագրի շրջանակներում։ Սասունն ասում է՝ լավ տուն են գնել այս գումարով Բերդավանում, կապրեն այստեղ, մինչեւ Արցախ վերադառնալու հարցը հնարավոր լինին լուծել։ Արտագաղթելու մասին չեն մտածում․ «Ես ոչ մի ժամանակ չեմ մտածել դրսում ապրելու մասին, այսօր էլ դրսից առաջարկներ ունեմ, բայց չեմ գնալու»։

«Առավոտ»-ի հարցին, թե ի՞նչ դժվարությունների են հանդիպում արցախցիները բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, Սասուն Հայրապետյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար շատ փաստաթղթեր են պահանջում։ «Թղթաբանությունը բարդ է, փաստաթղթեր կան, չարչարվել ենք, որ կարողացել ենք սարքել։ Գործընթացը շատ բարդ է, փաստաթղթեր կան, որոնք ահագին մարդիկ չունեն, հիմնականում խոսքը զագսի թղթերի մասին է, շատերը Ռուսաստանում են զագսավորվել կամ Սումգայիթում, Բաքվում, հետո այնտեղից փախել են, այդ մարդիկ երեք անգամ տեղահանվել են ու ամեն տեղ մի փաստաթուղթ են կորցրել։ Հետո նախկինում դրա կարիքը չի եղել, բայց այսօր այդ փաստաթղթերը պահանջում են։ Ամենաճիշտ տարբերակն այն կլինի, որ ահագին փաստաթղթեր կան, դրանք չպահանջեն։ Օրինակ՝ 70 տարեկան մարդուց ուզում են հոր, մոր ծննդականը կամ անձնագիրը։ Երբ ջահելներից են ուզում, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց 70-ն անց մարդուց հոր ու մոր ծննդական ուզելը մի քիչ աբսուրդ է»,- ասաց նա։

Այն, որ արցախցիներին ստիպում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, Սասուն Հայրապետյանի խոսքով, անհասկանալի է։ «Մենք մինչեւ այս էլ եղել ենք Հայաստանի քաղաքացի, հիմա էլ ենք քաղաքացի՝ եւ հոգով ու սրտով, եւ փաստաթղթերով մենք բոլորս էլ եղել ենք Հայաստանի քաղաքացի։ Թե ինչ են պահանջում այս պահին, պետք է, անում ենք, անիմաստ է քննարկել կամ կարծիք հայտնելը»,- հավելեց նա։

Սասունն ասում է, որ արցախցիներն Արցախի կորստի հետ չեն համակերպվում, ժամանակավոր են համակերպվել։  Հարցին, թե ո՞նց է պատկերացնում իրենց կյանքը հետագայում՝ Հայաստանում, թե՞ Արցախում, պատասխանում է՝ Արցախն էլ է Հայաստան։ «Անձամբ ես ուզում եմ ունենալ այն, ինչ ունեցել եմ մինչեւ այս վերջին իրադարձությունները։ Ձին, որ կապած ես պահում, հետո կապն արձակվում է, ինքը միշտ գնում է այնտեղ, որտեղ ծնվել է։ 2020 թվականից հետո պատկերացնում էի, որ Արցախը կարող էինք կորցնել։ Եթե մի քիչ կարողանում ես հեռուն նայել, հետեւանքներն արդեն պարզ են լինում։ Շատերի համար էր հետեւանքները պարզ, ուղղակի մենք մինչեւ վերջին  վայրկյանն էլ հույս ունեինք, որ այս սցենարը չէր լինելու։ Եվ ինչքան էլ գիտակցեինք, մինչեւ վերջին վայրկյանն էլ մնացել ենք Արցախում»,- ասաց նա։

Սասունը մասնակցել է արցախյան պատերազմներին, եւ Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե «արցախցիները չեն կռվել մինչեւ վերջ», հետեւյալ պատասխանն է տալիս․ «Ես բոլոր պատերազմական գործողություններին մասնակցել եմ, բայց ես չեմ համարում, որ արել եմ այն, ինչի հնարավորությունն ունեցել եմ, կարող է եւ մի տեղ թերացել եմ։ Եվ այդպես բոլորը պետք է մտածեն, շատ հեշտ է մարդ գտնել ու մեղադրել նրան։ Եթե դու քո հաջողությունները կարողանում ես քեզ վերագրել, ուրեմն անհաջողություններն էլ պետք է կարողանաս քեզ վերագրել։ Դա սովորական պատերազմ չէր, այդ կարգի ուժային անհավասարության պայմաններում ոչ թե մենք ենք կռվել, այլ մեր փոխարեն գերբնական ուժ է կռվել։ Նախ մենք չունեինք այն դիրքերը, որոնք մինչեւ 2020 թվականն ունեինք։ Երկրորդ, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը խառն էր, այնքան շոկային վիճակում էին, որ չէին գիտակցում՝ ինչ է կատարվում։ Անգամ կռվողներն էլ արդեն չէին մտածում՝ երկու րոպե հետո ինչ է լինելու, որովհետեւ այդ 2 րոպեն չկար։ Մեր համար դա վերջին օրն էր»:

Արցախում ադրբեջանցիների հետ մնալը բացառում է․ «Ադրբեջանցիների հետ ո՞նց մնաս ապրես։ Հինգ երեխա ունեմ, որից 4-ը տղա են, իմ 4 տղան վաղը գնալու են բանակ, իսկ Ադրբեջանի կազմում որտե՞ղ են գնալու բանակ։ Եթե մենք մնայինք այնտեղ, մեր երեխաներն իրենց համար դառնալու էին պոտենցիալ զենք։ Այսինքն՝ իմ երեխան պետք է կռվեր ադրբեջանական բանակում ու սպաներ իր քույրերին ու եղբայրների՞ն»։

Սասուն Հայրապետյանի խոսքով՝ չնայած պարտությանը, միշտ էլ վերականգնվելու հնարավորություն կա։ «Հիմա մեր ոտքերը ու թեւերը ջարդել են, բայց ցանկացած վերք էլ վերականգնվելու հատկություն ունի, մնում է մեր վերքերը  բուժենք, մեր բարոյահոգեբանական վիճակը բերենք տեղը, աշխատենք մեր թերությունների վրա, ամեն մեկս հասկանանք մեր թերությունը, վաղը-մյուս օրը ոչ թե Արցախը, այլ Արեւմտյան Հայաստանն էլ ենք կարողանալու հետ բերել։ Դա քանակից չէ կախված, որակից է կախված, կախված է  նրանից, թե նեղության պահին մարդը ոնց է վերականգնվում՝ թողնում փախնում է, թե՞ աշխատում»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930